Բաժիններ՝

Ինչպես ՀՆԱ-ն, այնպես էլ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ու դրա աճը բնակչության բարեկեցության վրա համարժեք ազդեցություն չունի. տնտեսագետ

Հայաստանի խորհրդարանը հաստատել է 2024 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը. «Բյուջե 2024»-ի  համաձայն՝ 2024 թվականին ՀՆԱ-ի 7 տոկոս աճի ապահովման պայմաններում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմանը՝ հույս էր հայտնել, որ ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։

Նախարարը չէր մոռացել այս կանխատեսումն էլ ներկայացնել աննախադեպության տեսակետից և արձանագրել էր՝ երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։

168.amը տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանից հետաքրքրվեց՝ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն իդեալական վիճակո՞ւմ է, թե՞ հաշվի առնելով այդ աճերի վրա արտածին գործոնների ազդեցությունը, այն նույնիսկ ռիսկային պետք է համարել: Ի պատասխան՝ տնտեսագետը նկատեց, որ վիճակագրորեն ցուցանիշի աճը բնական է՝ հաշվի առնելով վերջին շրջանի տնտեսական իրողությունները:

Կարդացեք նաև

«2022թ. մենք ամփոփեցինք երկնիշ տնտեսական աճով, ՀՆԱ-ի բավականին առաջանցիկ տեմպով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա ոչ թե մեր տնտեսության կարողությունների, հզորությունների, արտադրողականության արդյունք է, կամ ռազմավարական ուղղության ոլորտներում գրանցված աճերի արդյունքը, այլ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք. ՀՀ տեղափոխվեցին մեծ թվով ռելոկանտներ, դեպի ՀՀ ապահովվեց դրամական մեծ հոսքեր, առևտրի, ծառայությունների ոլորտում կրկնակի, եռակի անգամներով աճեր արձանագրվեցին, նաև շինարարության ոլորտում բումային իրավիճակ էր (այն, ի դեպ, և՛ նույն արտաքին գործոնների, և՛ ներքին գործոնների արդյունք էր. եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը խտացրեց պահանջարկը): Սա գեներացրեց տնտեսական աճ»,- պարզաբանեց Լիլյա Ամիրխանյանը:

Այս իրավիճակի ռիսկայնությանն անդրադառնալով՝ տնտեսագետն արձանագրեց 2022 թվականից սկսած՝ մեզ համար ոչ կառավարելի, ոչ ներտնտեսական գործոնների ազդեցությունը՝ նկատելով, որ այդ գործոնների թուլացման, կամ դրանց ազդեցությունների պարագայում՝ մեր տնտեսությունն ու տնտեսական աճը, գոնե այս պահի դրությամբ առկա զուգահեռ միտումների համատեքստում, մնալու է առոչինչ:

«Զուգահեռ միտումների համատեքստ ասելով՝ նկատի ունենք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունները՝ գյուղատնտեսություն, որը զրոյական վիճակում է, արդյունաբերություն, որը վերջին շրջանում անկումային է: Այսինքն՝ այն ուղղությունները, որոնք տնտեսության արտադրողականության հետ կապ ունեն,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով ՀՆԱ ցուցանիշներին՝ հավելեց,- Նույնը վերաբերում է նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ին. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՆԱ-ի և բնակչության թվի հարաբերակցությունն է, հետևաբար, ինչպիսին որ որակապես ՀՆԱ-ն է, այնպիսին էլ պետք է լինի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն:

Վիճակագրորեն այդ ցուցանիշն ավելացել է, և դա լավ է: Այսինքն, որպես պետություն՝ մեզ համար դրական է ՝ հաշվի առնելով, որ այդ ցուցանիշը միջազգային գործընկերների կողմից նկատի առնվող ցուցանիշ է՝ իրենց վարկանիշների կառուցման, գնահատականների համար, և այլն: Բայց ինչպես մեր ՀՆԱ-ն գոնե առ այսօր բնակչության բարեկեցության մակարդակի վրա առնվազն համարժեք ազդեցություն չունի՝ համարժեք իր աճերին, նույն կերպ էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ու դրա աճը, փաստորեն, բնակչության բարեկեցության վրա համարժեք ազդեցություն չունի»:

Որպես ասվածի ապացույց՝ տնտեսագետը հիշեցրեց աղքատության ցուցանիշները՝ ընդգծելով, որ  2022 թվականին, թեև վիճակագրորեն աղքատության միջին գիծը նվազել է, սակայն, այդ ցուցանիշի բացվածքից պարզ է դառնում, որ բազմաչափ աղքատությունն է ավելացել:

Տեսանյութեր

Լրահոս