Թվեր են «նկարում», հետո ընթացքում վերանայում  

Հունիսից սկսած Հայաստանի տնտեսության աճի տեմպը միայն ընկնում է։ Նախկին բարձր աճերը, որոնք կային մինչ այդ, այլևս դադարել են։

Տարեսկզբի համեմատ տնտեսության աճի տեմպը վերջին ամիսներին առնվազն կիսով չափ կրճատվել է։ Ու որպեսզի աճի տեմպի անկումն ավելի տեսանելի չլինի, որոշել են խորամանկության դիմել. ի սկզբանե բարձր ցուցանիշներ են «նկարում», հետո ընթացքում վերանայում են։

Այդպես եղավ, մասնավորապես, սեպտեմբերին. պաշտոնական վիճակագրությունը նախ ներկայացրեց, որ այդ ամսին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,6 տոկոս։ Բացի այն, որ դա այս տարի արձանագրված վատագույն ցուցանիշն էր, և նախկինում որևէ ամիս աճի նման ցածր մակարդակ չէր արձանագրվել, պարզվում է, այն էլ ամբողջությամբ չի արտահայտում իրականությունը։

Տնտեսական ակտիվության աճը սեպտեմբերին ավելի ցածր է եղել։ Իրական ցուցանիշը թաքցրել են։

Կարդացեք նաև

Եղել է ոչ թե 5,6 տոկոս, ինչպես ի սկզբանե ներկայացվել էր, այլ 5,3 տոկոս։

Արդեն հաջորդ ամսվա տվյալները ներկայացնելիս՝ պաշտոնական վիճակագրությունը վերանայեց նախորդ ամսվա տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը։ Վերանայեց և նվազեցրեց 0,3 տոկոսային կետով։

Բայց միայն տնտեսական ակտիվության աճը չէ, որ վերանայել են։

Վերանայել են նաև արտաքին առևտրի ցուցանիշները, այն էլ՝ շատ ավելի կտրուկ։

Ի սկզբանե ներկայացրել էին, որ սեպտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 15,9 տոկոսով։ Թեև այն նախկին կրկնակի-եռակի աճերին չէր հասնում, այնուհանդերձ բավական բարձր էր մնում։ Բայց դա էլ սխալմունք էր։ Վերանայումից հետո արտաքին առևտրի 15,9 տոկոս աճից մնացել է ընդամենը 4 տոկոսը։

Սեպտեմբերին արտաքին առևտրի ոչ թե 15,9, այլ ընդամենը 4 տոկոս աճ է գրանցվել։

Առավել կտրուկ է եղել հատկապես արտահանման ցուցանիշի վերանայումը։

Արտահանումը, որն այդ ամսին իբր աճել էր 31,5 տոկոսով, պարզվում է, իրականում աճել է ընդամենը 1,4 տոկոսով։

Վերանայումից հետո, ոչ ավել, ոչ պակաս՝ 30,1 տոկոսային կետով աճը կորել է։

Ինչպե՞ս է ստացվել, որ նման մեծ «վիճակագրական շեղում» են թույլ տվել։ Մեկ տոկոս չէ, երկու տոկոս չէ, 30,1 տոկոսային կետով սեպտեմբերին արտահանման արհեստական աճ են ցույց տվել։ Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել։

Այսպիսի անմեղ թվացող «վիճակագրական շեղումները» վերացնելուց հետո, սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,3 տոկոս։ Հոկտեմբերին այն մի փոքր արագացել է, եղել է 6 տոկոս։ Բայց դեռ հարց է՝ այդքան կմնա՞, թե՞ հետո էլի կենթարկվի վիճակագրական միջամտության, ինչպես եղավ սեպտեմբերի ցուցանիշների հետ։

Հոկտեմբերի 6 տոկոս ակտիվության աճին նպաստել են հիմնականում առևտուրն ու շինարարությունը։

Փոխարենը՝ էապես ընկել է ծառայությունների աճը. կազմել է ընդամենը 2,1 տոկոս։

Բայց առաջին ամիսը չէ, որ ծառայությունների ոլորտում այլևս նախկին բարձր աճերը չկան։

Սեպտեմբերին ծառայություններն աճել էին՝ 4,6, հուլիսին՝ 5,8, հունիսին՝ 4 տոկոսով։ Օգոստոսին որոշ ակտիվություն նկատվեց, սակայն հետո էլի աճի տեմպն ընկավ։ Արդեն հոկտեմբերին այն եղել է վատագույնը այս տարվա ընթացքում։

Ծառայությունների ոլորտում վերջին ամիսներին արձանագրվող այս միտումներից հետո, ճյուղի աճի տեմպը տարեսկզբի համեմատ էապես կրճատվել է և 10 ամիսների կտրվածքով կազմել 12,1 տոկոս։

Հավանաբար պետք է ուրախանալ, որ նախորդ մի քանի ամիսների նման, հոկտեմբերին արդյունաբերության մեջ անկում չի եղել։ Թեև աճ էլ, որպես այդպիսին, կարելի է ասել, չկա։

Արդյունաբերության անկումը տարվա կտրվածքով պահպանվում է։ Տասն ամսում տնտեսության ամենաառանցքային հատվածում արտադրության ծավալները 0,5 տոկոսային կետով կրճատվել են։

Կրճատումն առավել մեծ է էներգետիկայում։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա 10 ամսում նվազել են 3,5 տոկոսով։

Երբ արդյունաբերությունն անկումային է, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ այսպիսին պիտի լինի։

Սա է բնորոշում մեր տնտեսության իրական վիճակը։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ 10 ամսում տնտեսական ակտիվության աճը դեռևս 9 տոկոսի սահմաններում է։

Այդպիսի աճերը ոչնչով չեն խոսում մեր տնտեսության բուռն զարգացումների մասին, ինչպիսին իշխանությունները փորձում են ներկայացնել։ Դրանք հայտնի գործոններով ի հայտ եկած աճեր են, որոնք, ինչպես տեսնում ենք վերջին ամիսների ցուցանիշներում, գնալով մարում են։

Տասն ամիսների արդյունքում տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 9,2 տոկոս։ Ինն ամիսներին 9,7 տոկոս էր. կրճատվել է ևս 0,5 տոկոսային կետով։

Կրճատումն ակնհայտ է հատկապես վերջին հինգ ամիսների արդյունքներով։ Հունիսից հետո տնտեսական ակտիվության աճի տեմպն անընդմեջ նվազում է։ Հինգ ամսվա ընթացքում 12,5 տոկոսից իջել է 9,2 տոկոսի։

Նվազել է 3,3 տոկոսային կետով։

Կասկած չկա, որ այս միտումը կպահպանվի նաև տարեվերջի երկու ամիսներին։ Իսկ թե դրա հետևանքով դեռ ինչքա՞ն կիջնի տնտեսական ակտիվությունը, կտեսնենք հետագայում։ Որքան թուլանում է արտաքին գործոնների ազդեցությունը, այնքան աճի տեմպն ընկնում է։

Արագորեն դանդաղում է հատկապես արտաքին առևտրի աճը։ Եթե տարեսկզբին արտահանումն ու ներմուծումը նույնիսկ անգամներով էին գերազանցում նախորդ տարվա մակարդակը, ապա վերջին ամիսներին այլևս նման բարձր աճեր չկան։

Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջանում են Վերին Լարսում բեռնափոխադրումների հետ կապված, պետք է սպասել վատագույնին։ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների լարվածությունն աստիճանաբար նկատելի է դառնում նաև տնտեսական դաշտում, մասնավորապես՝ արտաքին առևտրում։ Մինչդեռ, հայտնի է, թե ինչո՞վ էին պայմանավորված արտաքին առևտրի այն բարձր աճերը, որոնք արձանագրվեցին նախորդ և այս տարի. վերարտահանումները Ռուսաստան դարձան այդ աճի հիմնական խթանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս