Հենց այս իշխանություններն են սպառնալիք մեր ազգային անվտանգությանը, և ոչ Արցախի պետական ինստիտուտները. ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր
ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանից սկսած՝ մինչև նախագահ Վահագն Խաչատուրյան, դեմ են, որպեսզի Հայաստանում պահպանվեն Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները։ Նրանք ամեն առիթով հայտարարում են, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր իր հարցազրույցներից մեկում ասել: Իսկ այս տեսակետն էլ հիմնավորել էր՝ եթե պահպանեն Արցախի պետական ինստիտուտները, ապա ազնիվ չեն լինի Ադրբեջանի հետ։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանն ասաց, որ իր համար անհասկանալի են իշխանությունների մեկնաբանությունները ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտները պահպանելու վերաբերյալ, քանի որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը հենց օրվա իշխանությունն է։
«Այս իշխանությունը, որը Արցախի պետական ինստիտուտները դիտարկում է սպառնալիք Հայաստանի դեմ, հենց իրենք են սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Սա ապացուցվել է նաև իրենց գործողություններով, ստեղծված իրավիճակն էլ դրա վառ ապացույցն է։
Միանշանակ ես կողմ եմ, որ ՀՀ-ում շարունակեն գործել Արցախի պետական ինստիտուտները։ Սա է ճիշտ ճանապարհը, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ չփակվի ու հնարավոր լինի իրավական, միջազգային նորմերին հետամուտ լինելու ճանապարհով փորձել հետապնդել արցախյան խնդիրը։ Դա կարող է անել արդեն վտարանդի կառավարությունը»,- նշեց Մեխակ Մխիթարյանը։
Նրա բնորոշմամբ, այն պարագայում, երբ ներսից ՀՀ-ի անվտանգության դեմ սպառնալիք է օրվա իշխանությունը, իսկ դրսից՝ թշնամին, իրատեսական չէ ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ դա լինելու է Հայաստանի համար երկրորդ կապիտուլյացիան։
«Այդ ամենն իշխանությունների հերթական շոուն է՝ կեղծ անվանումներով։ Մեկ ասում են՝ խաղաղության դարաշարջան, խաղաղության պայմանագիր, մեկ՝ խաղաղության խաչմերուկ, չգիտեմ ինչ զիբիլի խաչմերուկ։ Այդ իշխանությունն ամեն ինչ մտածել է՝ իր իշխանության կյանքը երկարաձգելու, պահելու համար։ Նիկոլ Փաշինյանն ի դեմս իրեն՝ փորձում է կերտել կերպար՝ խաղաղության ջատագովի, ժողովրդավարության լիդերի։ Այդ խաղաղության խաչմերուկ-մաչմերուկը որևէ բանով չեն նպաստելու մեր երկրի խաղաղությանը, հետևաբար՝ խիստ կասկածում եմ, որ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Եթե այդ պայմանագիրը ստորագրեն, կնշանակի ստորագրվում է մեր երկրի, պետականության, արժանապատվության երկրորդ կապիտուլյացիան»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։