Թավշյա ռեցեդիվիստը

«Ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում՝ տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով՝ տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ։ Անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի»,- անցած շաբաթ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ցանկությանն ու հավանականությանը՝ հայտարարել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Խաղաղության պայմանագրի» ուղղությամբ վարվող քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի այս գնահատականը խորքային կերպով բացահայտում է Նիկոլ Փաշինյանի արատավոր ու չափազանց վտանգավոր վարքագիծը, որն ունի ոչ միայն քաղաքական, այլև ընդհուպ հոգեբանական սկզբնապատճառներ։

«Կրկնակապիտուլյանտ» բնորոշման հիմքում ընկած է կրկնահանցագործ գաղափարի իմաստը՝ այն ակնհայտ նույնականացմամբ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան Փաշինյանի կողմից գործված մեծագույն հանցագործություն էր, և դա վերաբերում է ոչ միայն և ոչ այնքան՝ այդ փաստաթղթի բուն ստորագրմանը, որքան դրան նախորդած շրջանում նրա վարած և այդ փաստաթղթին հանգեցրած խայտառակ քաղաքականությանը։

Կարդացեք նաև

2020 թվականի նոյեմբերի 9-ին կատարվել է հանցագործություն, կամ այդ օրն արձանագրվել է մեծագույն հանցագործությունների շղթայի ավարտական ակտը։ Դրան հաջորդած ավելի քան երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակում է պահպանել իշխանությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ թե սովորական, շարքային, այլ համապետական, համազգային նշանակություն ունեցող հանցագործության մասին է։ Իսկ նման բնույթի հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը, որպես կանոն, գտնվում են ոչ այնքան ֆորմալ, նեղ իրավական տիրույթում, որքան, առաջին հերթին, քաղաքական հարթությունում։

Իրավական մակարդակում Փաշինյանի պատասխանատվության հարցը քննարկելն անգամ անիմաստ է, քանի որ նա ամբողջությամբ վերահսկում է ողջ դատախազական, քննչական, դատական և մնացած համակարգերը։ Հետևաբար՝ պատասխանատվության ինստիտուտը կարող էր գործել միայն քաղաքական հարթությունում, եթե հասարակությունը՝ որպես իշխանության կրող ու սուբյեկտ, կարողանար գտնել իր ու պետության դեմ կատարված ծանրագույն հանցագործության հեղինակներին ու իրականացնողներին պատժելու մեխանիզմները։

Բայց հասարակությունը դա չկարողացավ կամ չցանկացավ կարողանալ, իսկ դրա խոստմամբ հրապարակ եկած նոմինալ ընդդիմադիր հարթակները տապալեցին այդ առաքելությունը։ Դրա պատճառները բազմաթիվ են ու բազմաշերտ և քննարկման այլ նյութ են։

Փաստն այն է, որ կատարված հանցագործության համար պատասխանատվության ինստիտուտը չի գործել, ինչը դրա հեղինակին տվել է վստահություն՝ նոր հանցագործություն կատարելու համար։ Հայտնի է՝ չպատժվող հանցանքը կրկնվելու հատկություն ունի, հատկապես, եթե դա վերաբերում է բացարձակ իշխանություն ունեցող մեկին։ Այս երևույթն ունի ոչ միայն քաղաքական և իրավական, այլ նաև հոգեբանական ասպեկտներ։ Բացի այն, որ հանցագործության համար չպատժվելն այն կատարողին օժտում է կրկնահանցագործության դիմելու վստահությամբ, կա մեկ այլ հանգամանք ևս։ Սխալի և սխալվելու մեխանիզմն անհատական և քաղաքական հարթություններում գործում է այնպես, որ նախկինում կատարված սխալն արդարացնելու կամ հիմնավորելու համար դրա հեղինակը պատրաստ է դիմել նոր, հաճախ՝ ավելի ողբերգական սխալի։

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ, օրինակ, պատերազմում կորսված մեկ բարձունքը վերանվաճելու համար փառասեր զորահրամանատարները հազարավոր զոհեր ու նոր՝ ավելի նշանակալի կորուստներ են արձանագրել՝ նախորդ սխալի մեղքը քավելու կամ այն արդարացնելու համար։ Մոտավորապես նույնպիսի մեխանիզմ  կարող է գործել նաև Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Նա մի կողմից՝ ունենալով հայ ժողովրդի կյանքում մեծագույն ողբերգությանն առնվազն մասնակից լինելու ու անպատիժ մնալու վստահությունը, մյուս կողմից՝ գուցե գիտակցելով դրա անդառնալի հետևանքները, պատրաստ է դիմել նոր՝ ավելի մեծ արկածախնդրության, նախորդ հանցանքն արդարացնելու համար։ Ի թիվս այլ գործոնների, սա է կրկնակապիտուլյացիայի դիմելու նրա աննահանջ մղման բացատրությունը, որը, ըստ ամենայնի, ընկած է տեղի ունեցողի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականի հիմքում։

Անկասելի թվացող մոտալուտ այս արհավիրքի ընթացքը կարող է կանգնեցնել միայն հասարակությունը, որն ինքը՝ հանդուրժելով երեք տարի առաջ կատարված հանցագործությունը, չիրացնելով այն կատարողին պատասխանատվության ենթարկելու իր իրավունքն ու պարտականությունը, ակամա դարձել է հանցակից։ Ներկայիս լռությամբ ու անտարբերությամբ հասարակությունը՝ թերևս չգիտակցելով, դառնալու է նաև կրկնակապիտուլյացիայի պասիվ դերակատարն ու հանդուրժողը՝ ավանդույթի համաձայն՝ գերադասելով պոստֆակտում ողբն ու անեծքը սեփական ճակատագրին՝ ողբերգությունը նախապես կանխելու գործնական քայլերի փոխարեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս