Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գործընթացում Փաշինյանի «երաշխավորները»
Մի քանի օր է, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակված լուսանկարներից պարզվեց, որ դրան մասնակցում են Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետները՝ Դավիթ Գևորգյանը և Նազելի Բաղդասարյանը, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականներն են: Իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը ենթադրում է անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանի ստուգում, կրակային պատրաստության աստիճանի ստուգում, թեստային առաջադրանքների միջոցով մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների վերաբերյալ ստուգարք, և այլն:
Հունիսի 7-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրել էր, թե ի՞նչ կարգավիճակով են Դավիթ Գևորգյանը և Նազելի Բաղդասարյանը մասնակցում այդ գործընթացին: Փոխնախարարը պատասխանել էր, թե նրանք վարչապետի օգնականի պաշտոնն են զբաղեցնում, և տվյալ հանձնաժողովում, նրանցից բացի, ընդգրկված են նաև ԱԱԾ պաշտոնյաներ:
«Նպատակն ընդհանուր թափանցիկությունն է, նաև առկա խնդիրներն ու թերությունները վեր հանելն է՝ ելնելով հսկողական տրամաբանությունից, որպեսզի գործընթացն անցնի գերօբյեկտիվ մթնոլորտում»,- հավելել էր Սարգսյանը՝ նշելով, որ պատգամավորներն էլ գործընթացին մասնակցելու հնարավորություն կարող են ունենալ:
Իր հերթին՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորել էր պատգամավորներին ավելի ակտիվ լինել այս հարցում և ատեստավորման հաջորդ փուլերը դիտարկել:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 9-ի Կառավարության նիստում հավանության արժանացավ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին նախագիծը:
Պրոֆեսիոնալ բանակի մասին տարիներ շարունակ խոսող Փաշինյանը և նրա թիմն ի սկզբանե որոշել են, որ ատեստավորման գործընթացի վերահսկողությունն ապահովելու համար պետք է ներգրավել ոչ միայն զինված ուժերի ներկայացուցիչներին:
«Իհարկե, չենք կարող բանակի դեպքում ասել, որ դա տեղի կունենա թափանցիկ, բայց ատեստավորման գործընթացում նաև կներգրավվեն այլ գերատեսչությունների, գուցե՝ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեր խորհրդարանական գործընկերները, որ վստահ լինենք, որ այն որակական չափանիշները, որոնք մենք սահմանել ենք, պահպանվում են»,- փետրվար 9-ին կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը:
Ոչ զինվորականների ընդգրկումը Զինված ուժերին առնչվող գործընթացին նույնպես պետք է որոշակի չափանիշների կիրառմամբ լինի: Այսինքն՝ չեն կարող պատահական մարդիկ զինծառայողների կամ սպաների պատրաստվածության մակարդակ որոշել, կամ, թե որքանով է նրանց տրված պրոֆեսիոնալ գնահատականն օբյեկտիվ:
ՀՀ պաշտպանության նախարարն ասում է, որ պատգամավորները ևս կարող են մասնակցել զինծառայողների ատեստավորման գործընթացին, պատկերացնո՞ւմ եք իշխանական կամ թեկուզ ոչ իշխանական պատգամավոր, որը նաև տարրական պատկերացումներ չունի ռազմական գործի վերաբերյալ, պետք է որոշի, օրինակ, զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, կամ մասնագիտական գիտելիքների տիրապետման մակարդակը: Այս տեմպով եթե շարունակվի, վաղը, օրինակ, Աննա Հակոբյանին կարող են որոշիչ դերակատարում վերապահել զինվորական ատեստավորման գործընթացում՝ հիմնավորմամբ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ջոկատ է ղեկավարել, զենք բռնել գիտի, մարտական պատրաստություն է անցել, կամ էլ հրամանատարական կետում փորձառու գեներալներին բարոյական կամ բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերել: Նման պատվի կարող են նաև Աշոտ Փաշինյանին արժանացնել՝ ծառայել է, 44-օրյա պատերազմին մասնակցել, «չի նահանջել», նահանջողներին սաստել է, և այլն: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր:
2019-ին Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում հայտարարել էր.
«Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ չեմ զլանա կրկնել՝ մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ՝ ամենաինտելեկտուալը: Թույլ տվեք ասել, որ մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ՝ որպես ամենօրյա գործիք, որ օգտագործում ենք կենցաղում, նրանք ի սկզբանե ստեղծվել են՝ որպես ռազմական գործիք, անվտանգության անբաժանելի մաս: Եվ ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը»:
Թե որքանով է Փաշինյանը նպաստել ՀՀ զինված ուժերի մարտունակության զարգացմանը և ինտելեկտի բարձրացմանը, ավելորդ է խոսել արդեն: Մի բան հստակ է՝ պատահական մարդկանց մասնակցությունն ատեստավորման գործընթացին հակառակի մասին է վկայում, բայց նախ՝ վարկաբեկում է բանակը և սպային, և ոչ դրական ազդեցություն ունենում ատեստավորման մասնակից զինծառայողի բարոյահոգեբանական վիճակի վրա: Բանակին չի կարելի այսքան անլուրջ վերաբերվել, այն, ինչ տեսնում ենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Մյուս կողմից՝ վաղուց արդեն ոչ մի բան զարմանալի չէ. եթե փորձառու զինվորականներին ու գեներալներին քննիչ հանձնաժողովներում հարցաքննում են պատահական անձինք, եթե ՀՀ գերագույն հրամանատարը բանակում չի ծառայել և տարրական պատկերացումներ և գիտելիք չունի ռազմական գործի վերաբերյալ, երբ գեներալը պատվի է առնում, իսկ երկրի ղեկավարը շորերն է «դզում», մեղմ ասած, այլևս ոչինչ զարմանալի չէ:
Ի դեպ, դեռ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է, որ մասնավորապես պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն՝ պետք է սահմանել նորը: Ինչպես այդ ժամանակ տեղեկացվել էր՝ ատեստավորման նոր կարգի համաձայն՝ պիտի ներդրվեր մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, սահմանվեին մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարեցման պայմանները:
Այդ ժամանակ 168.am-ը փաստաբանական թիմի միջոցով խնդրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իր, այսպես ասած, մասնագիտական կարծիքը հայտնել կոնկրետ պայմանագրայինների համար նախատեսված ատեստավորման նոր կարգի վերաբերյալ, ինչը չէր մերժվել:
Դավիթ Տոնոյանը նախ նշել էր.
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ խրախուսման մեթոդի սկզբունքը: ԶՈՒ-ում գործում են պաշտոնահաստիքային գիտելիքների և հմտությունների հստակ չափանիշներ, և անձի մարտավարական պատրաստության չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է վերաբերող սանդղակով: Ցավոք, դեռ ցածր: Ծառայողին խրախուսում են և՛ վարձատրությամբ, և՛ պաշտոնեական առաջխաղացմամբ, և՛ պարգևատրմամբ՝ վերոհիշյալ չափանիշները գերազանցելու պարագայում»:
Այնուհետև պաշտպանության նախկին նախարարն առաջարկել էր ֆինանսական միջոցների առկայության պարագայում բարձրացնել չափանիշներին համապատասխանելիության վարձատրության չափը և ծառայողի չատեստավորվելու, այսինքն՝ չորակավորվելու դեպքում նվազեցնել վարձատրությունը, այլ ոչ թե հակառակը՝ խրախուսել ծառայողին «մինիմալ պահանջարկը» գերազանցելու համար:
Այնուհետև անդրադարձել էր կառավարության նշված որոշման ռիսկերին.
«Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին: Այս համատեքստում ցանկանում եմ հավելել նաև, որ մարտական պատրաստության ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի ստուգվում է զինծառայողի պատրաստության աստիճանը՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապատասխանությունը չափանիշներին։ Այսպես ասած, հավելյալ ատեստավորման նախաձեռնմամբ, որն իրականացվելու է հավելավճարների միջոցով, խարխլելու է մարտական պատրաստության ամբողջ տրամաբանությունը։
Ըստ այդմ՝ արդյո՞ք փոփոխվում են մարտական կանոնադրությունները և դրանցից բխող պատրաստության չափորոշիչները։
Բացի այդ, իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը»:
Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն էլ 2022-ին այս առնչությամբ ասել էր՝ «նման գործառույթը մեզ թողնելու է առանց սպա»:
Ատեստավորման ամբողջական գործընթացի «բովանդակության» ռիսկերին առանձին և մասնագիտական դիտարկումներով դեռ կանդրադառնանք, իսկ այն, որ բանակի, սպայի հեղինակության վարկաբեկումը շարունակվում է՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անվան տակ, դա ակնհայտ է: Բայց բանակում դեռ կան բարեխիղճ, փորձառու և գրագետ սպաներ, նրանց կողքին էլ ունենք նաև զինված ուժերի զարգացման արդի մարտահրավերներին, նրբություններին, պահանջներին չտիրապետող՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականներ: Բայց պաշտպանական գերատեսչության ղեկավարության համար դա չէ կարևորը, կարևորն այն է, որ կարողանան վստահ և խիստ հայացքով խոսել պրոֆեսիոնալ բանակ ունենալու, նոր որակի ռազմական կրթություն ապահովելու և սպայի նոր կերպար ստեղծելու մասին: