Պստիկ է, բայց ճստիկ է. Ջոն Հայրապետյանի սրընթաց մետամորֆոզը

2018թ. իշխանափոխությունից հետո դատավոր դարձած երիտասարդների շրջանում առանձնակի հեղինակություն է վայելում Երևանի քրեական դատարանի կենտրոն նստավայրի դատավոր Ջոն Հայրապետյանը: Վերջինս իրավաբանական գիտությունների թեկնածու է, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քրեական դատավարության ամբիոնի դասախոս, շուրջ քսան գիտական հոդվածների և քրեական դատավարության դասագրքի համահեղինակ:

Գործընկերների խոսքով՝ Ջոն Հայրապետյանը խելացի է, խարիզմատիկ, կարողանում է սերնդակից դատավորների շրջանում իր խոսքն անցկացնել, հարցեր լուծել:

Քաղաքական իշխանությունը, որ իր առաջ ըստ էության խնդիր է դրել մինչև վերջ ու հիմնահատակ կործանել դատական համակարգը, չէր կարող անտարբեր անցնել Ջոն Հայրապետյանի կարողությունների կողքով: Երիտասարդ դատավորները շատ են, սկզբունքային դատավորների զգալի մասից ազատվել են, մյուս հատուկենտներից ազատվելու ուղղությամբ գործուն ջանքեր են գործադրվում, ու ինչ-որ պահի Ջոն Հայրապետյանի թե  կազմակերպչական կարողությունները, թե հեղինակությունը կարող են պետք գալ:

Փորձաքարը Արցախի ամբողջական հանձնումից հետո սեպտեմբերի 20-ից մեկնարկած բողոքի լայնածավալ ակցիաներն էին ու դրանց հետևած զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները:

Կարդացեք նաև

168.am-ն այդ օրերին հանդես էր եկել հրապարակմամբ, որում մանրամասն ներկայացրել էր՝ ինչ աննախադեպ մարդաորս էր այդ օրերին Երևանի քրեական դատարանում:

Ջոն Հայրապետյանը սեպտեմբերի 24-ի դրությամբ բավարարել էր կալանքի 6 միջնորդություն: Այս առումով նրա մրցակիցը թերևս միայն օրերս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր դարձած Վաչե Մարգարյանն էր, թեև Շենգավիթ նստավայրի դատավոր Ժորա Չիչոյանը ևս հետ չէր մնում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ վերջինիս վաստակը նույնպես կգնահատվի:

Ջոն Հայրապետյանը փաստացի անցավ փորձությունը՝ կոտրելով իր շուրջը խնամքով հյուսված արդարամիտ, պրոֆեսիոնալ դատավորի միֆը:

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ Ջոն Հայրապետյանին և Ժորա Չիչոյանին են մակագրվում օպերատիվ վարույթները: Իսկ սա, համակարգին մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն՝ ինչ է նշանակում:   

Ջոն Հայրապետյանը թերևս զգում է՝ իր ոտքերի տակ հողը պնդացել է, ու թիկունքին քաղաքական իշխանություն կա, ու դրա համար չի կաշկանդվում տարբեր առիթներով, տարբեր տեղերում հայտարարել, որ ինքը հարում է այս իշխանությանը, լավ է արել, կալանավորել է, պետության համար է արել, ու այո՛, զանգվածային անկարգությունների մասնակիցները չպետք է ազատ արձակվեն:

Ուշագրավն այն է, որ իր այս համոզմունքը նա նաև սերնդակից նորանշանակ դատավորների շրջանում է տարածում՝ լավ իմանալով, որ իր խոսքը որոշակի ազդեցություն կարող է ունենալ նրանց մոտ:

Ինչպես ասում են, Մացոյի փառքը Ջոն Հայրապետյանին հանգիստ չի տալիս. ինչո՞ւ ոչ. չէ՞ որ իր մոտ էլ հրահանգ տալը վատ չի ստացվում:

Տեսանյութեր

Լրահոս