Հո ամբողջ ազգին չե՞նք կալանավորելու. Երևանի քրեական դատարանը Մացոյի միջոցով կատարում է Փաշինյանի հրահանգը

Վերջին օրերին Արցախի ամբողջական հանձնմամբ պայմանավորված համաժողովրդական ցասումը խորը անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին` ՔՊ-ին։

Ոստիկանության հատկապես կարմիր և սև բերետավոր ծառայողներըի գործողությունները քաղաքացիների նկատմամբ թեև անօրինական վայրագությունների բացառիկ նմուշներ են, սակայն ձերբակալվում են բողոքի անհնազանդության ակցիաների մասնակիցները, այդ թվում` անչափահասներ։

168.am-ի տեղեկություններով` Երևանի քրեական դատարանում երեկ և այսօր աննախադեպ մարդաորս է։ Կալանավորում են գրեթե բոլորին, լավագույն դեպքում կամ ժամկետ են կրճատում, կամ տնային կալանք տալիս։ Գերակշռում են 2 ամսով կալանավորումները։

Մեր տեղեկություններով հայրենի բոլոր իշխանություններճն աննախադեպ ծառայություններ մատուցած ու Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնին ի վերջո հանգրվանած Մնացական Մարտիրոսյանը (Մացո մականունով) անձամբ է դատավորներին հրահանգել կալանքի միջնորդությունները` հրահանգը փաթեթավորելով` դե պետության կայունության համար է… Բնականաբար, միջնորդներից է նաև հենց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանը:

Կարդացեք նաև

Պետության կայունության համար, օրինակ, դատավոր Սուսաննա Գզոգյանը կալանավորել է 17 տարեկան տղայի, Կարեն Ֆարխոյանը` նույնպես։ Եվ դա միակ միջնորդությունը չէ, որ նա բավարարել է։

Բոլոր դատավորներին մակագրված են մի քանի գործեր։ Այսպես` Վաչե Մարգարյանն արդեն իսկ բավարարել է 6 կալանքի միջնորդություն, Ժորա Չիչոյանը` 4, Ջոն Հայրապետյանն` արդեն 5, իսկ 16:00 հավանաբար կհրապարակի ևս մեկը` 18-ամյա հադրութցի պատանու կալանքի որոշումը։

Կալանքի միջնորդությունները բավարարել են նաև Սամվել Յուզբաշյանը, Անի Դարբինյանը,  Վարդան Գրիգորյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը, Աննա Դանիբեկյանը, Անի Դանիելյանը, Արամայիս Ասատրյանը: Եվ սա ամբողջական ցանկը չէ։

Իհարկե, բողոքի ակցիաների մասնակիցներին այդ կալանքով չի լինում վախեցնել, նույնիսկ պայքարող երիտասարդների տրամադրությունները այդ փաստից չի ընկնում, ինչը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ-Մացո հրահանգը կատարող դատավորներին:

Իսկ հիմա` ուշադրություն։ Այն պարագայում, երբ ողջ Երևանի քրեական դատարանի դատավորները կալանքի մի քանի միջնորդություն են քննել, ցույցերով կալանքի միջնորդություն քննելու գործեր չեն մակագրվել ընդամենը երկու դատավորի` Շենգավիթ նստավայրից Դավիթ Բալայանին և Ավան-Նոր Նորք նստավայրից` Արման Հովհաննիսյանին։ Իսկ թե ինչու, լավ կիմանան Մնացական Մարտիրոսյանն ու նրան հրահանգողները։ Թերևս լավ գիտեն` այս դատավորները հրահանգ կատարող չեն։

Նույնիսկ հրահանգը կատարող դատավորները խուճապի մեջ են, նրանք գիտակցում են՝ ինչպիսի դերակատարում են ստանձնել, առավել ևս, որ համաժողովրդական պայքարը դրանից ավելի մեծ թափ է հավաքում. «Հո ամբողջ ազգին չե՞նք կալանավորելու…»,- դատավորներից մեկը իր վրդովմունքն էր արտահայտել կոլեգաների հետ խոսելիս:

Տեսանյութեր

Լրահոս