«Անակնկալ էր Էդգար Ղազարյանի նման հայտարարությունը». Գեղամ Մանուկյան
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն անակնկալի է եկել հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարություններից:
Հիշեցնենք, որ այսօր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր՝ «Հայաստան» դաշինքն արգելափակել է նրա մասնակցությունը 2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության և «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներին։
168.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը մասնավորապես նկատեց. «Անակնկալ էր Էդգար Ղազարյանի նման հայտարարությունը, որովհետև մինչև լսումները Էդգար Ղազարյանին բացատրել եմ, որ իր անունը ջնջված չի. մոտ 50 հոգու ցանկն ուղղակի վերախմբագրել ենք, որպեսզի կարողանանք ապահովել այն թիվը, որի մուտքն ԱԺ աշխատակազմը հնարավորություն ուներ տալու:
Մոտ 165 հոգու անուն ենք ներկայացրել, բայց մոտ 50 հոգի, ցավոք սրտի, այդ թվում՝ դաշնակցական իմ գործընկերներից, ստիպված ցանկից դուրս ենք թողել»:
Անդրադառնալով դահլիճում դատարկ տեղերի մասին մեր դիտարկմանը՝ պատգամավորը նկատեց՝ դատարկ տեղը չի նշանակում, թե այդ տեղերի համար այլ հրավիրյալներ չեն եղել:
«Այնպես որ, չեմ կարծում՝ Էդգար Ղազարյանն աշխարհացունց ինչ-որ հայտարարություններ աներ, որը ցանկանայինք կամ չցանկանայինք ԱԺ-ում հնչեցնել»,- հավելեց նա՝ հորդորելով կենտրոնանալ այդ օրն ԱԺ-ում տեղի ունեցած բովանդակային քննարկման վրա:
Ի դեպ, Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «Հայաքվե» նախաձեռնությանը ևս տեղյակ են պահել, որ շատերին, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, ստիպված են եղել հանել հրավիրյալների ցանկից, որովհետև թիվը շատ էր:
«Նույնը Հանրապետական գործընկերներին ենք խնդրել, որ թիվը պակասեցնեն: Ինչ-որ մեծ իրադարձություն չէ, որ արժեր մամուլի ժամանակը խլել նման հարցերի առնչությամբ:
Այլ հարց, որ ես Էդգար Ղազարյանի հետ անձնական զրույց եմ ունեցել այլ թեմաներով, բայց այդ զրույցի բովանդակությունը թող մնա երկուսիս մեջ»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք՝ հանրային, քաղաքական գործիչ, դեսպան Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ մանրամասնել էր. «2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։ Հանդիսանալով «Հայաքվե»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մեկը, ինչպես նաև ակտիվորեն ընդգրկված լինելով նախաձեռնության քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը, շատերի հետ միասին, ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն՝ լսումներին հրավիրելու նպատակով։ Ավելին, ես նախապես հաստատել եմ ոչ միայն իմ հնարավոր մասնակցությունը, այլև լսումների ժամանակ ելույթով հանդես գալու պատրաստակամությունը։
Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։
Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից՝ մասնակիցների մեծ թվի և դահլիճի սահմանափակումների պատճառով։
Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որևէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր։
Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»: