«Պետք չէ մակաբույծի նման Հայաստանի «արյունը խմել», հետո փախչել այլ երկիր»․ Սարգիս Աղայան

«Միշտ խուսափել եմ կենսաբանությունից և կենսաբաններից»,- ասում է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։

Իսկ թե ինչպե՞ս կենսաբանությունը գրավեց նրա սիրտը, որո՞նք են ոլորտում առկա խնդիրները, փորձել ենք պարզել հարցազրույցի ընթացքում։

– Պարոն Աղայան, ժամանակին չեք ցանկացել դառնալ կենսաբան, մաթեմատիկոս, բժիշկ եք ցանկացել դառնալ, նույնիսկ հաճախել եք հաշվապահական դասընթացների՝ ամեն կերպ խուսափելով դրանից։ Ի՞նչը ստիպեց փոխել որոշումը։

– Երևի բուն աշխատանքը։ Այո, կենսաբանությունն ինձ համար մի տեսակ խորթ է եղել, չնայած լավ եմ սովորել։ Ավելի նախընտրել եմ ֆիզիկամաթեմատիկական ուղղությունները։ Երրորդ կուրսից ինձ առաջարկվեց աշխատանք, այսինքն՝ նկատեցին որոշ հմտություններ, որ կարող եմ լավ վարվել լաբորատոր սարքերի հետ, ու ինձ առաջարկեցին աշխատանք՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Եվ, կարելի է ասել, որ սերն առաջացավ հենց այդ ժամանակ։ Առնչվում ես խնդիրների հետ, որոնք լուծում է այդ գիտությունը։ Հիմա այն քաղաքականությունը, որ տարվում է դպրոցներում՝ կրթական գործընթացն ավելի պրակտիկ դարձնելու համար, որ աշակերտները կարողանան որոշակի գիտական աշխատանքներ իրականացնել՝ ողջունելի է, կողմնորոշման շատ մեծ գործոն է։

Կարդացեք նաև

– Հանդիպո՞ւմ եք աշակերտների հետ, կա՞ հետաքրքրվածություն։

– Կենտրոնի շատ աշխատակիցներ դասավանդում են թե՛ բուհերում, թե՛ դպրոցներում։ Այս տեսանկյունից կենտրոնում առկա է նաև Կենդանաբանության թանգարանը, որի մասին քչերը գիտեն։ Երևի մեր մեղքն է։ Բայց ամեն օր թանգարան այցելում է 50-100 աշակերտ։ Ունենում ենք նաև բաց դռների օրեր, երբ մեզ այցելում են բարձր դասարանի աշակերտներ, որոնց հետ իրականացնում ենք լաբորատոր որոշ պարզ փորձեր, որպեսզի հասկանան, թե իրականում ի՞նչ է գիտությունը։

– Դպրոցներում ֆիզիկայի, կենսաբանության խնդիրների լուծման ճանապարհն ուսուցիչները մի քիչ բարդ են բացատրում, ու երեխան ոչինչ չի հասկանում։ Գիտնականներն ավելի հասկանալի՞ են բացատրում։

– Ես կասեի՝ գիտնականները շատ ավելի բարդ են բացատրում, որովհետև լինել ուսուցիչ և գիտնական՝ տարբեր բաներ են։ Մի բան է՝ 1-2 քիչ թե շատ պատրաստված աշակերտի, ուսանողի հետ աշխատել լաբորատորիայում, մեկ այլ բան է՝ աշխատել 30 աշակերտի հետ, որոնք տարբեր գիտելիքների տեր երեխաներ են։ Այստեղ, ինձ թվում է, համատեղ մեթոդական ձեռնարկներ, դասագրքեր պետք է գրվեն։

Դասագրքերի կազմման առումով համագործակցո՞ւմ եք ԿԳՄՍ նախարարության հետ։

– Կոնկրետ մեր կենտրոնը չէ, բայց գիտեմ, որ ԵՊՀ-ի ու այլ բուհերի դասախոսներ ակտիվորեն մասնակցում են։

Զբաղվում եք մակաբույծների հետազոտությամբինչո՞ւ հենց մակաբույծները։ Արդյո՞ք ամեն շրջանի բնորոշ է այս կամ այն մակաբույծը։

– Ինչ որ ասեմ, պետք է չքաղաքականացնել (ծիծաղում է.- Ա․Կ.)։ Բոլոր կենդանի օրգանիզմների՝ լինեն մարդիկ, կենդանիներ, բույսեր, ուղիղ կեսը մակաբույծ օրգանիզմներ են։ Իրենք ավելի շատ են, քան մնացած բոլորը խմբերը միասին վերցրած։ Իրենց այդ բազմազանության մեջ շատ տարբեր են․ լինում են տեսանելի, շատ խոշոր, մանր, միայն մանրադիտակով երևացող, ներբջջային։ Այս բազմազանության մեջ հեշտ է գտնել քեզ հետաքրքրող օբյեկտ։ Մակաբույծների շրջանում կան նաև այնպիսիք, որոնք հետաքրքիր կերպով են փոխկապակցված իրենց տերերի հետ։ Մակաբույծն ի՞նչ է անում․ տեր է գտնում, տիրոջ հաշվին սնվում է, մի քիչ վնաս է տալիս, բայց ոչ այնքան, որ սպանի, որովհետև իրեն պետք է։ Լրիվ ոնց որ մարդկանց մոտ։ Լրիվ կյանքն է, ու դա գրավիչ է դարձնում մակաբույծներին հետազոտելը։ Մակաբույծներ կան, որ կարող են ազդել կենդանիների, այդ թվում՝ մարդկանց վարքագծի վրա, լրիվ փոխել այդ կենդանի օրգանիզմի կյանքը, կենսագործունեությունը։ Այսինքն, իրենց փոխհարաբերությունները տերերի հետ շատ գրավիչ և հետաքրքիր են։

Ուսումնասիրում ենք նաև մակաբույծների տարածման հիմքերը, համեմատում ենք աշխարհի տարբեր ծայրերի մակաբույծների հետ, թե էվոլյուցիոն տեսանկյունից որը որտեղից է առաջացել, ինչպես են տեղափոխվել։ Այս հարցերը հիմա առավել կարևոր են, երբ կա կլիմայի փոփոխություն, մարդկանց, կենդանիների հսկայական քանակի տեղաշարժ աշխարհի մի ծայրից մյուսը։ Եվ այդ հանգամանքներում, պատկերացրեք, մակաբույծները բոլոր օրգանիզմների հետ միախառնվում, տեղափոխվում են, նոր տարածքներ են գաղութացնում։ Եթե չուսումնասիրենք այսօրվա վիճակը, մենք չենք կարողանա ապագա կատաստրոֆաներից, էպիդեմիաներից խուսափել, իսկ դա լինելու է։ Ինչքան պատրաստված լինենք, հասկանանք, թե դա որտեղից կարող է առաջանալ, ինչպես կարող է փոխանցվել, շատ ավելի պատրաստ կլինենք էպիդեմիայի դեմ պայքարի ժամանակ։

Էպիդեմիա միշտ է սպասվում։ Պարտադիր չէ՝ միշտ մարդկանց ստուգենք, որ տեսնենք՝ հիվա՞նդ են, թե՞ չէ։ Շատ հիվանդություններ գալիս են միջավայրից՝ հողից, ջրից, թռչուններից, տզերից և մոծակներից, շուն ու կատուներից, կրծողներից։ Պետք է հետազոտենք, որ երբ վաղն ասեն՝ այսինչ էպիդեմիան է տարածվում տարածաշրջանում կամ այս մասում, հստակ պատկեր ունենանք, թե դրա հիմնական փոխանցողները Հայաստանում որտե՞ղ են տարածված։ Օրինակ՝ Լոռվա մարզում ունենք այսինչ բակտերիալ հիվանդությունը փոխանցող տզեր, ի՞նչ անենք, որ օջախը մեկուսացնենք։

Վերջերս սոցիալական ցանցերում հանդիպեցի, որ մեկի մարմնին տիզ էր հայտնվել, և ինքը մի կերպ պոկել էր։ Ի՞նչ վնաս կարող էր հասցրած լինել մարդուն։

– Եթե տիզը վարակված չէ այլ բակտերիալ և վիրուսային հիվանդությունով, չէի ասի, որ վտանգավոր է։ Կծում է արյան համար, դա նրա սնունդն է։ Իսկ եթե վիրուսն առկա է այդ տզի մեջ, ուրեմն ամենայն հավանականությամբ կհիվանդանա մարդը տվյալ հիվանդությամբ։ Կարևոր են նաև բակտերիաների շտամները, որոնց մի մասը վտանգավոր չէ մարդու համար, որոշներն էլ՝ մահացու են։ Նույնը՝ մոծակների դեպքում։

Մոտ 10 տարի է՝ ասում են, որ վարակիչ հարուցիչների տարածվածության աճ կա։ Դա կապում են քաղաքաշինության հետ, ինչը հատկապես Երևանում սարսափելի է։ Կլիմայի փոփոխություն ևս կա։ 2016թ Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից արժանացել եք լավագույն երիտասարդ բնապահպան մրցանակին։ Վերջերս մեր բնապահպանները լուռ են, կարծես ոչինչ չի կատարվում մեզ մոտ։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– Բնապահպանական խնդիրները շատ են։ Մի կողմից՝ ունենք շահ՝ միգուցե պետական կամ մասնավոր, իսկ մյուս կողմից՝ ունենք բնություն, որը շատ ավելի կարևոր է։ Գոյություն ունի «Մեկ առողջություն» հասկացություն․ ամեն ինչի հիմքում ընկած է մարդու առողջությունը։ Եթե չունենանք առողջ միջավայր՝ չենք ունենա առողջ մարմին։ Եթե միջավայրը թունավոր է, մարդ ինչպե՞ս կարող է այնտեղ իրեն լավ զգալ։ Ինչո՞ւ ենք շենքերն այսքան շատ սարքում՝ նրա համար, որ մարդիկ բարեկեցիկ ապրեն, բայց եթե ամենուր շենք սարքենք, ծառեր չտնկենք, կանաչապատ չլինի, մարդիկ այդ լավ տների մեջ առողջ չեն լինի։ Մեր էգոիզմը պետք է այնքան բարձր լինի, որ մեզ չվնասենք։

Եթե հարցին մոտենանք այս տեսանկյունից, ապա թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական հարցերը, վերջիվերջո, գալու են հանգեն մեր անձնական բարեկեցությանը։ Չենք ուզում այստեղ շենք սարքենք, վաղը թողնենք, փախնենք այս երկրից, ոնց որ անում էին մեր շատ հայրենակիցներ 1990-ական թվականներին։ Ես միշտ չեմ վախենում դա ասելուց. մենք փախչում ենք մեր երկրից, որովհետև մենք ենք աղտոտում այն։ Պետք է ապրել այնպես, որ շրջապատը, միջավայրը քեզ դուր գա։ Պետք է դրա համար կրթել բոլորին, սովորեցնել, որ դուք ձեր համար եք անում, ոչ թե մտածենք, որ մակաբույծի նման Հայաստանի «արյունը խմենք», հետո թողնենք փախչենք, մեկ այլ երկրում փորձենք նեղ շրջանակ գտնել, որ էլի «արյունը խմենք» կամ գանձապետարանից «արյուն խմենք»։ Չէ, պետք է սեփական միջավայրը բարելավել, որովհետև ուր էլ փախչես, էլի դու ես, քեզանից չես փախչի։ Եթե դու կեղտոտող, ավերող ես՝ Աֆրիկայում էլ ես նույնը, ԱՄՆ-ում էլ, ՀՀ-ում էլ։

Եթե մարդը մտածի 10, 20 տարվա կտրվածքով՝ շատ բաներ կարող է չանել։ Բարձրահարկերն իրար կողքի շարում են, որ փողոցներում կայանելու տեղ չլինի, մարդիկ սթրեսի մեջ լինեն։ Մեզ մոտ սթրեսի մակարդակը տեսեք, ինչքան բարձր է։ Էլի ձեր համար արեք, բայց 20 տարի առաջ նայեք։ Էլ չեմ ասում կանաչ տարածքների նոսր լինելու, ոչ ճիշտ կանաչապատման, էտման մասին։ Պրոցեսներն ուղղակի անում են՝ ցույց տալու համար։ Ունենք նաև Սևանի հիմնախնդիր, չվերահսկվող հանքարդյունաբերության, անտառահատումների խնդիր։ Բնապահպանական հիմախնդիրներ են, որոնց լուծումը մենք իրականում շատ դժվար ենք կարողանում տալ. մի մասում՝ գուցե ֆինանսական շահերից, մյուս մասում՝ պետական խնդիրներից ելնելով։ Օրինակ՝ գյուղերի կոյուղաջրերը լցվում են գետերը, և աղտոտում ենք Սևանա լիճը, որն ամեն տարի վատ վիճակում է հայտնվում։ Բոլոր նախարարությունները պետք է միանան, հարցը լուծեն։

Սևանը խմելու ջրի, ինչպես նաև սննդի աղբյուր է։ Արգելում են ապօրինի որսը, բայց համաձայն հայկական մտածելակերպի՝ այն շրջանցելու համար ճանապարհ են գտնում։ Կարևորությունը չե՞ն հասկանում։

Մեզ մոտ կրթությունը շատ վատ վիճակում է։ Խնդիրները որ ունենք՝ տնտեսական, ռազմական ու քաղաքական, գալիս է մեր անգրագիտությունից, կրթության շատ ցածր մակարդակից։ Եթե 35 տարի առաջ առաջնային լիներ կրթությունը, գիտությունը, այսօր նման խնդիրների չէինք բախվի։ Ժամանակին ասում էին՝ 1 մլն դնենք գիտության մեջ, ե՞րբ հետ կգա։ Հետ չի գա, բայց կարող է մի 20 տարի հետո երկիրը չկորցնենք ընդամենը։ Կարող է շատ հետ գա կամ ընդհանրապես չգա, բայց կունենանք հասարակություն, գիտելիքահեն տնտեսություն, լավ միջավայր, որտեղ հաճելի կլինի ապրել։ Նույնը կրթության դեպքում է։ Ասում են՝ ներդրումը ե՞րբ հետ կգա։ Պետք չի, որ հետ գա։ Կամ՝ ասում են՝ կրթենք, մարդիկ թողնեն, փախնեն Հայաստանից։ Բա որ չկրթենք, ու մնան։ Հիմա մենք դա ենք արել՝ չենք կրթել, ու մնացել են։ Շատ ավելի վատ վիճակ ենք ստեղծել։ Գնացողը՝ գնում, մնացողն էլ՝ մնում է։ Կրթությունը, գիտությունը պետք է, որ 20 տարի հետո այս պետությունն ունենանք։

Որպես կենսաբան ու նախկին բնապահպան, Երևանի դեպքում ո՞ր ծառերն են հարմար՝ սակուրա, սոչի, կեչի․․․։

 – Հարաբերական է։ Ինչ-որ փաստաթղթեր էին բերում, որտեղ տարբեր գիտնականներ մասնակցել են ժողովներին, բայց գիտեմ, որ այդ մարդիկ չեն ասել, որ այս ծառերը պետք է հատվեն։ Ընդամենն ասել են, որ հիվանդ ծառերը պետք է հատվեն։ Ասելու համար՝ ծառերը հիվանդ են, թե չէ, պետք է ունենալ քարտեզ, ու Քաղաքապետարանն անընդհատ շրջայցեր պետք է իրականացնի։ Որոշ խնդիրների դեպքում գուցե օգնություն խնդրեն Բուսաբանության ինստիտուտից, ԵՊՀ բուսաբանության ամբիոնից, որ նրանք էլ շրջայց անեն։ Սակուրան կարող է շատ լավ է կամ վատ, չեմ կարող ասել՝ քայլեր ենք անում, որոնք հիմնավորված չեն։ Գիտնականի դերն այդ գործընթացը հիմնավորելն է, բայց կտրված են գիտնականներն ու քաղաքականությունը։ Չեմ կարող ասել՝ ինչի՞ հիման վրա են սակուրա տնկել։

– Որը, ի դեպ, չծաղկեց, կամ ծաղկեց՝ չհասցրեցինք տեսնել։

– Հա։ Կամ ո՞վ պատասխանատվություն կրեց դրա համար։ Որոշումների կայացման խնդիր ունենք։ Սակուրան սխա՞լ են բերել-տնկել, դրա պատասխանատուն ո՞վ է, այդ մարդուն պատասխանատվության ենթարկեք, որ հաջորդը չանի նույնը։

– 2006թԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ու ձկնաբանության ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց ձեր կենտրոնը։ Հիմա ուզում են բուհերն ու ԳԱԱ ինստիտուտները միավորել։ Դա երկրորդ շունչ կտա՞ գիտությանը։

– Հարաբերական է։ Գիտական ուղղություններ կան, որոնցով ավելի լավ են զբաղվում համալսարանում, քան գիտական կենտրոնում։ Հաջորդ տարի մեզ մոտ բացվելու է ձկնաբանության և ակվակուլտուրայի մագիստրոսական ուղղությունը, որը շատ պահանջված է։ Դրա համար այն պատճառաբանությունը, որ միավորում ենք, որպեսզի համալսարանների գիտական մակարդակը բարձրանա, իմ պատկերացմամբ՝ սխալ է, սակայն բոլոր դեպքերում ինչ-որ բան անել պետք է։ Առնվազն ռեֆորմներ են պետք բուհերում, որոնց եթե այսօրվա կառավարման համակարգով տանենք, միացնենք ինստիտուտներին, ոչ մի ծրագիր ուղղակի կարող է չիրականանալ այդ ինստիտուտում։ Մյուս կողմից՝ ունենք որոշ բուհեր, որոնք լավ կառավարման համակարգ ունեն, և եթե դրան կից ինստիտուտ լինի, նրա կառավարումը ևս կլավանա։ Ինստիտուտ առ ինստիտուտ, բուհ առ բուհ պետք է դիտարկել։ Միգուցե միասնական ամբիոններ լինեն՝ չգիտեմ։

Ոնց որ թե «հույսը» ակադեմիական քաղաքն է։

– Դա էլ իր հերթին է խնդրահարույց։ Ամեն ինչ կարելի է անել, բայց եթե անում ենք փուլային։ Եթե որպես պետություն՝ մտածում ենք, որ 1 միլիարդ դոլարն Ակադեմիական քաղաքի համար է, լավ՝ նախատեսենք տարածքը, բայց սկսենք, օրինակ, ընդամենը մեկ լաբորատորիայից կամ իր ենթակառուցվածքի փոքր մասից։ Միգուցե չի ստացվում։ Կրթության, գիտության բացակայության պայմաններում լրիվ կորցրել ենք կառավարման, տնտեսագիտության ու իրավաբանության ուղղություններով գիտական ներուժը։ Այսօր ՀՀ-ում դժվար է գտնել կառավարիչ, որը կկարողանա 1 միլիարդ դոլար կառավարել։

– Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ձեր կենտրոն գիտնական հրավիրում եք նաև դրսից։ Առաջին անգամ, որ Հայաստանից չեն գնում, այլ գալիս են։ Ինչպե՞ս է նման որոշում կայացվել։

2022թ․ գիտության բյուջեն բավականին աճել է, բազմապատկվել է նաև գիտաշխատողի աշխատավարձը։ Իրանցի գիտնական է, Մազանդարանի բժշկական համալսարանի պրոֆեսոր։ 15-ից ավելի համատեղ հոդվածներ ունենք, ու երկար աշխատելու արդյունքում նա սիրեց Հայաստանը։ Մեզ համար մեծ պատիվ է՝ ունենալ նման պրոֆեսոր կենտրոնում։

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս