Արցախի ժառանգությունը փրկելու համար միջազգային հարթակներում լուրջ քայլեր են պետք. մեզ մոտ պետություն և հ/կ համագործակցությունը կաղում է. Գագիկ Գյուրջյան
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է՝ որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Ծառերի միջև կա առնվազն 78 տապանաքար հայերեն տապանագրերով, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին։ Դեռևս հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վնասվել։
Այս ամենից զատ, Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո շարունակում է ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշակոթողները, եկեղեցիների վրայից հեռացնում է բոլոր խաչերը, մաքրում հայկական արձանագրությունները։ Նպատակն է՝ Արցախից իսպառ վերացնել հայկական հետքը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու հուշարձանների վիճակին։
168.am–ի հետ զրույցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտե) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանն անդրադարձավ Արցախում ադրբեջանական մշակութային վանդալիզմին, ինչպես նաև հայկական կողմից իրականացվող անհրաժեշտ քայլերին: Նրա փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունները մշտապես բարձրացնում են այս խնդիրը միջազգային հարթակներում։ Ավելին՝ Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի վրա ճանապարհ կառուցելու Ադրբեջանի վանդալիզմի մասին կրկին ի լուր աշխարհի բարձրաձայնել են։
«Հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերին պետք է մեր Արտաքին գործերի նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, այդ խնդիրներին լուծում տա։
Հիմա, օրինակ, ԻԿՕՄՕՍ-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական օրգանն է, և որի ազգային կոմիտեն մենք ենք, հարց ենք բարձրացնում՝ Արցախի պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Կոչն արդեն հնչել է, ԻԿՕՄՕՍ-ն ունի եվրոպական մասնաճյուղ և Եվրոպայի խորհրդում այդ խնդրի մասին բարձրաձայնել է։ Եվրոպայի խորհրդից էլ կոչ են արել, որ սա դարձնենք պաշտոնական փաստաթուղթ։ Հիմա մենք՝ որպես հ/կ, դիմում ենք, բայց հղում ենք անում մեր ԱԳՆ-ի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին բարձրացված հարցին»,- նշեց Գագիկ Գյուրջյանը։
Ըստ նրա՝ խնդիրն այնպես են բարձրացրել, որ Արցախ ուղարկվի մոնիտորինգային խումբ, որպեսզի տեղում ծանոթանան, որովհետև ավելի լավ է մեկ անգամ տեսնեն, քան հարյուր անգամ լսեն։
«Նման հարցերում մեզ մոտ պետություն և հ/կ համագործակցությունը կաղում է։ Դրական արդյունք ունենալու համար պետք է ակտիվացվի պետական կառույցներ-հասարակական կազմակերպություններ համատեղ գործելու պրոցեսը։ Որքան էլ հասարակական կազմակերպությունները խնդրի մասին բարձրաձայնեն, միևնույն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ՄԱԿ ստորաբաժանում է, ավելի շատ ապավինում է պետական աղբյուրներին։ Կրկնում եմ՝ որպեսզի միջազգային կառույցների կողմից լուրջ քայլեր ձեռնարկվեն, անհրաժեշտ է պետական կառույց-հ/կ սերտ համագործակցություն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյո՞ք միջազգային կառույցներին առհասարակ հետաքրքրում է Արցախի պատմամշակութային հուշակոթողների ճակատագիրը, և այդ խնդիրներին ինչպե՞ս են արձագանքում, Գագիկ Գյուրջյանը պատասխանեց՝ ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ է բարձրաձայնվում խնդիրը։
Օրինակ, 1,5 ամիս առաջ Սիդնեյում տեղի ունեցած ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեան, որտեղ հայկական կողմն առաջ է քաշել հարցադրում՝ ուխտագնացություններ իրականացնել Արցախի Հանրապետության պատմամշակութային վայրեր, և մասնավորապես նշվել են Դադիվանքն ու Ամարասը, որոնք մինչև ադրբեջանական օկուպացիան եղել են ուխտագնացության ակտիվ վայրեր։
«Այս ամենը դրական արձագանք էր ունեցել, միջազգային ԻԿՕՄՕՍ-ի նախագահն առաջարկել էր, որպեսզի դիմենք «Կապույտ վահան» միջազգային կազմակերպությանը, դիմել ենք, որպեսզի ճանաչեն աշխարհի 7 վտանգված ժառանգության մաս»,- շեշտեց Գ. Գյուրջյանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների՝ Արցախի Հանրապետություն հնարավոր այցի մասին էլ Գագիկ Գյուրջյանը մտավախություն հայտնեց, որ եթե նրանք պետք է Արցախ մտնեն Ադրբեջանով, ապա ադրբեջանցիները տեղում նրանց իրենց կեղծ թեզերով կնախապատրաստեն։
«Գանձասարը կամ մյուս եկեղեցիներն Ադրբեջանը համարում է ուդիական կամ աղվանական, այս թեզը նրանք կսրսկեն ՅՈՒՆԵՍՕ-ի ներկայացուցիչներին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կազմով ու ինչ մակարդակով կլինի այդ այցը։ Եթե պետք է տանեն ու ներկայացնեն, թե դրանք ուդիական են, ապա վստահ եմ՝ կհամոզեն, դրա համար լուրջ մասնագետներ պետք է այցելեն»,- եզրափակեց Գագիկ Գյուրջյանը։