Так точно, товарищ «գերագույն»!. Նիկոլի սիրտը մեղադրական դատավճիռ է ուզում. հրահանգ կատարողները կլծվեն գործի
Տարածքային նոր զիջումներից առաջ իր դիրքերն ամրացնելու ու հավելյալ լեգիտիմության իմիտիացիա ստեղծելու համար խորհրդարանական արտահերթ նոր ընտրությունների պատրաստվող Նիկոլ Փաշինյանը երեկ քարոզարշավային գծի մեջ էր: Ձեռքին, իհարկե, մուրճ չկար, բայց դա էլ թերևս նրա համար, որ երևի նոր բան է մտածել, ու այս անգամ թրենդի մեջ ոչ թե մուրճը, այլ, ասենք, քլունգը կարող է լինել: Կառավարության երեկվա նիստի ժամանակ Փաշինյանը փորձեց լուծել «5 տարվա մեջ չկա որևէ դատավճիռ» դիլեման: Վերջինս, իհարկե, հասկանում է, որ իրեն 2021թ. ձայն տված 680 000 մարդու առնվազն կեսը սկսել է հասկանալ, որ «նախկինները, թալանը, կերել են, 50/50 փայ են մտել» կրկնվող ձայնասկավառակը խզզում է, նույն պտույտն արդեն հարյուր անգամ է անում, բայց ապացույց, որ կերել են, թալանել են, փայ են մտել, չկա: Չկա, այսպես կոչված՝ այդ անտեր վերջնական ուժի մեջ մտած դատավճիռը, որով նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ վերջապես օրենքով, թղթով կճանաչվի թալանչի: Երեկ իրավապահ ողջ համակարգը շուրջ մեկ ժամ ուղիղ եթերում մուննաթ էր լսում՝ «ինչո՞ւ չկա դատավճիռ» թեմայով:
Վերանանք այն հանգամանքից, որ երկրի դե յուրե ղեկավարը երեկվա շոու-պերֆորմանսի ոչ իրավական, ոչ բարոյական իրավունքը չուներ, բայց դա վաղուց նրան չի հուզում, չի կաշկանդում. այնպես որ, այստեղ քննարկելու բան չկա: Իրեն պետք էր իր ընտրազանգվածին հասցնել՝ «Տեսեք, ես ամեն ինչ անում եմ, պահանջում եմ, որ դատավճիռ լինի, ու դրանք կլինեն: Տեսաք, չէ՞, ոնց վախացրի: Դատավճիռներ հաստատ կլինեն, ու քարոզարշավին արդեն նաև դատավճիռները ձեռքիս ման կգամ» միտքը, ու դա նա հաջողությամբ իրականացրեց՝ կրկին անգամ մոլորեցնելով իրեն ձայն տվողներին:
«Մենք հասկանում ենք, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը շատ կարևոր է, բայց այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ո՞վ է կրում, կներեք, մենք ենք կրում: Կառավարությունն է կրում, էն մարդիկ են կրում, ովքեր նախընտրական կարգախոսները, չագուչը վերցրել, գյուղ-գյուղ գնացել են: Ու դրա պատասխանը մենք պիտի տանք, հարգելի գործընկերներ: Ու ես ակնկալում եմ, որ մենք պատասխան ունենանք տալու»,- «հարգելի գործընկերներ» Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին, Աննա Վարդապետյանին, Գրիգոր Մինասյանին դիմելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ ասելով, որ չի ցանկանում նախկիններից որևէ ձերբակալվածի հետո տեսնել սրճարանում նստած:
Նիկոլ Փաշինյանը լրիվ իր ռեպերտուարի մեջ էր. գլխավոր դերում ժողովուրդն էր, ու նրա մտահոգությունն այն էր, որ ժողովրդի առաջ ստանձնած իրենց պարտավորություններն իրենք չեն կատարել: Նման կեղծ խոստումներ էր տվել, հիմա որևէ կերպ պետք է տակից դուրս գա, չէ՞:
Ու սա ասում է այն Փաշինյանը, ով իր նախընտրական ծրագրում Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարց էր ներառել, բայց դրա չկատարումն իրեն, չգիտես՝ ինչու, բոլորովին չի հուզում:
«Հարգելի գործընկերները» Փաշինյանի ասածն ընդունեցին ի գիտություն, ու այն, ինչ կատարվեց դրանից հետո, շատ հուզիչ էր: Տեսնել էր պետք, թե ինչպես էին մեկը մյուսի հետևից Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն արդարանում «մեծարգո»-ի առաջ, «մեղքն» իրենց վրայից գցում ու տեղավորում դատավորների գրպանում:
Կարելի է պատկերացնել՝ ինչ կլինի այն ժամանակ, երբ գա նշված անձանց պատասխանատվության, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ժամանակը, ու ինչպես նրանցից յուրաքանչյուրն իրեն փրկելու համար «փուռը կտա» մյուսին:
Վերադառնանք կառավարության զավեշտալի այդ նիստին:
Նախ՝ քանի որ կոռուպցիոն գործերը Հակակոռուպցիոն կոմիտեի գործառութային տիրույթում են, սկսեց արդարանալ Սասուն Խաչատրյանը:
Վերջինս, նախ, թվային տվյալներ ներկայացրեց, թե ինչքան մարդ են ձերբակալել, ոնց է 70-80%-ով ավելացել քրեական գործերի քանակը, աշխատանքներն ակտիվացել են, թեև այս պահին 50%-ի չափով թափուր հաստիքներ ունեն (տեսնես՝ ինչի՞ չեն գնում, աշխատեն էդ «փայլուն» կառույցում.- Գ.Ս.):
Բայց Սասուն Խաչատրյանը ոնց որ թե լավ չէր հասկացել, որ իրենց «գերագույնի» սիրտը ոչ թե ձերբակալված, այլ օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատիժը կրող անձինք է ուզում: Հասկացրեց…
«Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ու քանի որ վերջինս քննության որակի հետ կապված կասկածների մասին խոսեց, Սասուն Խաչատրյանն արագ կողմնորոշվեց:
«Ես համաձայն եմ, որ նախնական կալանքը չպետք է որպես խափանման միջոց՝ կիրառվի համատարած, բայց ունենք դեպքեր, որ հենց դատարանում, կալանքի տակ չգտնվելու պայմաններում է իրականացվում այդ գործերի ձգձգումը: Մենք հիմա քրեական գործ ունենք ուղարկած դատարան մոտ 20 միլիոն դրամ կաշառքի դիմաց անորակ ապրանք տրամադրած ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ: Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է: Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»,- դատարանների կողմ սլաքներն ուղղեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռևս ՀՔԾ-ի ժամանակներից գործեր ունեն դատարաններ ուղարկված, և դրանք ձգձգվում են, որովհետև դատական նիստերը տեղի են ունենում 1-2-3 ամիսը մեկ անգամ:
Դատարաններին ու մասնավորապես դատավորներին, իհարկե, ինչպես ասում են, տեղն է: Տարիներ շարունակ նրանք այդպես էլ չհասկացան, որ ի տարբերություն Կառավարությանն առընթեր իրավապահ մարմինների, իրենք երրորդ իշխանություն են, անկախ են բոլորից ու ամեն ինչից, քաղաքական հրահանգ կատարելու պարտավորություն չունեն, սակայն նրանցից շատ քչերը, իսկ հիմա վստահաբար կարելի է ասել, եզակիները հասկացան իրենց կարգավիճակի ծանրությունն ու հզորությունը, իսկ մնացածները, այս կամ այն հանգամանքով կաշկանդված լինելով կամ չցանկանալով հակառակվել Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան տանդեմի կամքին, շառից ու փորձանքից հեռու, անում են այն, ինչ իրենց հրահանգվում է. ցույցերով կալանքները՝ դրա վառ ապացույց:
Հաջորդիվ արդարանալու հերթը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանինն էր, ով նախ հպարտորեն ասաց՝ նախորդ տարվա համեմատ 72%-ով ավել գործեր են ուղարկել դատարան: Էլի որոշ թվեր բերեց՝ չմոռանալով մի քանի անգամ նշել, որ ամբողջովին համաձայն է Փաշինյանի հետ:
Ապա էստաֆետը վերցրեց գլխավոր դաախազ Աննա Վարդապետյանը. Զեկուցելու բան ուներ:
«Ձեր դիտարկումները շատ թիրախային են ու տեղին: Ես կցանկանայի նշել այն քայլերը, որոնք մենք այդ ուղղությամբ ձեռնարկել ենք, որովհետև մենք ավարտված գործերի քանակն ենք հիմք ընդունում, ոչ թե ուղարկված: Իսկապես այդ ֆրուստրացիան, որը ձևավորվում է հասարակության մեջ ուշացած արդարադատությունից, անհամեմատելի է անարդարության ընկալման հետ: Այս առումով մենք մի միջոցառում ենք ձեռնարկել: Դա դատական նիստերից բացակայությանն է վերաբերում… Դատախազները կարգապահական պատասխանատվության են ենթարկվում դատական նիստից բացակայելու համար: Մեզ համար շատ կարևոր է, որ նիստերը հանկարծ չհետաձգվեն դատավարության որևէ մասնակցի, առավել ևս՝ մեր բացակայության պատճառով»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ կրկին թելելով ձգձգվող նիստերի թելը, նշելով, որ Արդարադատության նախարարության ու Բարձրագույն դատական խորհրդի հետ (ԲԴԽ) իրենց հետագա աշխատանքը պիտի լինի նիստերի միջակայքը նեղացնելու ուղղությամբ:
Ինչ խոսք, բավականին բոցաշունչ ելույթ էր Աննա Վարդապետյանի ելույթը՝ միտված Նիկոլ Փաշինյանի մոտ Արգիշտի Քյարամյանի գործուն ջանքերով իր սասանված դիրքերը վերականգնելուն: Իրավապահ համակարգում համառ լուրեր են պտտվում, որ Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի մոտ նախկին հեղինակությունն ու դիրքը չունի, ու անգամ շուրջ 2 ամիս առաջ քննարկվել է վերջինիս պաշտոնավարումը շարունակելու նպատակահարմարության հարցը: Եվ հիմա առավել, քան երբևէ, գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունն ապացուցելու խնդրի առջև է կանգնած, թե չէ, ինչպես ասում են, «свято место пусто не бывает»: Աննա Վարդապետյանը վստահաբար շատ լավ է հիշում, թե ինչ կատարվեց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հետ՝ վերջինիս համար ճակատագրական մի հարսանիքի ժամանակ:
Բայց մեկ է, Փաշինյանը դժգոհ էր. ապօրինի գույքերով բռնագանձումները քիչ են: Ու այստեղ նիստին ներկա արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համենայն դեպս որոշեց ապահովագրել իրեն:
«Ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, կառավարությունը, չի եղել իրավապահ և դատական համակարգից եկած մի խնդրանք, որը չբավարարի: Դա և աշխատավարձի բարձրացումն է, և շենքային պայմանների ապահովումն է, և նոր ինստիտուտների ստեղծումն է»,- շտապեց ասել Գրիգոր Մինասյանը՝ համենայն դեպս ևս մեկ անգամ շեշտելով՝ իրենց բաժին է հասել խայտառակ արդարադատական համակարգ:
Օրն ավարտվեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի արձագանքով, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սասուն Խաչատրյանին:
«Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմը: Նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ»,- նշված էր Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Այն, որ այլոց ելույթներում Կարեն Անդրեասյանը խնդիր չէր տեսել, խոսում է այն մասին, որ սա սոսկ պատասխան էր Սասուն Խաչատրյանին: Իսկ Խաչատրյան եղբայրների ու Կարեն Անդրեասյանի «ջերմ» հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն: Այնպես որ, մատի ու մատանու արանքը մտնելը մեր գործը չէ:
Ուշագրավ է, որ երեկ տեղի ունեցողն այնքան արտառոց էր, որ անգամ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը չկարողացավ չանդրադառնալ կալանքի համատարած կիրառմանը ու այդ համատեքստում մարդու իրավունքների խախտումներին:
Եվ վերջում: Նիկոլ Փաշինյանն ու նրա անվան իրավապահ համակարգը «մոռացան» նշել, որ հայկական արդարադատության գերեզմանին ծանր տապանաքարը հենց իրենք են դրել՝ քաղաքական հրահանգների ու Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելով՝ պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում ազատելու ձևով: