Ցավոք, այսպիսի վատ հարաբերություններ Հայաստանի ու Արցախի միջև չեն եղել որևէ կառավարման օրոք. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ՝ եթե Արցախից բռնի տեղահանված արցախահայության՝ Արցախ վերադառնալու մասին են խոսում, ապա դա անպայման պետք է ինչ-որ ծրագրի տեսքով լինի։ Սակայն դրա համար անպայման պետք է ունենալ Արցախի պետականություն։

«Որպես Արցախի պետականություն՝ այն անպայման պետք է լինի, որպեսզի մենք հարկ եղած դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը ծագի, կարողանանք այդ նույն ժողովրդին կազմակերպել։ Արցախ վերադառնալու հետ է կապված նաև այն, թե մենք ինչպիսի կարգավիճակ ենք տալիս այսօր ՀՀ տարբեր մարզերում, Երևանում բնակվող արցախցիներին։ Դա ժամանակավո՞ր կարգավիճակ է, թե՞ մենք ինչ-որ բան հիմնովին փոխում ենք, հետո շատ դժվար է լինելու նույն վերադառնալու հետ կապված մարդկանց իրավաքաղաքական ներկա կարգավիճակը մեկ անգամ էլ փոխել»,- «Արցախ. Ընթացիկ հարցեր և հեռանկարներ» քննարկման ժամանակ ասաց Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա, տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները շատ հապճեպ մի որոշում են ընդունել, որպեսզի արագ կարողանան ինչ-որ ձևով մարդկանց տեղավորել։ Եվ այդ հապճեպ ընդունված որոշման արդյունքում այսօր հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչպես վարվել և ում դիմել։ Դիմելու դեպքում էլ ստանում են մերժում, որից հետո սկսում են փնտրտուքներ, թե որտեղ կարող են ստանալ իրենց խախտված իրավունքների պատասխանները։

«Երևի առաջին անգամ է, որ ես հրապարակային մասնակցում եմ քննարկումների, որովհետև երկու ամսվա ընթացքում ես ինձ անընդհատ բռնում էի այն մտքի վրա, որ պատրաստ չեմ խոսել։ Այն, ինչի միջով բոլորս անցել ենք՝ սթրեսային իրավիճակը, սեպտեմբերի 19-ը և դրան հաջորդած օրերը։ Երկու ամիս է, արցախահայությունը Հայաստանում միայն տխուր իրադարձությունների է մասնակցում՝ հոգեհանգստի, հուղարկավորությունների։ Նման իրավիճակում մարդիկ ոչ միայն այս մասին են մտածում, այլև, թե որտեղ են ապրելու, աշխատելու։ Կարծում եմ՝ այս բոլոր հարցերի կարգավորումները միայն պետական միջոցներով է հնարավոր, այսօրվա քննարկումների մակարդակով անհնար է գտնել։

Կարդացեք նաև

Ցավոք, այսպիսի վատ հարաբերություններ Հայաստանի ու Արցախի միջև չեն եղել որևէ կառավարման էլիտաների օրոք»,- հավելեց նա։

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահի կարծիքով՝ իհարկե, հասկանալի են այն նրբերանգները, որոնք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ներկայացնել, որ Արցախի թեման կարող է վնասել Հայաստանին։ Սակայն այստեղ խոսքը միայն պաշտոնական հարաբերությունների մասին չէ, այլ մարդկային, անձնական հարաբերությունների։ Հենց այստեղ կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ։

«Արցախի պետականությունը պահպանելու թեման այսօրվա թեմա չէ միայն, այն ապագայի թեմա է։ Եթե մենք մտածում ենք մեր ընդհանուր հայկական պետականության մասին, շատ կարևոր է, որպեսզի Արցախի պետականությունը կարողանանք շատ պահել։ Ինձ համար զարմանալի է, որ կարծես  մենք 10 օրում մոռացության ենք տվել այն, ինչը 30 տարի շարունակ եղել է մեր հայկական միասնական օրակարգում։ Մենք մոռացել ենք 1988 թվականի ազգային զարթոնքը, Արցախի տված հպարտության զգացումը, որ ամբողջ Հայաստանը, սփյուռքը, հայկական բոլոր գաղթօջախները դրանով են ապրում։ Մենք 25 և ավելի տարիներ այդ հպարտության զգացումը կրել ենք։ Եթե մենք այս հարցերը մեր մտքից հանենք, շատ դժվար է տեսնել մեր ժողովրդի ապագա ստրատեգիան։

Ամեն մի արցախցու երազանքն է՝ վերադառնալ իր երկիր, ծննդավայր, իր տուն։ Ունենք տխուր իրողություններ, երբ մարդիկ տեսանյութերով ստանում են իրենց տների թալանը, ավերումը։ Միամիտ է մտածել, որ Ադրբեջանի ներկայացուցիչները  փակում են հայերի դռները, կնքում են կամ հատուկ պահպանության տակ են առել։ Եթե մենք վերադարձի իրավունքի հետ չկարողանանք ապահովել մեր ինքնորոշման իրավունքը, ապա մեզ սպասվում է հերթական հիասթափությունը»,- եզրափակեց Աշոտ Ղուլյանը։

Տեսանյութեր

Լրահոս