Բաժիններ՝

«Մարզպետարանը տեղյակ է, թե ինչ են անելու՝ չեմ կարող ասել». Սահմանամերձ Խնածախում գազիֆիկացման խնդիրը շարունակում է չլուծված մնալ 

Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, որը ուղիղ թշնամու նշանառության տակ է, բացի անվտանգային խնդիրներից, բախվել է ձմռան  խնդիրներին։ Բանն այն է, որ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 տուն է միայն գազիֆիկացված,  մնացած տները տաքացվում են փայտով, փայտ էլ քչերին է հաջողվում գնել։

168.am հետ զրույցում Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ այս խնդիրը որևէ կերպ չի լուծվել, բնակիչներն էլ ի վիճակի չեն փայտ գնել, քանի որ փայտի 1 խորանարդ մետրը 25 հազար դրամ է։

«Գյուղացուն այդ հնարավորությունը որտեղի՞ց, որ վառելափայտ առնի։ Այս պահի դրությամբ այն բնակիչները, որոնք սեփական հողում հին ու չոր ծառ են ունեցել, կտրել-բերել են, որպեսզի որոշ ժամանակ յոլա գնան»,- նշեց Սեյրան Միրզոյանը։

Նրա դժվարացավ ասել, թե մեկ բնակչին որքան գումար է պետք, գազի խողովակը տուն հասցնելու համար, սակայն միջին հաշվարկներով յուրաքանչյուր տան համար անհրաժեշտ կլինի շուրջ 500 հազար դրամ։

Կարդացեք նաև

Իսկ Սյունիքի մարզպետարանը խնդրին տեղյա՞կ է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի: Մեր հարցին ի պատասխան՝ Սեյրան Միրզոյանն ասաց.

«Մարզպետարանը տեղյակ է, բայց թե ինչ են անելու, չեմ կարող ասել։

Գյուղապետարանը ռեսուրս չունի գյուղացիներին վառելափայտով օգնելու համար, համայնքն էլ չի կարողանալու, 140 տուն կա, ինչպե՞ս եք պատկերացնում, 140 տանն ինչպե՞ս է հնարավոր օգնել վառելափայտով։ Մենք այդքան բյուջե չունենք»։

Ինչ վերաբերում է գյուղի դպրոցի ջեռուցմանը, գյուղապետը փոխանցեց, որ դպրոցը նույնպես գազիֆիկացված չէ, ջեռուցումը փայտով է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Այդ գյուղերից մեկը Խնածախն է, որը գտնվում է  ուղիղ թշնամու նշանառության տակ։

Տեսանյութեր

Լրահոս