«Վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ընկնելու, մեզ գցելու են բլոկադայի մեջ, թողնելու ենք՝ դուրս գանք». Խնածախի բնակիչ

Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի ուղղությամբ. թիրախում Խոզնավար և Խնածախ գյուղերն են։ Ադրբեջանական կրակոցներն արդեն տեղի են ունենում 2 ամիս շարունակ՝ գիշերները, հաճախ կրակոցները թիրախավորված են։

Խնածախում այս գիշեր ևս կրակել են, ի տարբերություն նախորդ օրերի՝ կրակոցները երկար են տևել։

Բնակիչներից մեկի խոսքով, ում խնդրանքով անունը չենք հրապարակում, պատմելու չէ այն ամենը, ինչը տեղի է ունենում Խնածախում։

«Մեր տանը քնելու շատ տեղ կա, եկեք մեկ օր մնացեք, ձեր աչքով տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը Կապան էր գնացել, թող գար այստեղ՝ տեսներ, ո՞վ պետք է ասեր, որ գար, պետք է ֆայմեր ու գար։ Այդ կրակոցները երբեմն թիրախավորված են, չի բացառվում, որ մի օր էլ մեր տան վրա կրակեն, ես ամենաշատը վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ընկնելու, մեզ գցելու են բլոկադայի մեջ, թողնելու ենք դուրս գանք։ Ինքս ամենաշատը դրանից եմ վախենում, որ մեզ կզրկեն մեր տներից ու մեր ջահելներին էլ նորից կգցեն մսաղացի տակ»,- 168.am հետ զրույցում նշեց Խնածախի բնակիչը։

Նա Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում՝ կա՛մ կլինի խաղաղություն, կա՛մ ոչ, թշնամին ուզի՝ պատերազմ կանի, չուզի՝ չի անի։

«Այս իրավիճակը մտահոգություններ է առաջացնում բնակիչների շրջանում, ով հնարավորություն ունի, մտածում է գնալու մասին, խոշոր ու մանր անասունները ծախում են, հնարավորություն չունեն պահելու։ Մենք մի հավաբնի չափ տեղ չունենք, որտե՞ղ գնանք, Երևա՞ն, ընկնենք մարդկանց ոտքերի տա՞կ, ընկնենք Նիկոլ Փաշինյանի ոտքի տա՞կ։ Գյուղում բնակիչների մի մասը գազ չունի, խմելու ջուր չկա, գնում ենք դույլերով այլ տեղից ենք բերում, աշխատանք չկա, ու այսքանին էլ գումարվում են  թշնամու կրակոցները։

Ժամանակին գոնե հնարավորություն կար անասուն պահելու, նորմալ հող մշակելու, հիմա դրա հնարավորությունն էլ չկա։ Գոնե աշխատանք լինի, երիտասարդությունն աշխատի, մնա գյուղում, որ այս գյուղը, այդ հողը պահի, ո՞վ կուզի իր տունը, տեղը թողնի գնա. ոչ մեկը, բայց որ ստիպված եղան, ի՞նչ կարող ես ասել։ Չգիտեմ, ո՞վ պետք է մտածի այս ժողովրդի մասին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս