
«Ամեն գիշեր կրակում են. Արդեն 2 ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակում են, եթե բնակիչները վախենային՝ կհեռանային գյուղից». Խնածախի վարչական ղեկավար

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առիթով ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Այդ ուղերձում որևէ անդրադարձ չկա Շուշիի ազատագրման 33-ամյակի վերաբերյալ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հարավային Կովկասը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։
«Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական նպատակները։
Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին հայտարարություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Ադրբեջանին կոչ արել՝ հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Ադրբեջանի Զու ներկայացուցիչները, արդեն 2 ամիս է՝ կրակում են Սյունիքի, Գեղարքունիք ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց՝ ադրբեջանական կողմի կրակոցները երբեմն թիրախավորված են, և դրանց վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս հայտարարությամբ։
«Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասվել է միայն մեկ տան տանիք, փառք Աստծո, մարդկային կորուստներ չունենք։
Իրավիճակն այս պահին նորմալ է, բայց դե, ամեն գիշեր այդ կրակոցները կան»,- նշեց Սեյրան Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս պահին «ամեն հիմնարկ աշխատում է», կարծում է՝ բնակչի տան տանիքի հարցը կլուծեն։
«Արդեն 2 ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակում են, եթե բնակիչները վախենային, ընկճվեին, ապա կհեռանային գյուղից։ Բայց մարդիկ շարունակում են ապրել, սա պարզապես ադրբեջանական կողմի հերթական անշնորհքությունն է, դժվար է իրենց անշնորհքությունով մեզ վախեցնել»,- ընդգծեց Սեյրան Միրզոյանը։