«Ի վերջո, իրական օրենք և օրինականություն կգտնե՞մ իմ երկրում՝ ժողովրդավարության բաստիոնում». քաղաքացին ահազանգում է
168.am-ի խմբագրություն է դիմել 60-ամյա Հովհաննես Գասպարյանը՝ ահազանգելով, որ 2019 թվականին «միամտորեն հավատացել է «Մոգո» վարկային կազմակերպության գովազդներին և հայտնվել թակարդում»:
Քաղաքացին հույս ունի, որ խնդիրը շարունակ լուսաբանելուց հետո հայրենի մասնագետ-իրավաբանների ստվար շարքերում կգտնվի որևէ մեկը, որ կցանկանա օգնել իրեն՝ վերականգնելու իր իրավունքները:
Իսկ մինչ այդ՝ Հովհաննես Գասպարյանը 2020 թվականից ստանձնել է սեփական շահերը պաշտպանելու գործը: Ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունն ու օրենսգրքերը՝ փորձելով դատական համակարգին ապացուցել իր իրավացիությունը:
«2019 թ. հոկտեմբերին պայմանագիր եմ կնքել «Մոգո» կազմակերպության հետ: Կնքվել է միանգամից երկու պայմանագիր՝ մեքենայի առուվաճառք և սպառողական վարկի տրամադրման, և կոշտ գրավի, այսինքն՝ այն մեքենան, որ գնել եմ, դրել եմ գրավ՝ վարկ վերցնելու համար:
2020 թվականի մարտ ամսին, երբ եղավ Covid համավարակը, ունեցա խնդիրներ: Երբ իրենք զանգահարեցին, ես իրենց խնդրեցի՝ ինչպես մյուս բանկերը, վարկային արձակուրդ տրամադրել, ինչի մասին նաև Փաշինյանն էր ասել, սակայն նրանք հրաժարվեցին՝ փոխարենն առաջարկելով մեկամսյա պայմանագիր, որն անվանել են վերակառուցման պայմանագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին:
Հովհաննես Գասպարյանի վարկը այդպես էլ չի հայտնվում համավարակի օրերին կառավարության ամեն նիստում Փաշինյանի ներկայացրած վարկային արձակուրդների վիճակագրության մեջ, և քաղաքացուն առաջարկվում է նոր պայմաններով համաձայնագիր:
«Ինձ ներկայացրել են այսպես, թե պետք է մասնակի փոփոխություն կատարվի, այսինքն՝ որպեսզի մարտ ամսվա չվճարված գումարը չփոշիանա, դրա համար ամսական մուծումները, որոնք իմ կողմից արվում էին, պետք է մի փոքր ավելացվեին,- պատմում է քաղաքացին՝ նկատելով, որ «Մոգո»-ի աշխատակցի այդ պարզաբանումից հետո ստորագրում է նոր պայմանագիրը, որը կոչում են համաձայնագիր, ու միայն ամիսներ անց՝ գրավադրված մեքենայի վերադարձը պահանջող ծանուցագրից հետո է տեղեկանում, որ ստորագրել է ամենևին այլ թուղթ,- Ընդհանրապես, սպառողական գրավով պայմանագրերն ունեն հստակ չափորոշիչներ՝ մայր գումար, ամսական մուծումներ և վարկային ժամկետ: Ես տեսա, որ այդ չափորոշիչները բոլորն էլ փոխված են՝ մինչդեռ պետք է փոխվեր միայն ամսական մուծումը:
Օր են նշանակել, ես գնացել իրենց աշխատակցի հետ խոսել եմ, ներկայացրել, սակայն դա արդյունք չտվեց, ու քանի որ համոզմունք ունեի, որ կատարվել է օրինախախտում, որ կա հանցակազմ, որոշեցի դիմել իրավապահ համակարգին»:
Քաղաքացին նշեց՝ մինչև դատական քաշքշուկում հայտնվելը վերադարձրել է մեքենան՝ նշանակված եռօրյա ժամկետում, սակայն «Մոգոն» գնահատել է, թե իբր մեքենայի վաճառքից ստացված գումարը բավարար չի եղել, ու քաղաքացին իրենց դեռ 531 հազար դրամ էլ պարտք է:
«Իրենք հենց այս պահանջով էլ հետագայում մտել են արբիտրաժային դատարան: Իսկ ամբողջ խնդիրը այդ համաձայնագրում է կայանում: Ես Վերաքննիչ քրեական դատարանում ևս ասել եմ, որ «Մոգոն» փաստացի ինձ տրամադրել է մի փաստաթղթի փոխարեն՝ մեկ այլ փաստաթուղթ:
2022 թվականի փետրվարի 24-ին, ըստ ուղարկված որոշման, Արբիտրաժային դատարանը վարույթ էր ընդունել «Մոգո» վարկային կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումը։ Զավեշտը, մեղմ ասած, կայանում է նրանում, որ դատարանը վարույթ էր ընդունել մի հայցադիմում, որում եղած փաստական տվյալները և փաստական հանգամանքը կա՛մ ստահոդ են, կա՛մ հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են։
Իսկ իմ կողմից ներկայացված հակընդդեմ հայցն արբիտրի կողմից մերժվել է, որովհետև չի ներկայացվել գումարային պահանջ։ Այս գործի, ինչպես նաև իմ և կազմակերպության միջև կնքված փաստաթղթերի հետ կապված՝ ես պատշաճ ուսումնասիրել եմ Օրենքի պահանջները և չեմ գտել որևէ հոդված, որով պահանջ ներկայացվի, որ դատարան բերվող դիմումը, հայցադիմումը կամ հակընդդեմ հայցը պարտադիր պետք է գումարային հայտ պարունակի, կամ էլ պիտի համապատասխանի որևէ հոդվածի բոլոր մասերին, կետերին։
Մինչդեռ հակընդդեմ հայցում մեկ առ մեկ անդրադարձել էի հայցադիմումի թերություններին, նշել, որ երկուսի միասնական քննությունը միայն հնարավորություն կտա բացահայտելու ամենակարևորը՝ փաստական հանգամանքը։
Արբիտրաժային դատարանի որոշումից էլ տեղեկացել եմ, որ մեքենաս վաճառվել է։ Այդքանը միայն,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով,- Ըստ էության, «Մոգո»-ի կազմած համաձայնագիրը և արբիտրաժային դատարան ներկայացրած տեղեկանքը իրավական տեսանկյունից համարվում են պաշտոնական կեղծ փաստաթղթեր (ՔՕ 457-րդ հոդված): Դա հիմնավորվում է Վճռաբեկ դատարանի նախադեպային գործերից մեկում արտահայտած դիրքորոշումներով»:
60-ամյա քաղաքացին դիմել է նաև Վճռաբեկ դատարան, սակայն, ինչպես ինքն է նշում, օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ կազմված բողոքը դատարանը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, թե, իբր, չի համապատասխանում գործող Օրենսգրքի պահանջներին։
«Դա այն դեպքում, երբ սահմանված է՝ «մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը բերված բողոքների Վերաքննիչ և Վճռաբեկ քննությունները պետք է իրականացվեն նախկին Օրենսգրքի պահանջներին համապատասխան»։ Ի դեպ, այդպես է վարվել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը։ Ցանկացած իրավաբան, ով իր գործի մասնագետն է, ծանոթանալով Բողոքի բովանդակությանը, կհաստատի ասածներիս ճշմարտացիությունը,- հավելեց նա՝ տեղեկացնելով նաև, որ այդ որոշման հակասահմանադրականությունը փորձել է վիճարկել նաև Սահմանադրական դատարանում, սակայն անօգուտ,- Հետաքննիչը չկատարելով հետաքննչական որևէ գործողություն և ձեռք չբերելով որևէ ապացույց՝ մերժել է քրեական գործ հարուցելու խնդրանքս: Հսկող դատախազը գտել է, որ հետաքննիչը գործել է «ջանասիրաբար»:
Առաջին ատյանի դատարանի դատավորը ուժի մեջ է թողել հետաքննիչի որոշումը՝ անտեսելով վերը նշված հանգամանքը, դատական նիստի ժամանակ իմ ներկայացրած հիմնավորում-ապացույցները՝ իր հերթին թույլ տալով դատական սխալ, քրեադատավարական իրավունքի հիմնարար խախտումներ:
Վերաքննիչ քրեական դատարանը «բանի տեղ» չի դրել նախորդ դատավորի թերությունները, և իր հերթին թույլ է տվել հիմնարար խախտում, շեղվել դատական նիստի օրակարգից:
Սահմանադրական դատարանը ոչ միայն սրբագրեց նախորդ դատավորների «անթերի» որոշումները, այլև անխափան կանաչ լույս վառեց վարկային կազմակերպության ապօրինությանը»:
Հովհաննես Գասպարյանը տեղի ունեցածը համարում է աթոռների անփառունակ շքերթ՝ շեշտելով, որ երկրում օրենքն ու քաղաքացին ստորադասվում են:
«Ինչո՞ւ աթոռների. իշխանություն և դիրք ունեցող պետական պաշտոնյան, որն իր մասնագիտական պարտականությունները, իր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, վերջապես, սեփական պատիվը ստորադասում է հենց այդ դիրքին, իշխանությանը, ուզած-չուզած՝ վերածվում է աթոռի, այսինքն՝ կորցնում է անձնական դեմքը,- շեշտեց մեր զրուցակիցը՝ արձանագրելով, որ իր հետ կատարվածը փաստում է՝ ՀՀ-ում դեռևս ամուր հիմքերի վրա է գտնվում ծանոթ-բարեկամ, ընկեր- կոլեգա կապը,- Փորձելու եմ դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, բայց, անկեղծ ասած, թերահավատ եմ. ի վերջո, իրական օրենք և օրինականություն կգտնե՞մ իմ երկրում՝ ժողովրդավարության բաստիոնում»:
Ի դեպ, որևէ դատարանում հաշվի չեն առել քաղաքացու հիշեցումը, թե Նիկոլ Փաշինյանն է ասել վարկային արձակուրդների մասին:
Նշենք, որ համավարակի օրերին «Մոգո» վարկային կազմակերպության դեմ քաղաքացիների ահազանգերի մասին տեղեկացնում էին նաև մի շարք լրատվամիջոցներ: