Հեքիաթասացը, ԵԽԽՎ համազեկուցողներն ու վերջում երկնքից ընկած երեք խնձորը, կամ՝ երբ Հանս Քրիստիան Անդերսենի փառքը հանգիստ չի տալիս
«Կարեն Անդրեասյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները»,- սա հատված է օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ժողովրդավարության այս «մաստեր կլասը» ցույց է տվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին։
«Հյուրերի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները»,- շարունակում ենք կարդալ ԲԴԽ հաղորդագրության մեջ:
Առհասարակ վաղուց արդեն զարմանալի չէ ԲԴԽ-ի աննախադեպ ցինիզմը, բայց ամեն դեպքում այս հայտարարությունը տարածողին ցանկանում ենք մի հարց ուղղել՝ ո՞ր ձեռքբերումը նկատի ունեն՝ դատավորին ազատ խոսքի արտահայտման համար նրա լիազորությունները դադարեցնե՞լը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմը մի օրում էականորեն թեթևացնե՞լը, մեկ այլ դատավորի լիազորությունները համակարգի խնդիրները բարձրաձայնելու համար դադարեցնե՞լը, 10 րոպեում դատավոր նշանակելու օրենսդրական փոփոխությո՞ւնը, ՄԻԵԴ վճիռներից հետո ընտրովի արդարադատությո՞ւնը, Վերաքննիչ քրեական դատարանի կազմին ԲԴԽ-ում հավաքելն ու նոր ստվերային նախագահ ընտրելու գործընթաց կազմակերպե՞լը, մի օրում 50-ից ավելի քաղաքական բանտարկյալներով մի կենտրոնից եկած հրահանգով քրեակատարողական հիմնարկները լցնե՞լը, դատական նիստերը ձախողելով ու շարունակ չանցկացնելով՝ մարդկանց ՔԿՀ-ներում պատանդ պահե՞լը, արդարադատության նախարար ընկերոջ հետ միասին «պասերով» անցանկալի դատավորներից ազատվե՞լը, դատավորներին հերթով փչացնե՞լը, դատավորներին քրեական հետապնդման ենթարկե՞լը, թե՞ միայն իրենց չենթարկվողների գլխին շարունակ դամոկլյան սուրը պահելը:
Պատրանքային ժողովրդավարության գունագեղ ներկայացման գագաթնակետն արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթների միջոցով ոչ կոմպետենտ դատավորներից ազատվելու մասին հայտարարելն էր՝ որպես ցնցող ձեռքբերում:
«Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու իրավունքի գերակայությունը չի կարող այլընտրանք ունենալ, նա նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, ինչպես նաև դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Մասնավորապես՝ անդրադարձել է վերջին մեկ տարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված կարգապահական վարույթների արդյունքներին, որոնց ճնշող մեծամասնությունը նախաձեռնվել է Արդարադատության նախարարության կողմից, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դատական համակարգը որոշակիորեն զտել՝ համակարգից դուրս մղելով ոչ կոմպետենտ դատավորներին»,- կարդում ենք ԲԴԽ հրապարակած տեքստում:
«Ժողովրդավարության առաջամարտիկը», սակայն, թերևս մոռացել էր, որ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներով ինքը հանդես է գալիս որպես դատավոր և չի կարող հպարտանալ արդարադատության նախարար ընկեր ունենալու հանգամանքով՝ անկախ դրա շարժառիթից, այն էլ այնպիսի ընկեր, ում հետ ունի նաև ֆինանսական ու պարտնյորային հարաբերություններ:
Բացի դրանից, «ոչ կոմպետենտ» դատավորներ ասելով՝ Կարեն Անդրեասյանն ո՞ւմ նկատի ունի, եթե լիազորությունները դադարեցված դատավորներից ընդամենը մեկն է նախկինում անցել կարգապահական վարույթով, և այն էլ ինքը՝ անձամբ ԲԴԽ նախագահը, շատ լավ գիտի, որ այդ վարույթը դատավորի ոչ կոմպետենտության հետ որևէ առնչություն չունի:
Հայաստանում «իրավական բեսպրեդելի» ու քաղաքական բանտարկյալների աննախադեպ աճի հիմնական մեղավոր կարող ենք մատնացույց անել հենց Կարեն Անդրեասյանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ չի միջամտում դատական իշխանության գործունեությանը: Այստեղ կարող էր ծիծաղող զմայլիկ լինել, սակայն փոխարենը կարելի է վերհիշել հայտնի լուսանկարը:
Այս համատեքստում տեղին է հիշել, որ Եվրոպայի խոշորագույն երկու միավորները՝ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (EPP) խստորեն դատապարտել էին ՀՀ գործող իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է:CDI-ը բառացի հայտարարել էր, որ «Խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է,
Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքից,
Կոչ է անում կառավարությանը անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները»:
Ընդ որում, ԵԺԿ քաղաքական ասամբլեան 2 ամսվա ընթացքում երկրորդ անգամ է բանաձև ընդունում և Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, և դադարեցնել իշանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»»:
Հետևաբար, հաշվի առնելով դատական համակարգում ստեղծված ներկայիս իրավիճակը, լեգիտիմ կասկածներ են առաջանում, որ դատական իշխանության ղեկավար ԲԴԽ նախագահն ամեն օր մի բան է հորինում դատարանների նախագահների միջոցով դատավորներին ճնշելու և ահաբեկման (հատուկ Կարեն Անդրեասյանի համար նշենք, որ նկատի չունենք զենքը դատավորների գլխին դնելը.- Գ.Ս.) եղանակներով ցանկալի դատական ակտեր ստանալու համար: Հակառակ կանխավարկածի դեպքում ստացվում է, որ դատական համակարգը հեղեղված է հոգեկան հիվանդություններով տառապող անձանցով, որոնք տառապում են ապօրինի դատական ակտեր կայացնելու մոլուցքով, իսկ Հայաստանի իրավապահ ողջ համակարգը` տարբեր գույնի բերետներից մինչև տարբեր տրամաչափի դատախազներ, համոզված ու վստահ են, որ դատավորներն իրենց հուսախաբ չեն անի: Բա էլ ինչի՞ համար Վճռաբեկ դատարանի նախագահին պարգևատրեցին հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով:
Նկատենք, որ նույն թեմայի շուրջ Եվրոպայի ներկայացուցիչներին տրամագծորեն հակառակ տեղեկատվություն են տվել ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները՝ ներկայացնելով այլ պատկեր:
Ուշագրավ է, որ այցի արդյունքներով՝ հենց ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մտահոգություն են հայտնել Հայաստանի դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց ստացած տեղեկատվության առնչությամբ:
«Այնուամենայնիվ, կարգապահական վարույթները դեռ դժգոհություն են հարուցում, իսկ քաղաքական դրդապատճառներով որոշումների վերաբերյալ մեղադրանքները կասկածի տակ են դնում դրանց լեգիտիմությունը: Այս մտահոգություններից գոնե որոշները վերացնելու համար Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել բարեփոխումների նախագիծ»,- գրված է pace.coe.int -ում:
Եվ ևս մեկ նկատառում. ԲԴԽ տեղադրած հաղորդագրության մեջ առհասարակ չի նշվում, թե ինչպես են իրենց ներկայացրած «բարեփոխումների շքեղագույն փաթեթին» արձագանքում ԵԽԽՎ մոնիտորինգի գծով համազեկուցողները: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ՄԻԵԴ դատավոր դառնալու հույսը չկորցրած Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ն չի անդրադարձել այս նուրբ հանգամանքին: