Դոմինիկյան Հանրապետությունը թմրանյութերի դեմ պայքարի համար թույլատրել է ԱՄՆ մուտքն արգելված տարածքներ
Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը հայտարարել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նպաստելու նպատակով թույլատրել է ԱՄՆ կառավարությանը գործողություններ իրականացնել երկրի այն տարածքներում, որտեղ մուտքը խիստ սահամափակված է։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նախագահը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ներկայությամբ նշել է, որ սահմանափակ ժամանակով ԱՄՆ-ն կարող է լիցքավորել ինքնաթիռները, տեղափոխել սարքավորումներ և տեխնիկական անձնակազմ Սան Իսիդրո ավիաբազայի և Լաս Ամերիկաս միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող հատվածներում, որտեղ մուտքը խիստ սահմանափակված է։
Հեգսեթը նոյեմբերի 26-ին Սանտո Դոմինգոյում էր՝ հանդիպելու երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Աբինադերի և պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Կառլոս Անտոնիո Ֆերնանդես Օնոֆրեի հետ։
Հեգսեթը նշել է, որ Դոմինիկյան Հանրապետությունը բարդ մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից տարածաշրջանային առաջնորդ է։ «Այս պատճառով է, որ այսօր ես այստեղ եմ։ Այս պատճառով է, ոչ մենք որոշել ենք առաջինն այստեղ գալ»,- ասել է նա։
Աբինադերը նշել է, որ համաձայնագրի շրջանակը «տեխնիկական է, սահմանափակ և ժամանակավոր»։
«Նպատակը հստակ է՝ ամրապնդել մեր զինված ուժերի օդային և ծովային պաշտպանական օղակը, որը վճռորոշ ուժ կլինի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու և անդրազգային կազմակերպված հանցավորությանը ավելի վճռական հարված հասցնելու համար», – ասել է նա։

