Ֆրանսիայի դատարանը ուժի մեջ է թողել Bygmalion-ի գործով Սարկոզիի դատավճիռը
Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 26-ին հրապարակած վճռով ուժի մեջ է թողել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ կայացված դատավճիռը՝ 2012 թվականի ընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Դատարանը հաստատել է Սարկոզիի մեկ տարվա ազատազրկման դատավճիռը, որը սահմանվել էր 2024 թվականի փետրվարին։
Սարկոզին կարող է կրել վեց ամիս պայմանական ազատազրկում, իսկ մնացած վեց ամիսը կարող է մեղմացվել, օրինակ՝ էլեկտրոնային ապարանջան կրելով։ Ֆրանսիայի նախկին նախագահը շարունակում է հերքել իր դեմ ներկայացված մեղադրանքները։
Այս գործի կենտրոնում 2012 թվականի նախընտրական քարոզարշավի հետ կապված ծախսերն են։ Մասնավորապես, Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ գրեթե կրկնապատկել էր օրենքով սահմանված 22,5 միլիոն եվրոյի ծախսերի սահմանաչափը:
Միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Bygmalion ընկերությունը, որի անունով էլ կոչվում է այս գործը, թաքցրել էր ծախսերի գերազանցման փաստը։Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ ձևով է կրելու պատիժը Սարկոզին։ Ակնկալվում է, որ նրա փաստաբանները կպահանջեն մեղմ պատիժ՝ հաշվի առնելով նրա 70 անց լինելու փաստը:
Վճռաբեկ դատարանը նաև անփոփոխ է թողել վերաքննիչ բողոքներ ներկայացրած ևս երեք մեղադրյալների, այդ թվում՝ Սարկոզիի քարոզարշավի ղեկավարի դատավճիռները:2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզին 2025 թվականի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել մեկ այլ գործով ևս։ Գործը, որը ստացել էր «լիբիական գործ» անվանումը, կապված էր 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ:
Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։
Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր բանտից պայմանական ազատ արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրան դատական հսկողության տակ դնել։ Սարկոզիին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։

