ԱՄՆ-ում դադարեցվել է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը
Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում են Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։ Որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա հորդորել էր կառավարությանը վերանայել Աֆղանստանից Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալների գործերը։
«Մեր հայրենիքի և ամերիկացի ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը մնում է մեր հիմնական նպատակը և առաքելությունը»,- X-ի էջում գրել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը։
Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։ Կատարվածի համար ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանի մի քաղաքացու։ Դեռևս հայտնի չեն գործողության շարժառիթները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն ահաբեկչություն է որակել։ Նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում՝ ընդգծելով, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։ Թրամփը նաև հայտարարել է, որ Ազգային գվարդիականների վրա Վաշինգտոնում իրականացված հարձակումը վկայում է, որ անօրինական ներգաղթյալների հոսքը իսկական սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար։

