Բաժիններ՝

Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին

Պերուի դատարանը նոյեմբերի 26-ին դատապարտել է նախկին նախագահ Մարտին Վիսկարային 14 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնը ստանձնելուց տարիներ առաջ կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ դատավճռի՝ Վիսկարան շինարարական ընկերություններից 676,000 դոլարի համարժեք կաշառք է ստացել հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց, երբ 2011-ից 2014 թվականներին եղել է Մոկեգուա հարավային շրջանի նահանգապետ։

Անցյալ տարվա հոկտեմբերից սկսված դատավարության ընթացքում Վիսկարան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման զոհ է։ Նա իշխանության էր եկել 2018 թվականին՝ նախորդի հրաժարականից հետո, սակայն երկու տարի անց կաշառակերության մեղադրանքով հետաքննությունների ֆոնին հեռացվել էր պաշտոնից Կոնգրեսի կողմից։

«Սա արդարադատություն չէ, սա վրեժխնդրություն է։ Բայց նրանք ինձ չեն կոտրի», – հայտարարել է Վիսկարան իր դատավճռից հետո X-ում արված գրառման մեջ։ Նրա իրավաբանական թիմը հաստատել է, որ բողոքարկել է դատավճիռը, որով նաև արգելվում էր Վիսկարային ինը տարի պետական ​​պաշտոն զբաղեցնել։Նրա ավագ եղբայրը՝ Մարիո Վիսկարան, ծրագրում է մասնակցել 2026 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին «Պերուն առաջինը» կուսակցությունից, որտեղ նախկին նախագահը հանդես էր գալիս որպես հիմնական խորհրդական։

«Պատասխանը քվեախցիկում է։ Իմ եղբայրը՝ Մարիո Վիսկարան, կշարունակի այս պայքարը», – ասել է Մարտին Վիսկարան։Վիսկարան կտեղափոխվի Լիմայի նույն բանտ, որտեղ այժմ պահվում են նաև երկրի երեք այլ նախկին նախագահներ։ Նրանցից երկուսը՝ Ալեխանդրո Տոլեդոն և Օլանտա Ումալան, պատիժ են կրում կոռուպցիոն մեղադրանքներով, իսկ մեկը՝ Պեդրո Կաստիլյոն կալանավորված է ապստամբության մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս