Դա հանք չէ, սովորական հողեր են, որտեղ, պարզվել է, ավազ կա. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ երեկ մամուլում տարածված տեղեկությունը, թե իր կինն Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի ապօրինի հանք է շահագործում, իրականության ու փաստերի «խեղաթյուրում» է, և այդպիսի պնդումների հիմքեր չկան:

«Դա գործում է օրինական հիմքով, և բոլոր փաստաթղթերը տնօրինության մոտ են: Ես լրագրողին ասել եմ, որ տնօրինությունից կարող են վերցնել բոլոր փաստաթղթերը, դրանք առկա են և կարող են դրա հիման վրա եզրակացություն անել: Լրագրողը, հավանաբար, շտապել է ու սենսացիոն հոդված է հրապարակել»,- ասաց Բագրատյանը:

Բագրատյանը, այդուհանդերձ, չհերքեց hetq.am կայքում հրապարակված հոդվածի տեղեկությունը, որ հողատարածքը նրա կնոջը չի պատկանում:

«Այս պահին չի պատկանում, բայց պատկանելու հարցը չէ: Իրապես օրինական գործունեություն է ծավալում: Գրվել էր, որ իրավապահ մարմինները չեն զբաղվում՝ ձեզ ցույց տամ ընկերության գործունեության հետ կապված վարչական ակտ, որը գրված է հոկտեմբերի 5-ով: Այսինքն, 3 ամսվա ընկերություն է, 15 մլն հարկ է վճարել»,- հավաստիացրեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ ընկերությունն աշխատում է օրինական դաշտում:

Կարդացեք նաև

«Ե՛վ ՏԿԵ, և՛ Շրջակա միջավայրի նախարարություններին, և՛ տեսչական մարմնի ղեկավարին… բոլորին տեղեկացրել է, որ այս գործունեությամբ է զբաղվում: Այսինքն, այգեգործությամբ է զբաղվել, որի արդյունքում ավազային հատիկներ կան՝ մոտ 20-30 տոկոս: Ով խնդրել է, որ թույլատրեն ավազը լվանալ ու օգտագործել իր կարիքների համար, ինչն էլ թույլատրվել է՝ բոլորի կողմից: Տեսչական մարմնին նույնիսկ գրվել ու խնդրվել է մոնիտորինգ անել, որպեսզի հանկարծ ընդերքը չվնասենք»,- ասաց Բագրատյանը՝ հավաստիացնելով, որ Երկրաբանական ֆոնդը եզրակացություն է կազմել, որ տեղում հանք առկա չէ, «հետևաբար՝ չի կարող լինել հանքարդյունաբերություն, այն էլ՝ ապօրինի»:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ Բագրատյանը մանրամասնել է, որ հողատարածքն ուրիշի սեփականությունն է: Անցած տարվա նոյեմբերից, սակայն, նրա խոսքով, այն վարձակալությամբ վերցվել է՝ ինտենսիվ այգեգործությամբ զբաղվելու նպատակով:

Ինչ վերաբերում է առանց ՇՄԱԳ փորձաքննության անցկացման՝ շահագործումը թույլատրելու հարցին՝ Բագրատյանն ասաց, որ ընկերությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն: Գերատեսչությունն էլ անհրաժեշտ չի համարել փորձաքննություն անցկացնել:

«Նախարարությունից պատասխանել են, որ այս գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար՝ նոր ՇՄԱԳ անելու կարիք չկա: Այսինքն, եթե լիներ հանքարդյունաբերություն՝ տեղեկությունը ճիշտ կլիներ, բայց դա պարզապես ավազի լվացում է, իսկ սեփական կարիքների համար մինչև 2 մետր խորությամբ  ավազի տնօրինումը թույլատրվում է մեր երկրի օրենսդրությամբ, ինչն էլ արվում է ընկերության կողմից»,- ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս