«Ինձ քաղաքական ուժերի օրակարգերը հետաքրքիր չեն, այ ԱԺ պատգամավորների գործողությունները…». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ ԱԺ-ում էր․ այս անգամ ակնկալում էր հանդիպում ունենալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Հանրային ու քաղաքական գործիչն այս անգամ ևս եկել էր քննարկելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի օրակարգը։ Սակայն նրան հայտնեցին, որ այդ հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Սերգեյ Բագրատյանը նպատակահարմար չի գտնում ընդունել իրեն։

«Ես այստեղ ներկայացել եմ ԱԺ կողմից հայտարարված՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում, և պատգամավորները պարտավոր են ընդունել, լսել քաղաքացիներին, բայց ահա արդեն 3-րդ ամիսն է՝ միայն ՔՊ խմբակցության պատգամավորները վախենում են ինձ հետ հանդիպելուց,- հերթական մերժմանն արձագանքեց Էդգար Ղազարյանը, ապա պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում են խտրական մոտեցման առնչությամբ մեկնարկած գործընթացները, նշեց,- Ես բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ եմ ներկայացնում գլխավոր դատախազին, որովհետև Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական հոդված խտրականություն ցուցաբերելու համար՝ պայմանավորված նաև մարդու քաղաքացու հայացքներով, հասարակական գործունեության, այլ տեսակետներ ունենալու հանգամանքով։ Եվ այդ հոդվածն առավել խիստ պատիժ է նախատեսում պաշտոնատար անձանց պարագայում»։

Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած գործիչն արձանագրեց, որ Գլխավոր դատախազը տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում՝ տեղի ունեցողին պատշաճ արձագանք չտալու համատեքստում։ Վերջինը, ամեն դեպքում, այս քաղաքական իրողություններում չի զարմացնում Էդգար Ղազարյանին։

Կարդացեք նաև

168am-ն Էդգար Ղազարյանից նաև հետաքրքրվեց՝ որքանո՞վ է այս փուլում իրատեսական իմպիչմենտի գործընթացը, եթե քաղաքական ուժերը լծվել են 2026 թվականի ընտրությունների նախապատրաստմանը։

Նա ի պատասխան՝ նկատեց․ «Ինձ քաղաքական գործիչների, ուժերի օրակարգերը հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է ԱԺ պատգամավորների՝ իրենց պարտականություններից բխող գործողությունների կատարումը․ նրանք պարտավոր են կատարել իրենց ֆունկցիաները՝ վերահսկեն կառավարության գործունեությունը, իսկ անհամապատասխանության առկայության դեպքում՝ անվստահություն հայտնեն վարչապետին»։

Նա նաև հայտնեց, որ պատրաստվում է երկուշաբթի օրը երեք խմբակցություններին գրություն գրել՝ առաջարկելով, որ նրանք նաև անվստահության գործընթաց սկսեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նկատմամբ, «որովհետև նա էլ է զբաղեցնում նախագահի հետ անհամատեղելի պաշտոններ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս