Պետք է անվտանգության երաշխիք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էսկալացիա չլինի. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգից։

Ըստ նրա, առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը։

«Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Խաղաղության պայմանագրի երեք սկզբունքներն ըստ էության համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում։ Մասնավորապես՝ այս տարվա մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ թվարկեց, թե կոնկրետ որ սկզբունքների շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը եկել համաձայնության։

Ըստ այդմ, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.800 քկմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 քկմ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարևոր սկզբունքը։

«1991 թվականին Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է։ Ըստ էության, ըմբռնում կա այն մասին, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային Միության ԶՈւ Գլխավոր շտաբի 1974-1990 թվականների քարտեզները։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ համաձայնեցված է նաև հետևյալը՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով երրորդ սկզբունքի մասին, նա ընդգծեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա։

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վերջին տարիներին ամենաշատ քննարկված, շահարկված թեմաներից է, որի շրջանակներում Հայաստանի կառավարությանը և անձամբ իրեն վերագրվել են խոստումներ, պարտավորություններ, նույնիսկ դավադրություններ։

«Մեր բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «խաղաղության խաչմերուկ» նախագծում, և մենք պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը։ Հիմա ուզում եմ ասել, որ «խաղաղության խաչմերուկ» նախագծում արտահայտված են նաև մեզ տրված խոստումները և մեր առաջ ստանձնած պարտավորությունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ եթե Ադրբեջանի հետ համաձայնեցված է խաղաղության պայմանագրի առաջարկները, ինչո՞ւ այն չի ստորագրվում, հետո ինքն էլ իր հարցին պատասխանեց.

«Մեծ հաշվով, պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր հայտարարությունների ու գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա։ Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների մեխանիզմի ձևակերպումն է։  Ցավոք, այդպես էլ է լինում, որ մի նախադասությունը հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել։ Մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Կառավարությունը և անձամբ ես մտադիր եմ ակտիվացնելու այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, և ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կզեկուցենք»,- շեշտեց Ն. Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս