
«Դուք այնքան թույլ եք, որ իրենք ինչ ասեն՝ անելու եք, ինչքան ուզեն՝ այնքան էլ կվերցնեն. Սահմանամերձ գյուղի բնակիչ

Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում մշտապես բարձրացնում են, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների վերադարձման» հարցը: Վերջերս էլ՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ, Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրությամբ հերթական անգամ հիշեցրել է, թե Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել «8 ադրբեջանական գյուղ», որոնք, իբրև, դեռ «օկուպացված են»:
Թշնամական այդ երկիրը, սակայն, «մոռանում է» դեռևս 1990-ականներին ու Արցախյան 2-րդ պատերազմից հետո ՀՀ սուվերեն տարածքի գյուղատարածքների օկուպացման իրողությունը:
Տավուշի մարզի սահմանային Պառավաքար գյուղի նախկին վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական կողմը, դեռևս 1993-1994 թվականներին, օկուպացրել է 1400 հեկտար տարածք: Սա, նրա խոսքով, կազմում է գյուղի հողատարածքի գրեթե 40 տոկոսը:
«Էլի են խլելու, քանի դեռ էս սերունդն էսպիսին է»:
«Ինչպիսի՞ն ենք, պարոն Մարգարյան»:
«Դե, միասնական չեք, էլի… էս ինչ է, դեռ ավելի շատ ենք կորցնելու, եթե խելքներս գլուխներս չհավաքենք»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից գյուղի տարածքներն օկուպացնելու պատճառով բնակիչների մեծ մասը զրկվել է հողերից:
«Իմ հողն էլ են օկուպացրել: Հիմա էդ հողերի վրա ցորեն են ցանում, բարիք ստանում»,- ասաց սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչը՝ համոզմունք հայտնելով, որ ադրբեջանցուն որևէ դեպքում չես կարող ստիպել լքել այդ տարածքները, եթե նա դրանից որևէ շահ չունենա:
«Չգիտե՞ք, որ դուրս չեն գա: Դուք այնքան թույլ եք, որ իրենք ինչ ասեն՝ դուք անելու եք: Իրենք են ասողը: Ինչքան ուզեն, այնքան էլ կվերցնեն: Տարան էդքան մատղաշ կյանքեր անիմաստ զոհ տվեցին: Որ մահացան՝ ի՞նչ փոխվեց: Մեզ հայրենանվերներ են պետք, որ ամեն ինչ հետ բերենք»,- եզրափակեց խոսքը Տավուշի սահմանամերձ Պառավաքար գյուղի նախկին վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը:
Նազելի Ստեփանյան