Ցանկացած երկիր պաշտպանության իրավունք ունի. Վրաստանը` Հայաստան զենքի մատակարարման մասին

Ցանկացած պետություն ունի պաշտպանության իրավունք, իսկ Վրաստանը հարևան Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցիկ գործառույթից։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին` պատասխանելով Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումների մասին հարցին։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել մատակարարումների մասին տեղեկությունը՝ ասելով, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից բացի, այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել։

«Վրաստանը դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ պետք է տալ հնարավորություն օգտագործելու տարանցիկ գործառույթը, որն ունի մեր երկիրը, ընդ որում՝ հավասար պայմաններով։ Ըստ այդմ՝ սա մեր պատասխանն է այդ հարցին, և անհարկի ակնարկները տեղին չեն»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Նա նշել է, որ Թբիլիսին Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացում բավականին հաջողությամբ չեզոք դիրք է գրավում։

«Վրաստանը տարիներ շարունակ փորձել է իր վրա վերցնել այդ բնական դերն այս գործընթացում, սակայն սա շատ բարդ հակամարտություն էր, և հենց վարչապետի հատուկ ջանքերի և երկու երկրների ղեկավարների հետ նրա անձնական հարաբերությունների շնորհիվ մենք կոնկրետ արդյունքի հասանք երկու երկրների համար փոխշահավետ համաձայնագրի տեսքով»,- հայտարարել է Դարչիաշվիլին։

Նա բացատրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց հռետորաբանությունն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ ՀՀ ՊՆ-ն չէր մեկնաբանել տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս