Չգնալ ՀԱՊԿ միջոցառումներին՝ նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել Հայաստանը. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հնարավոր հետևանքներին։
Ըստ Սեյրան Օհանյանի, Հայաստանն ունի երկկողմ հարաբերություններ իր ռազմավարական գործընկերների, հարևանների, եվրոպական հարթակի, ԱՄՆ-ի հետ։ Իսկ բազմակողմ հարաբերություններն այն ռազմաքաղաքական դաշինքներն են, որի մեջ Հայաստանը կա։
«ՀԱՊԿ-ն այն դաշինքն է, որը ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, և այդ ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև Հայաստանը։
Պարզ է, որ հարաբերությունների միջև կան խնդիրներ, նաև պարզ է, որ այդքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը։ Բայց այստեղ ստեղծվել է պայմանաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական կոմպոնենտի մեջ Հայաստանը մեծ ներգրավվածություն է ունեցել դրանց զարգացման հարցերում։ Օրինակ, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խաղաղապահ ուժերի ձևավորման մեջ, նույնիսկ օրինակ է եղել, ռազմական կոմիտեի, այսինքն՝ շտաբի պետերի համար հարթակ ձևավորելու նախաձեռնությունը Հայաստանինն է եղել»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բավականին լուրջ ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են՝ սխալ է ՀԱՊԿ միջոցառումներին չգնալը։
«Չգնալը ՀԱՊԿ միջոցառումներին՝ նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը։ Մենք այդ դաշինքի անդամ ենք և դրա շրջանակերում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները։ Շատ դեպքերում, իհարկե, հարաբերությունների վատթարացումը նաև կախված է եղել Հայաստանի իշխանություններից, հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, զորավարժություններին չմասնակցելը և այլն։
Գտնում եմ, որ Հայաստանը բոլոր այն կառույցներում, որտեղ ինքը մասնակցություն ունի, հատկապես՝ ՀԱՊԿ-ում, բոլոր միջոցառումներին պետք է մասնակցի։ Եթե ունի խնդիր, հարցեր, ապա դրանք պետք է բարձրաձայնի այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին։ Նա նաև հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում