«Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախոսով. Աբրահամյան

«Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ այդ հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում: «Առաջին, Ադրբեջանի առաջնային պահանջը՝ հայտնի 8 գյուղերի, այսպես կոչված, անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել: Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում, այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում:

Երկրորդ, Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցված օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանների ճշգրտման թեմայից դուրս բերել ՀՀ այն տարածքները, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն: Ավելին՝ Ադրբեջանը չտեսնելու, չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա վերահսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ:

Երրորդ, բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի հստակեցնում իր պաշտոնական դիրքորոշումը դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացի հիմքում եղած սկզբունքների վերաբերյալ և անորոշ նշում է, որ դրանք պետք է լինեն տարբեր քարտեզների ու պատմական արդարության հիման վրա, հասկանալի է, որ սրա անվան տակ Ադրբեջանը փորձելու է իրացնել իր մյուս տարածքային հավակնությունները»,- ասաց պատգամավորը:

Կարդացեք նաև

Ամփոփելով՝ Տիգրան Աբրահամյանը նշեց՝ այն, ինչ Հայաստանի իշխանությունը անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է: «Հայաստանի իշխանության՝ արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է նրան, որ 2019 թ. հռչակած «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ, նոր կորուստներ կարգախոսով:

«Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը մարդկային և տարածքային կորուստներ արձանագրում. սա, ի դեպ, ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը: Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը միջազգային դերակատարների անարգանքին ու լռությանն է բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ գործելու լայն դաշտ բացում»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս