«Արցախում ամենաթանկն ենք թողել՝ զոհված տղաներին». Արցախից բռնի տեղահանված

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, հազարավոր արցախցիների նման, մարտունեցի Գագիկ Պետրոսյանն էլ բռնի տեղահանվեց Արցախից։

Սեպտեմբերի 25-ին չունենալով այլ ելք, Գագիկ Պետրոսյանը և ընտանիքի անդամները ստիպված դուրս եկան Մարտունի քաղաքից։

Հաղթահարելով գաղթի 2-օրյա դժոխային ճանապարհը՝ հասել են Գորիս, Գորիսից էլ՝ Մասիս քաղաք։

«Սեպտեմբերի 19-ին մեծ մասշտաբով պատերազմ սկսվեց։ Մարտունի քաղաքը,  ինչպես միշտ, դիմադրում էր այնպես, ինչպես պետք էր, մինչև վերջ կանգուն մնաց։ Իհարկե, մեծ զոհերի գնով, բայց դիրքերը պահվեցին, որևէ մեկը հետքայլ չէր անում։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 20-ին ասացին, որ զինադադար է, դիրքերն այդպես պահում ենք, բայց չէինք սպասում, որ կասեին՝ շուտափույթ տեղահանվեք, որովհետև մենք որևէ դիրք չէինք կորցրել։ Տեղահանվեցինք, էլի… կարելի է ասել՝ կես օրվա ընթացքում բոլորս դուրս եկանք»,- 168.am հետ զրույցում ասաց Գագիկ Պետրոսյանը, ով Մասիսի եկեղեցում մասնակցում էր Արցախից բռնի տեղահանված 140 արցախցիների մկրտությանը, որոնցից մեկն իր թոռնիկն էր։

Արցախ վերադառնալու հույսը Գագիկ Պետրոսյանը չի կորցնում, ասում է՝ վերադառնալու հույսը ոչ մի անգամ չպետք է կորցնել։

«Գուցե այնպիսի մի բան լինի, որ ոչ թե պատերազմով, այլ ճիշտ քաղաքականություն տանելով, մենք կրկին վերադառնանք Արցախ, լավ կլինի, մենք այնտեղ ամենաթանկն ենք թողել,- ասաց մեր զրուցակիցը և մի կերպ հուզմունքը զսպելով ավելացրեց,- զոհված տղաներին»։

Ասում է՝ առաջին պատերազմում զոհեր տվեցին, բայց հող ազատագրեցին, բայց երկրորդ ու երրորդ պատերազմներում և՛ զոհեր տվեցին, և՛ տեղահանվեցին, ինչը շատ ցավալի էր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս