Ալիևը ՀՀ անձնագրով քաղաքացիներին արգելում է ապրել Արցախում. դրա համա՞ր է Փաշինյանն առաջարկում հրաժարվել Արցախի անձնագրերից. Մետաքսե Հակոբյան
Թեև Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ շարունակում է քայլեր չձեռնարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի իրացման ուղղությամբ՝ մոռանալով, որ խոստացել էր խաղաղության պայմանագիր չկնքել առանց Արցախի ժողովրդի իրավունքի և անվտանգության ապահովման, Փաշինյանի փոխարեն այդ հարցն անհրաժեշտություն է համարում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել,- «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի դեսպանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, կարևորելով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, շեշտեց՝ ցավալի է, որ այդ մասին լռում է Հայաստանի իշխանությունը, որի գործունեությունը համապատասխանում է ադրբեջանական թելադրանքին։
«Մինչդեռ, եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այդ իշխանությունը կգնար այլ ճանապարհով և չէր համարի Արցախի պաշտպանությունը Հայաստանին ուղղված սպառնալիք։ Ուզեն թե չուզեն՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր։ Արցախի շահերը չպաշտպանելն է վտանգավոր Հայաստանի համար»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝պատահական չեն Հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանի հայտարարությունները, թե Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վտանգում է Հայաստանը։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ դա արվում է արդեն Հայաստանին սպառնացող աղետների համար, հիմա էլ Հայաստանում գտնվող Արցախի իշխանությանն ու ժողովրդին մեղավոր կարգելու համար։
«Մարուքյանի ասածը կեղծ թեզ է՝ այլ նպատակով։ Այս իշխանությունը նախ այնպես արեց, որ կորցնի Արցախը, իսկ հիմա մեղավորներ կարգի Հայաստանին սպառնացողի համար։ Մեր աչքի առաջ կորցրեցինք Արցախը, երբ Արցախը մնաց առանց Հայաստանի իշխանության, իսկ հիմա առանց Արցախ չի կարող լինել ուժեղ Հայաստան. դրա ապացույցը բանակցային այն վիճակն է, որը մենք տեսնում ենք։ Հայաստանի շուրջ ժամ առ ժամ աճում է սպառնալիքը, դրա համար իրենք պետք է մեղավորներ կարգեն. մեղավորներ են լինելու այս անգամ Արցախի իշխանությունները»,- ասաց Հակոբյանը՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վտանգ համարողներին դիտարկելով Ալիևի պահանջները կատարողների շարքերում։
Խոսելով Փաշինյան-Ալիև սինխրոնացված աշխատանքի մասին, արցախցի պատգամավորը դրա համատեքստում առաջարկեց դիտարկել Արցախից բռնի տեղահանվածերին Հայաստանի անձնագիր տալու քաղաքականությունը։
«ՀՀ այս իշխանությունը շատ լավ գիտի, որ Արցախի Ազգային ժողովը, ի վերջո, նիստ գումարելու է, իսկ Արցախի նախագահը կա և հնարավորություն չի ունենալու ուղղակի չգործել՝ որպես Արցախի նախագահ։ Նա գործելու է սփյուռքի՞ օգնությամբ, թե՞ այլ, բայց մեկ է՝ դա լինելու է, որովհետև մենք որևէ իրավունք չունենք Արցախի հարցը փակելու, ուստի, չեմ կարծում, որ դադարել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածությունները։ Բաքվի մոտ կա մտավախություն, որ հետագայում Հայաստանի այլ՝ ազգային իշխանության դեպքում, հնարավոր է՝ փոխվի իրավիճակը։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արցախի քաղաքացիներն այդ նույն անձնագրով կարողացան մասնակցել 2021 թվականի ընտրություններին, հիմա այդ անձնագիրն անձնագիր չէ։
Ի դեպ, հիմա տալիս են անձնագիր նույն կոդով՝ 077. դա այն նույն կոդն է, որով տրված են Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը՝ տասնամյակներ շարունակ։ Հիմա նույն կոդով անձնագիր են տալիս, որի վերջին էջում չկա նշում, որ քաղաքացին ապրել է Արցախի Հանրապետությունում։ Քաղաքացու բնակության վայր նշված է Հայաստանի Հանրապետության այն փողոցը, որտեղ ժամանակավոր մնում է Արցախի քաղաքացին։ Հաշվի առնելով Ալիևի ավելի վաղ ասածը, որ Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել իր տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, ուստի ինձ համար կա վտանգ, որ Արցախի քաղաքացիներին Հայաստանի անձնագիր են առաջարկում հենց այդ նպատակով»,- ասաց Հակոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։