ՀՀ և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարներին:
Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները: Անդրադարձ է կատարվել նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցության հարցերի:
Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նախարար Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները: Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գորրծընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: