Արմինե Ադիբեկյանի մասնակցությամբ «Գեբելսի գործով» դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը, որը հանրության շրջանում հայտնի է՝ որպես «Գեբելսի գործ»:

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանը մեղադրվում է հետևյալ գրառման համար. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Մեղադրանքի կողմը սա դիտարկում է «բռնության կոչ»։

Դատական նիստին Արմինե Ադիբեկյանը ներկայացել էր իր պաշտպանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ: Նրան աջակցելու էին եկել վերջինիս ընկերները, բազմաթիվ հանրային, հասարակական-քաղաքական գործիչներ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Դատավարության մասնակիցների նույնականացումից հետո դատավորը հարցրեց՝ կա՞ն արդյոք բացարկի, ինքնաբացարկի, դատավարության մասնակիցներին սույն վարույթից հեռացնելու միջնորդություններ: Նման միջնորդություններ չկային: Հաջորդ հարցը վերաբերում էր վարույթը կարճելու ու Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական վարույթը կարճելու միջնորդությանը:

Կարդացեք նաև

Ռուբեն Մելիքյանը միջնորդեց կարճել վարույթը ու դադարեցնել քրեական հետապնդումը դրա առավելագույն ժամկետը լրանալու հիմքով:

«Փաստացի մեղադրանքն առկա է 2022թ. սեպտեմբերից: Որևէ գործողություն այդ ընթացքում չի կատարվել, բացի մեղադրյալի հարցաքննությունից: Խնդրում եմ պաշտպանել ոչ թե մեղադրյալի, այլ մարդու իրավունքները: Ժամկետները չհոսելու համար մեղադրանք չի առաջադրվում, անձին զրկում են պաշտպանության իրավունքից, գալիս է, վերջին օրով մեղադրանք են առաջադրում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արմինե Ադիբեկյանը միացավ միջնորդությանը, իսկ հանրային մեղադրողի կարծիքով, բնականաբար, միջնորդությունը հիմնավոր չէր ու ենթակա էր մերժման: Դատավորը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը:

Հաջորդիվ դատավորն իր նախաձեռնությամբ դատախազին հարցրեց՝ արդյո՞ք նա կարծում է, որ դեռ անհրաժեշտություն է բացակայելու արգելք խափանման միջոցը Արմինե Ադիբեկյանի նկատմամբ կիրառելը: Վերջինս պնդեց՝ այո, անհրաժեշտություն է:

Այնուհետև դատարանում հարցաքննվեց Արմինե Ադիբեկյանը, ով ի պատասխան դատարանի հարցի՝ ասաց՝ ցուցմունք տալու է: Ապա հանրային մեղադրողը խնդրեց ընդմիջել նիստը 3 օրով՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու համար:

Հայտարարվեց տեխնիկական ընդմիջում: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս