Հանձնարարը

2020թ․ արցախյան պատերազմից հետո Հայաստանի իշխանության կողմից վարվող քաղաքականության հիմքում ընկած է ամեն ինչ հանձնելու սկզբունքը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը փաստաթղթորեն Ադրբեջանին հանձնեց Արցախից օկուպացված տարածքները, դրանից հետո՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը, այլ ռազմավարական նշանակության տարածքներ, դիրքեր ու բարձունքներ։ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջնականորեն հանձնեց Արցախի  ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը, իսկ արդեն այս տարվա սեպտեմբերին լուռ անգործությամբ թույլ տվեց, որ Արցախը նաև ֆիզիկապես հանձնվի Ադրբեջանին։

Վերջինիս հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար նա պատրաստ է հանձնել նաև Ադրբեջանի կողմից «անկլավ» որակվող հայկական բնակավայրերը, իսկ մինչև այդ ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառկմ արդեն իսկ փաստացի հանձնված է Ադրբեջանին։

Թվարկվածները վերջին երեք տարիներին Փաշինյանի կողմից դրսևորած տոտալ հանձնողականության բազմաթիվ դեպքերից մի քանիսն են միայն։ Այս դեպքում ծագող առաջին հարցն այն է, թե ինչի՞ դիմաց է նա հեշտորեն հանձնում այն, ինչը մի դեպքում՝ հազարամյակներ շարունակ պատկանել է հայերին, մյուս դեպքում՝ Հայաստանինն է եղել հարյուրամյակներ կամ տասնամյակներ։

Պետականության շահերի կանխավարկածով առաջնորդվելու դեպքում այդ հարցի պատասխանը կարող էր լինել այն, որ նա հանձնում է՝ պետությունը հզորացնելու, պետության դիրքերն ամրացնելու համար, հանուն պետության, մի խոսքով։ Բայց կյանքը և առողջ բանականությունը վկայում են, որ Փաշինյանի հանձնումներից Հայաստանը միայն տուժում է, ընդ որում, հանձնման յուրաքանչյուր արարից հետո   պետության դիմադրողականությունն ավելի է թուլանում՝ հիմք դառնալով հաջորդ հանձնումների համար։ Հետևաբար՝ տրամաբանությունը հուշում է, որ հանձնումների այս շքերթն իրականացվում է ոչ թե պետության համար, այլ հանուն այլ մատերիայի, որը ոչ միայն կապ չունի պետականության հետ, այլև հակամետ է դրա շահերին։ Իսկ այդ մատերիան Փաշինյանի սեփական իշխանությունն է։ Դրա պահպանման համար նա պատրաստ է հանձնել գործնականում ամեն ինչ, ինչի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է կատարել պարզ վարժություն արդյոք հնարավոր կլինե՞ր պահպանել Արցախից ու Հայաստանից կորսվածի գոնե մի մասը, եթե 2020-ից հետո Փաշինյանը հանձներ ոչ թե Ադրբեջանից պահանջվողը, այլ սեփական իշխանությունը։

Կարդացեք նաև

Պատասխանը միանշանակ դրական է, քանի որ, եթե անգամ հնարավոր չլիներ պահպանել արդեն իսկ կորսվածն ամբողջությամբ, ապա դրա առնվազն մի մասը կարելի կլիներ չհանձնել՝ գոնե բանակցային գործընթացում դադար վերցնելու, բանակցողին փոխելու միջոցով։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի գնացել այդ քայլին, չի հանձնել իշխանությունը, փոխարենը՝ հանձնել է Արցախը, տարածքներ ու կենսական շահեր Հայաստանից։

Իշխանությունը չհանձնելու հարցադրմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի ծեծված պոպուլիստական արդարացում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն իբրև թե ընտրել է, հետևաբար՝ ինքը չի կարող հանձնել այն, ինչը պատկանում է ժողովրդին։ Իրականում սա պարզ դեմագոգիա է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրծքով պաշտպանում է ժողովրդին պատկանողի հատկապես ու առանձնապես այն մասը, որը բխում է իր շահերից, տվյալ դեպքում՝ իշխանությունը։ Բայց նա հեշտորեն հանձնում է հայրենիքը, տարածքները, ճանապարհներն ու լեռները, որոնք սեփականության շատ ավելի ամուր կապերով պատկանում են նույն ժողովրդին։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության՝ ժողովրդին պատկանող հողը կարելի է հանձնել, իսկ ժողովրդին պատկանող իշխանությունը՝ ոչ։

Իրականությունն այն է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ անձամբ իրեն, և դա ենթակա է պաշտպանության ամեն գնով։ Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքները, սակայն, պատկանում են ժողովրդին և ոչ թե՝ իրեն անձնապես, և դրանք կարելի է հեշտությամբ հանձնել՝ հանուն իրեն պատկանող իշխանության պահպանման։

Նիկոլ Փաշինյանը սովորական հանձնող չէ, իրականում նա հանձնարար է՝ հասկացության այն իմաստով, որ հանձնում է ուրիշինը՝ ժողովրդինը, արարելով սեփականը՝ իշխանությունը։ Այս հանձնարարությունը կանխելու մանդատ և հնարավորություն ունի միայն հասարակությունը՝ քաղաքացիների դատին հանձնելով նրան/նրանց, ովքեր պահպանում են իշխանությունը՝ հանձնելով այն, ինչը ժողովրդին է պատկանում շատ ավելի խորքային կապերով, քան իշխանությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս