ԱՄՆ-ը անգամ իր դրոշն ու ներդրումները չի կարողանում պաշտպանել, ինչպե՞ս է երաշխավորելու ՀՀ անվտանգությունն ու սուվերենությունը. սահմանապահ Երասխի բնակիչ
Սահմանային Երասխ գյուղի տարածքում կառուցվող մետաղաձուլական գործարանն անցած ամիսներին մշտապես ենթարկվել է թշնամական ԶՈՒ-երի թիրախավորմանը։ Գործարանի աշխատանքները տևական ժամանակ պարալիզացված են եղել։
Վերջին ամիսներին լուրեր էին տարածվում գործարանն այլ՝ ավելի անվտանգ տարածք տեղափոխելու մասին։ Դիտարկվող վայրերից մեկն Արարատ քաղաքի մոտակա տարածքն էր։ Այդ տեղեկությունը, սակայն, գործարանի ներկայացուցիչները տևական ժամանակ ո՛չ հերքում, և ո՛չ էլ հաստատում էին։
Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում սահմանապահ գյուղի տարածքում բազմիցս փորձեր էին արվել վերականգնելու մետաղաձուլական գործարանի շինարարական աշխատանքները, սակայն չէր հաջողվում: Գործարանի տարածքում մարդկային անգամ փոքր շարժ նկատելու դեպքում թշնամական Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ էին բացում գործարանի ուղղությամբ՝ ահաբեկելով թե՛ գործարանի տարածքում գտնվողներին, թե՛ տեղի սահմանապահ բնակիչներին:
Իսկ այս տարվա հունիսի 14-ին, գործարանի տարածքում իրերի տեղափոխման ու այլ աշխատանքներ իրականացնելու ժամանակ, ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից թիրախավորվել ու հրազենային կրակոցից վիրավորում էին ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ:
Ընդ որում, այս ողջ ընթացքում կրակոցները միայն գործարանի տարածքով չէին սահմանափակվում: Թշնամին բազմիցս թիրախավորել է նաև գյուղի բնակելի հատվածները:
Ադրբեջանական ագրեսիան հնարավոր չեղավ զսպել անգամ ԱՄՆ ներդրումներով կառուցվող գործարանի վրա այդ երկրի դրոշը տեղադրելուց հետո: Արդյունք չգրանցելով՝ ամերիկյան կողմը հայտարարեց, որ իր գործարանը համարում է իր սուվերեն տարածքը, ու դրա ուղղությամբ ցանկացած ոտնձգությունն ընկալելու է՝ որպես ոտնձգություն իր դեմ:
Իրավիճակը, սակայն, դրանից հետո էլ չբարելավվեց: Այսօր արդեն հստակ է, որ Ադրբեջանը կարողացավ հերթական անգամ իր օրակարգը թելադրել՝ հասնելով իր ցանկալի արդյունքին:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սահմանապահ Երասխում կառուցված մետաղագործական գործարանն արդեն իսկ տեղափոխվել ու կառուցվում է մեկ այլ վայրում: Նա, սակայն, չմանրամասեց, թե այն ուր է տեղափոխվել, հայտնելով, որ գտնվում է մոտակայքում:
Այսօր արդեն, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարարն է ԵՄ դիտորդների հետ այցելել սահմանամերձ Երասխ, ծանոթացել գյուղի ու սահմանային իրավիճակին:
Սահմանապահ Երասխ գյուղի բնակչուհի տիկին Էմման 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը ցույց է տալիս՝ ինչպես մեր երկրի ներկա իշխանությունների, այնպես էլ՝ գերհզոր համարվող տերությունների անկարողությունն ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ:
«Ամերիկացիների հայտարարությունները, թե Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմից որևէ ոտնձգություն պատժվելու է, պարզապես փուչիկ էր: Այս դեպքում մի շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ԱՄՆ-ը, որ այդպես մեծ-մեծ փրթում էր, թե պետք է պաշտպանել սուվերեն տարածքը, ինչպե՞ս է պատրաստվում անել դա: Այդ երկիրը չի կարողանում անգամ իր ներդրումներն ու դրոշը պաշտպանել, արդյո՞ք կարող է հոգալ սահմանամերձ բնակիչների անվտանգության խնդիրները: Կամ՝ այն դիտորդները, որ օրը մեջ հեռադիտակներն առած՝ գալիս են ու սկսում նայել, այսքան ժամանակ ի՞նչ են արել»,- վրդովված հարցադրում հնչեցրեց սահմանամերձ գյուղի բնակչուհին՝ հայտնելով, որ ադրբեջանական ագրեսիայի որոշակի զսպիչ օղակի դեր տանում են միայն գյուղում տեղակայված ռուսական ուժերը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Երասխի գործարանի տարածքում այս պահին այլևս մարդ չկա: Աշխատանքները լիարժեքորեն դադարեցված են: Արդեն տևական ժամանակ է՝ դրանք իրականացվում են «Զոդի» տեղանքում:
Ասում է՝ գյուղում վարձով ապրող ու գործարանում աշխատող հնդիկներն էլ վաղուց տեղափոխվել են Արարատ քաղաքի մոտակայք:
Հիշեցնենք, որ գործարանում աշխատանքի էին անցել նաև գյուղի՝ շուրջ երկու տասնյակ բնակիչներ: Գործարանի տարածքում, սակայն, նրանք այդպես էլ չհասցրին որևէ աշխատանք իրականացնել՝ հայտնվելով ադրբեջանցիների կրակոցների տակ: Հիմա էլ, Երասխի բնակչի խոսքով, այդ իրադարձություններից հետո նրանց մի մասն է, որ շարունակում է հաճախել գործարանի նոր տարածք:
«Գյուղի բնակիչներից մարդիկ կային, որոնց ձեռք չի տալիս այդքան գնալ-գալը: Ճանապարհը բավականին ծախսատար ու բարդ է անցնելը: Հիմա էլ Երասխում ինչ-որ սպորտդպրոց են կառուցում: Նրանք այդ դպրոցի շինարարության վրա են աշխատում: Աշխատողների մի մասն էլ, այդուհանդերձ, հավաքվում են ու մի մեքենայով գնում են գործարանի նոր տարածք՝ աշխատանքի՝ հասկանալով, որ ֆինանսի երկարատև աղբյուր է իրենց համար»,- ասաց սահմանապահ գյուղի բնակչուհին:
Երասխի մեկ այլ բնակչուհի՝ Միլենա Այվազյանը, մեզ հայտնեց, որ իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին աշխատանքի են ընդունվել գործարանում: Այնտեղ մի կարճ ժամանակ աշխատել են, բայց ադրբեջանական ագրեսիայի պայմաններում Այվազյանների ընտանիքի հայրը որոշել է դուրս գալ աշխատանքից:
«Եղբայրս էլ, ճիշտն ասած, մինչև գործարանը տեղափոխելու վերջին պահը դուրս չէր գալիս աշխատանքից՝ հույս ունենալով, որ, ի վերջո, հնարավոր կլինի վերականգնել աշխատանքի հունը: Բայց փաստորեն տեղափոխեցին: Տեղափոխությունից 1 ամիս անց ինքն էլ որոշեց թողնել աշխատանքը, քանի որ այլ տեղից նոր առաջարկ էր ստացել»,- ասաց Միլենան՝ հաստատելով դիտարկումը, որ գործարանի՝ գյուղում մնալու դեպքում իրենք կշարունակեին մնալ ու աշխատել այնտեղ, մանավանդ, որ աշխատանքը վատ չէր վարձատրվում:
Երասխի բնակիչները հերթական անգամ բարձրաձայնեցին նաև մեկ այլ կարևորագույն խնդրի մասին: Գյուղի տարածքում գտնվող խմելու ջրի ավազանն ուղիղ թշնամու նշանառության տակ է: Իսկ ավազանը չի վերահսկվում: Անցած ամիսների ընթացքում սահմանամերձ գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են թշնամու կողմից ավազանը թունավորելու վտանգի մասին:
«Վերջերս ասացին, որ պարեկներ պետք է գան: Ես դեռ չեմ տեսել: Դե, մենք չենք կարող գնալ ու վերահսկել վերահսկողներին: Մեզ մնում է հույսով սպասել: Չէինք ուզի, որ որևէ վատ բան լիներ, հետո հասկանային բարձրացված հարցի լրջությունը: Այդ ջուրը թունավորելու դեպքում, պետք է հասկանալ, որ ամբողջ գյուղն է տուժելու»,- ասաց տիկին Էմման:
Չնայած առկա դժվարություններին, սահմանապահ գյուղի բնակչուհին վստահեցրեց, որ գյուղից հեռանալու ծրագրեր գյուղացիները չունեն:
«Մտածում ես՝ հարևանդ քեզ ապտակում է, իսկ դու գլուխդ իջեցնում ես նրա ոտքերի տակ: Սա թե անկարողություն է, թե գուցե հատուկ նպատակային ձևով չեն ցանկանում արձագանքել ադրբեջանցիների գործողություններին՝ չեմ կարող ասել: Բայց մեր ամբողջ ազգի հպարտությունը վերջնական կոտրեցին, ոտնատակ տվեցին: Բայց գնալու տեղ չունենք: Արցախցիները ստիպված էին թողնել իրենց տները: Եկան Հայաստան: Բա մե՞նք ուր գնանք: Դիմացը պատ է: Վերջին հենարանը սա է: Բայց այս վիճակը երկար շարունակվել չի կարող»,- ասաց թշնամու դիտակետից ընդամենը 500 մետր հեռավորության վրա բնակվող մեր հայրենակիցը:
Նազելի Ստեփանյան