Որևէ քաղաքական ուժի չեմ հարում, երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար. Թաթոյանի արձագանքը Մինասյանին

Արման ԹաթոյանԸ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ազգային կոմիտեի» ձախողման պատճառների մասին Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝  գրելով.

«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։

Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձեւավորելու կամ այն գլխավորելու հարցեր։

Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։

Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ ինձ:

Ես ինքս երբևէ չեմ խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, և իմ գործունեությունը մշտապես մեր հանրության աչքի առաջ է։

Նորից եմ կրկնում այն, ինչ արդեն 1 անգամ հրապարակայնորեն ասել եմ 1 տարի առաջ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»:

Տեսանյութեր

Լրահոս