Արցախի հանձնումը մի օրում չեղավ. սկսեց հանձնվել 2018թ․-ից, վերջում Ադրբեջանը պահանջեց ամեն ինչ ու միանգամից. Հակոբ Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ազնիվ չէ բացասական արտահայտվել այն հանդիպումների մասին, որոնց դու չես մասնակցել, ու դրանք անվանել «պադվալային», իսկ այն հանդիպումները, որոնցում դու ընդգրկված ես, համարել ազգի փրկության ծրագիր։
  • Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առնվազն 3-4 անգամ հրաժարական տալու մտադրություն է ունեցել, հայտարարել է այդ մասին։ Քաղաքական ուժերը ոչ միանշանակ են արձագանքել դրան։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մեր կուսակցությունը դրել է դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։ Ցավոք, չենք կարողացել հասնել դրան։ Սակայն օգոստոսին նրա կողմից հրաժարականի մասին խոսելը, հետո հրաժարական տալը ոչ մի կերպ մեզ հետ համաձայնեցված չէր։ Եվ ասել, որ դա ութնյակի ճնշման արդյունք էր, ճիշտ չէ։ Ընդհակառակը, այդ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները, Արայիկ Հարությունյանին հորդորել են շուտափույթ որոշում չկայացնել։ Որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի վրա, որ նա հրաժարական տա, չի եղել։ Հրաժարականն իր սեփական որոշումն է եղել։ Եվ նրա այդ քայլի պատճառով տոտալ շրջափակման մեջ գտնվող ու հացի խնդիր ունեցող Արցախի ժողովուրդը կանգնեց նախագահ ունենալու խնդրի առջև։ Դրանից հետո խնդիր ունեինք  այնպես անել, որ չփլուզվի նախագահական ինստիտուտը։
  • Բազմաթիվ անգամներ Արայիկ Հարությունյանն ասել է, որ իր վրա ճնշում չի եղել և ոչ էլ կարող էր լինել։ Նա իր հրաժարականի որոշումը բացատրում էր նրանով, որ ինքն արդեն իրեն սպառել է նախագահի պաշտոնում, և երկրի ղեկին մնալը վնասում է Արցախի Հանրապետությանը։ Կարծում եմ, այնուամենայնիվ, Հայաստանից նրա վրա եղել են ճնշումներ, որովհետև բացի արտաքին ճնշումներից՝ այդ ժամանակ նաև ներքին լարվածություն էր հասունանում, որը մի օր կպայթեր։ Միգուցե նաև դա էր պատճառը։ Միանշանակ չեմ կարող ասել։ Դա ինքը պետք է ասի՝ արդյո՞ք արտաքին ճնշումներ, այդ թվում՝ Հայաստանից, եղել են։ Բայց մի բան պարզ է՝ Արցախում բոլորն օրերն էին հաշվում, թե Արայիկ Հարությունյանը երբ է հրաժարական ներկայացնելու։
  • Արայիկ Հարությունյանի հրաժարականին նախորդեց Ազգային ժողովում շատ ներկայացուցչական կազմով, բայց անհասկանալի ֆորմատով հայտնի 6-ժամյա փակ քննարկումը, որին մասնակցում էին նաև Արցախի նախկին նախագահները, կուսակցությունների ղեկավարները, ԱԺ խմբակցությունները և այլք։ Հենց այդ ժողովից 1-2 օր հետո հետևեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
  • Անձամբ Սամվել Բաբայանը նույնպես մասնակցում էր ԱԺ այդ քննարկմանը, և նրա դիրքորոշումը որևէ բանով չէր տարբերվում իրենց նախորդ դիրքորոշումներից։ Միակ տարբերությունն այն էր, որ այդ ժողովի ժամանակ նա հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, նրանց փոխանցել է 23 կետից բաղկացած ինչ-որ փաստաթուղթ, և, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է դրանից։ Մեզ համար դա նորություն էր։ Բայց Արայիկ Հարությունյանի կողմից որևէ ժխտողական պատասխան չհնչեց, նա չհաստատեց, բայց և չասաց՝ ոչ, ես տեղյակ չեմ նման փաստաթղթի գոյությունից։
  • Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի թեկնածությունն առաջադրել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» ՔՄԴ կուսակցությունը։ Մյուս խմբակցությունները քննարկել են նրա թեկնածությունը։ Ամեն մի անձ չէր համարձակվի նման իրավիճակում մտնել այդ բեռի տակ, բայց ի պատիվ Սամվել Շահրամանյանի՝ նա համաձայնեց։ Այլ թեկնածու չառաջադրվեց, մյուս խմբակցությունները միասին հանդես եկան նրա թեկնածությանը կողմ, և Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ։

Կարդացեք նաև

  • Մինչև նախագահի ընտրությունն ԱԺ խմբակցությունները գիշերը հանդիպել են Սամվել Բաբայանի հետ ԱԺ նախագահի ներկայությամբ։ Քննարկել ենք այն իրադարձությունները, որոնք կարող էին տեղի ունենալ նախագահի ընտրության օրը։ Սամվել Բաբայանին հորդորել ենք փողոցային ընդվզումներ անել օրինականության սահմաններում, որ թշնամուն առիթ չտանք մտնել քաղաք։
  • Սեպտեմբերի 19-ին սկսված հարձակումից հետո մեկ օր շարունակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պատվի մարտ տվեց։ Եկավ մի պահ, երբ հասկացանք, որ հնարավոր չէ այլևս շարունակել, որովհետև անգամ մեր վիրավորներին հոսպիտալացնել չէր լինում, և նրանց հնարավոր չէր տեղափոխել Հայաստան։ Մարտական գործողությունները պետք է դադարեցվեին, որովհետև ադրբեջանական զորքերը ոչ թե Ստեփանակերտի մատույցներում, այլ քաղաքի տարբեր արվարձաններում էին։
  • Ադրբեջանցիները պահանջում էին ամեն ինչ և միանգամից։ Արցախյան կողմը փորձում էր հնարավորինս մեղմել դրանք։ Տարբեր քննարկումների արդյունքում ծնվեց այն հրամանագիրը, որն այսքան շահարկվում է։ Դա պարտադրանքի տակ ստեղծված փաստաթուղթ էր, բայց չարյաց փոքրագույնն էր, որին հասավ Սամվել Շահրամանյանը։ Մարտական գործողությունները պետք է դադարեցվեին, և խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությունը պետք է ապահովվեր, ու դա հնարավոր եղավ այդ գնով։ Ադրբեջանական կողմը պահանջում էր, որ բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, ընդգրկված լինեին հրամանագրի ստեղծման մեջ, բայց դա այդպես չեղավ։ Ամեն ինչ արվեց, որ այդ փաստաթուղթը հետագայում ծանր ազդեցություն չունենա այն պայքարի համար, որ դեռևս ավարտված չէ։ Արցախի Պաշտպանության բանակը նույնպես հասկանում էր, որ դա իր վերջին մարտը չէ։ 
  • Առնվազն լուրջ չէ անդրադառնալ Հայկ Խանումյանի հայտարարություններին, որովհետև որևէ մեկը չի կարող զանգել ու խնդրել Արցախի նախագահին, որ իշխանությունը փոխանցեն մեկ ուրիշի։
  • Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված սադրանքով հերթական անգամ ցույց տրվեց, որ Արցախի սուբյեկտայնության պահպանման խնդիրը Հայաստանի իշխանության համար անցանկալի է։ Դրա համար օգտագործվեց Արցախի ժողովրդի ներկայիս վիճակը։
  • Միշտ էլ Արցախի իշխանությունները կապի մեջ են եղել ՀՀ իշխանությունների հետ, և դա բնական է։ Դա այդպես է եղել թե՛ Արայիկ Հարությունյանի, և թե՛ Սամվել Շահրամանյանի ժամանակ։ Կարծում եմ՝ Հայաստանը միանշանակ տեղյակ էր՝ ինչ է տեղի ունենում Արցախում, և ինչ գնով են դադարեցվում մարտական գործողությունները։ Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն, որ տեղյակ են այդ ամենից։ Ազնիվ չէ 9 օրվա նախագահի վրա բարդել ամեն ինչ։ 9 օրվա ընթացքում մենք առերեսվեցինք այն հետևանքներին, որոնք դրանց նախորդած քաղաքականության ու գործողությունների արդյունք էին։
  • Եթե Արցախի նախկին նախագահներն ավելի վաղ ուզենային դուրս գալ, որևէ ձևով իրենք դուրս կգային, սակայն իրենք ունեցել են այն համոզմունքը, որ իրենք պետք է լինեին այն վերջին մարդիկ, ովքեր պիտի դուրս գային Արցախից։ Նրանց համար Արցախի 120 000 բնակչության ֆիզիկական անվտանգությունն ավելի կարևոր էր։
  • Մենք դուրս ենք եկել սեպտեմբերի 30-ին։ Մինչ այդ ԱԺ նախագահին հանդիպում էինք ԱԺ-ում, նախկին նախագահներին՝ իրենց գրասենյակներում։ Արցախի նախագահներն ու ԱԺ նախագահը գիտակցված որոշման արդյունքում են մնացել՝ իրենց անվտանգությունը զոհելով արցախցիների ֆիզիկական անվտանգության համար։
  • Եթե հրամանագիրը չստորագրվեր, ադրբեջանական զորքը կմտներ Ստեփանակերտ։ Կսկսվեին փողոցային մարտեր, առանց այդ էլ քաոսային իրավիճակն անկառավարելի կդառնար, ու կունենայինք անչափելի մարդկային կորուստներ, և նույնիսկ այդ դեպքում արդյունքում մենք կունենայինք նույն ավարտը։
  • Եթե Արցախի ժողովուրդն Արցախից դուրս է եկել, դա չի նշանակում, որ Արցախի հարցը փակվել է։ Արցախի ժողովուրդն իրենց բռնազավթված հայրենիքի սուբյեկտայնության կրողն է։
  • Փաստ է, որ ռուս խաղաղապահ ուժն Արցախի ժողովրդին չպաշտպանեց էթնիկ զտումից, այլ քննարկման հարց է, թե դա ինչո՞ւ տեղի ունեցավ։
  • Արցախն առանց Հայաստանի Հանրապետության հնարավորություն չուներ պայքարելու։ Նույն կերպ հնարավոր չէ պատկերացնել ուժեղ Հայաստան՝ առանց Արցախի։ Արցախի հանձնումը մի օրում չեղավ։ Արցախը հանձնվեց այն ժամանակ, երբ մենք բանակցային կողմից դարձանք առարկա, երբ սկսեցինք բանակցել սեփական զրոյական կետից, երբ 2018թ․-ից սկսած՝ ազատվեցինք մեր պատմական կաղապարներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս