Գյուղերն Ադրբեջանին հանձնելով՝ Հայաստանն «ապաշրջափակում» անվան տակ ամբողջությամբ հայտնվելու է լիակատար շրջափակման մեջ. Քրիստինե Վարդանյան

Արցախում Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմից ու ցեղասպանական գործողություններից հետո Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների անձնագրերը, ՀՀ իշխանությունների մեկնաբանությամբ, ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են եղել այսքան ժամանակ: Նրանց առաջիկայում պատրաստվում են, անձը հաստատող փաստաթղթից բացի, տրամադրել նաև փախստականի կարգավիճակ: Հիշեցնենք, որ վերջին կարճ ժամանակահատվածում, Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 4000 արցախցի մեր հայրենակից արդեն իսկ լքել է ՀՀ տարածքը:

Տարբեր մասնագետների գնահատմամբ՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալով՝ ՀՀ իշխանությունները կարող են նպաստել Հայաստանում գտնվող մեր հայրենակիցների հեռանալու գործընթացի աշխուժացմանը:

Իսկ ՀՀ իշխանություններն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո այդպես էլ ժամանակ չեն գտել ընդունելու Արցախի նախագահին կամ որևէ այլ ներկայացուցչի:

Մյուս կողմից, զուգահեռ գործընթացներ են ընթանում նաև Ադրբեջանում: Այնտեղ, տևական ժամանակ է, չեն դադարում քննարկումները, դեպի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունեն ՀՀ՝ պատմականորեն հայկական տարածքները.- Ն. Ս.) ադրբեջանցի «փախստականների վերադարձի» մասին՝ հայտարարելով, թե միայն այդ պայմանի կատարման դեպքում են պատրաստ Հայաստանի հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցերը:

Կարդացեք նաև

Ավելին, Ադրբեջանում շարունակվում է Հայաստանի հանդեպ տարածքային ակնհայտ հավակնությունների քաղաքականությունը: Օրերս այդ երկրի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարվել է, որ  ստեղծվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների էլեկտրոնային շտեմարան»:

Միևնույն ժամանակ, այսօր տրվեց Ադրբեջանի մոտ 600.000 քաղաքացիների անձնագրերում «Արևմտյան Ադրբեջան» մակնշման գործընթացի մեկնարկը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ, այստեղ ակնհայտորեն ականատես ենք և ՀՀ, և Ադրբեջանի ներկա իշխանությունների պետական մակարդակով տարվող գործընթացներին:

«Տարբերությունն այն է, որ, եթե Ադրբեջանում տեսնում ենք այդ երկրի պետական շահերից բխող պետական քաղաքականություն, ապա, ցավոք սրտի, Հայաստանում վարվող պետական քաղաքականությունը ևս բխում է Ադրբեջանի շահերից: Գործողությունները, ի վերջո, հանգում են նույն նպատակին: Մենք 1994 թվականի հրադադարից հետո տեսանք, որ Ադրբեջանը պետական հետևողական քաղաքականության արդյունքում, ֆորմալ առումով պահպանելով ինստիտուտները, իրենց տունը լքած քաղաքացիների թիվը, ստեղծելով գոյություն չունեցող համայնքներ՝ հիմա այդ ամբողջ գործընթացը ծառայեցնում է իր նպատակների իրագործման գործին: Եվ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ մենք չենք օգտագործում հօգուտ մեզ գոյություն ունեցող իրավական ու արդարության առումով առկա փաստարկները»,- ասաց Վարդանյանը:

Այս առումով ընդդիմադիր պատգամավորը կարևորեց, որպեսզի ամբողջությամբ փաստագրվի արցախցի մեր հայրենակիցների հետ տեղի ունեցածը, նրանց կորցրած գույքն ու պետական մակարդակով գործընթաց իրականացվի՝ տվյալների ու գույքային բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Մյուս կողմից, անդրադառնալով արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցին՝ Վարդանյանը կարևորելով  դրա միջոցով նրանց վերադառնալու հնարավորություն տալը, միևնույն ժամանակ որոշ խնդիրներ նշեց:

«Մենք տեսնում ենք պետական քաղաքականությունն առ այն, որ 100.000 արցախցիներին հայկական պետությունը չվերաբերվեց՝ որպես ՀՀ լիիրավ քաղաքացիների: Ու այստեղ է խնդիրը, որ հիմա միտում եմ տեսնում իշխանությունների իրականացրած նաև այս գործողություններում: Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որն ուներ Սահմանադրական պարտականություն՝ միջամտելու և կանխելու ցեղասպանությունը և էթնիկ զտումը, որը տեղի ունեցավ Արցախում, ինչը չարեց»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ արցախցի մեր հայրենակիցներն իրավունք ունեն վերադառնալու իրենց տները և տեր կանգնելու այնտեղ գտնվող հարազատների գերեզմաններին, ինչի ցանկությունը նրանք ունեն, բայց ո՛չ ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով:

Պատգամավորը ցավով արձանագրեց, որ այժմ տեսանելի չէ իր քաղաքացիների բոլոր՝ կյանքից սկսած՝ մինչև վերադարձի իրավունքի պահպանման պետական քաղաքականությունը: Այս ֆոնին, ըստ Քրիստինե Վարդանյանի, տեսնում ենք ագրեսիվ քաղաքականության շարունակական իրականացում, որը միտված է հստակ նպատակի՝ Արցախն օկուպացնելուց բացի, այն պլացդարմի վերածել: Սա, ըստ նրա, ակնհայտ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի վրա՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմական ու դեմոգրաֆիկ առումով:

Այս ամենի ֆոնին, անգործ չի մնում նաև Թուրքիայի նախագահը: Էրդողանը վերջերս հայտարարեց թուրքական երկրների «միասնականության» մասին՝ ևս մեկ անգամ պարզ ակնարկելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր բաղձալի երազանքի մասին: ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են «խաղաղության խաչմերուկ»-ների մասին: Հանրությանը փորձում են համոզել, որ թշնամական երկրների հետ սահմանները բացելու դեպքում մեր տարածաշրջանում անպայման խաղաղություն է հաստատվելու, իսկ Հայաստանի տնտեսությունը ներկայից եռապատիկ ավելի բարձր թռիչք է կատարելու:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանին սպասվող «խաղաղության» մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանը վստահ տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետևողականորեն իրականացվող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջև:

«Մարդը, ով չի կարողանում սեփական երկրի քաղաքում արձան (Նեմեսիս.- Ն. Ս.)  տեղադրել: Թուրքիան փաստացի միջամտում է մեր ներքին գործերին: Մարդը, ում օրոք օկուպացվում է երկրի ռազմավարական ճանապարհներից մեկը՝ Գորիս- Կապան ճանապարհը, ով 3 տարում 3 պատերազմ է բերել ու պարտվել: Ում միակ «ձեռքբերումը» պատմության մեջ այն է, որ ինքն Արցախը հանձնող միակ ղեկավարն է, կարո՞ղ է Մերձավոր Արևելքի պես տարածաշրջանում խաղաղության օր էլ չէ, ամիս էլ չէ՝ «դարաշրջան» բացել: Մենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքից հասել ենք Հայաստանի գյուղեր հանձնելուն: Իսկ այս իշխանությունը ո՞ր մի խոստումն է, որ տվել ու կատարել է: Ո՛չ մի: Ու դեռ խոսում ենք «խաղաղության դարաշրջանի» մասի՞ն: Դա նշանակում է ձեռք առնել մեր ժողովրդին: Մեր ժողովուրդն իսկապես ուզում է խաղաղություն, բայց դա չի կարող գերեզման լինել մեզ համար»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ խաղաղության համար պետք է հզորացնել բանակն ու կարողանալ պաշտպանվել:

Այս համատեքստում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև շեշտեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած գյուղերը գտնվում են Իրանի ու Վրաստանի հետ ունեցած կարևորագույն միջպետական ճանապարհների հատվածում: Սա, ըստ Վարդանյանի, նշանակում է, որ գյուղերը հանձնելով՝ Հայաստանն «ապաշրջափակում» անվան տակ ամբողջությամբ հայտնվելու է լիակատար շրջափակման մեջ:

«Որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, պետք է գիտակցեն, որ այդ դեպքում իրենք Վրաստան են գնալու ադրբեջանցիների կողմից վերահսկվող ճանապարհով: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսանք, պատրաստ է հանձնել այդ գյուղերը, ինչի մասին հայտարարել է՝ ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»»,- ասաց Վարդանյանը:

Իսկ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները,  ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, բոլորովին էլ վերացական չեն ու արվում են հստակ նպատակով:

«Այսօր սոցցանցերում արդեն կոչեր կան, որպեսզի մարդիկ մտնեն ու Երևանում տներ նշեն՝ որպես իրենց տներ, որտեղ իրենք կամ իրենց նախնիները ժամանակին ապրել են: Այսինքն, մենք խոսում ենք Կոնդում, Օպերայի հարակից տարածքում, Հայաստանի մյուս մարզերում ադրբեջանցիների ո՛չ միայն ապրելու, այլև ամեն ադրբեջանցու համար Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Իսկ տնտեսական ինտերվենցիայի առումով Թուրքիան կարող է այնպես անել, որ Հայաստանում բնակվող գյուղացին պարզապես դադարի լոլիկ մշակել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Վարդանյանն անդրադարձավ նաև «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի» հրապարակմանը՝ Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման հավանականության «կարմիր»` ամենաբարձր նախազգուշացում  հայտարարելու մասին: Նա հիշեցրեց, որ այդ կառույցը նախկինում մի քանի անգամ հանդես է եկել նմանատիպ նախազգուշացնող հայտարարություններով՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից առաջ:

«Հիմա բոլորը տեսնում են, որ կա լուրջ սպառնալիք՝ բացի Փաշինյանից ու ՀՀ իշխանություններից: Իսկ մեզ այս պայմաններում, փաստորեն, առաջարկում են «սպիտակ դրոշ» բարձրացնել ու հանձնվել թշնամուն»,- համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս