«Արցախահայերի սոցիալական վիճակը շատ ավելի վատ է, քան մենք կարող ենք տեսնել սոցիալական հարթակներում». Մետաքսե Հակոբյան
Արցախից բռնի տեղահանված արցահայերի սոցիալական խնդիրներն օրեցօր ավելի են շատանում ու բարդանում։ Թե նրանց ինչ է առաջարկում ՀՀ կառավարությունը, հայտնի չէ, քանի որ Կառավարության անդամները հակված չեն հանդիպելու արցախահայերի հետ և քննարկել նրանց խնդիրները։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ արցախահայերի սոցիալական վիճակը ծանր է, ժամանակ առ ժամանակ նախաձեռնում են մարզային այցեր ու հանդիպումներ, որոնց ժամանակ էլ անդրադառնում են այդ խնդիրներին։
«Մենք հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների հետ խոսում ենք թե՛ նպատակներից ու երազանքներից՝ կապված Արցախի հետ, թե՛ սոցիալական խնդիրներից։
Արցախահայերի սոցիալական վիճակը շատ ավելի վատ է, քան մենք կարող ենք տեսնել սոցիալական հարթակներում, առավել ևս՝ այն իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունն իր պոպուլիստական հայտարարություններով փորձում է լռեցնել արցախահայերի խոսքը՝ սոցիալական անտանելի վիճակի մասին։
Այսօր արցախահայերը չեն կարողանում բնակարան ձեռք բերել, եկեք չկենտրոնանանք մի քանի արցախահայերի վրա, կան փոքրաթիվ ընտանիքներ, որոնք տուն ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունը շատ «տգեղ» է ներկայացնում արցախահայերի սոցիալական պահանջները։ «Այնպես չէ, որ արցախահայերը բռունցքը սեղանին են խփում ու պահանջներ ներկայացնում, նրանք խելամիտ առաջարկներ են անում։ Օրինակ, թե՛ Աշտարակում, թե՛ Վաղարշապատում կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում, առաջարկում են ներգրավվել կազմակերպությունների, անհատների, որպեսզի այդ հողատարածքների վրա տներ կառուցեն։
Արցախցին շատ գումար չի ուզում, պարզապես արժանապատիվ կեցության համար տանիք է խնդրում, որն իշխանության կողմից խեղաթյուրվում ու այլ կերպ է ներկայացվում։
Բացի սոցիալական խնդիրներից, այսօր արցախահայերը բախվում են նաև քաղաքացիության ձեռքբերման բարդագույն խնդրին։ Տարբեր դրդապատճառներից ելնելով՝ այսօր շատ են դժվարացրել արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Ամիսներ շարունակ մարդիկ քաշքշուկի մեջ են, գիտեմ մարդկանց, որոնք սեպտեմբերին են դիմել և առ այսօր որևէ պատասխան չեն ստացել։
Հազարավոր արցախցիներ էլ դիմել են, սակայն նրանց տարբեր պատճառներով քաղաքացիություն չի տրամադրվել։ Սկսած օնլայն դիմումների գրանցումից, ամեն արցախցի չէ, որ ունի տեխնիկական նման հնարավորություն, այսինքն՝ այնպիսի հեռախոս կամ համակարգիչ, որով հնարավոր կլինի կատարել այդ գրանցումը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Պատգամավորն ասաց, որ օրերս խոսել է Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում հաստատված արցախցի ընտանիքի հետ, որի անդամներն իրենց ծննդականները բռնի տեղահանվելուց թողել են Արցախում, հիմա չեն կարողանում վերականգնել, քանի որ մարզի համապատասխան կառույցում ուղղակի տեղյակ չեն, թե այդ ամենն ինչպես պետք է անեն։
«Այդ ընտանիքի անդամներից այս քաղաքից ուղարկում են այն քաղաք, այս կառույցից՝ այն կառույց։
Խնդիրներից մեկն էլ վերաբերում է աշխատանքին, արցախահայերը չեն կարողանում աշխատանք գտնել, նույնսիկ իրենց մասնագիտություններից դուրս։ Երևանում այս առումով վիճակն այլ է, գյուղերում ու շրջաններում վիճակն ավելի ծանր է։ Կա մի բազմանդամ ընտանիք՝ հայրը հաշմանդամության խնդիր ունի, հունվարին ու փետրվարին չեն կարողացել իրենց վարձով տունը տաքացնել, պատկան մարմիններից որևէ մեկը նրանցով չի հետաքրքրվել։ Դրա համար բռնի տեղահանված արցախահայերն ուզում են Երևանում ապրել, որ գոնե մի փոքր աշխատանք գտնեն»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։



