«Արցախահայության դուրս գալն Արցախից արժանապատվության ցուցադրություն էր, որ չենք ընդունի ադրբեջանական անձնագիրը». Վիտյա Յարամիշյան

Սեպտեմբերի 19-ին Արցախի պետական համալսարանում ընթանում էին ակտիվ պարապմունքներ։ Առաջին կուրսի ուսանողների համար մենք կազմակերպել էինք հանդիպում-քննարկում։ Երբ պայթեց առաջին ռումբը, առաջին կուրսեցիները գտնվում էին մեծ դահլիճում։ Հետո տագնապի ազդանշանով իջանք նկուղ, որից հետո արդեն դեպքերի հայտնի ընթացքով բոլորը բռնի տեղահանվեցին Արցախից։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության պետական համալսարանի պրոռեկտոր, հոգեբան Վիտյա Յարամիշյանը՝ վերհիշելով Արցախում սեպտեմբերի 19-ի և դրան հաջորդած օրերի, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի փակման մասին։

Նա այն կարծիքին է, որ պատերազմը միանգամից չի լինում, չնայած ամեն անգամ անակնկալ է լինում, բայց այս անգամ ակնհայտ էր՝ հակառակ կողմը նախապատրաստական աշխատանքներ էր կատարում, որոնցից մեկը և ամենախոշորը շրջափակումն էր, որը, ի վերջո, վերածվեց պաշարման։ Պետք էր միայն տեսնել, թե ինչ իրավիճակ էր Ստեփանակերտում և Արցախի մյուս շրջաններում, քանի որ թշնամուն հաջողվել էր Արցախում գտնվող բոլոր բարձր գագաթներին դնել իրենց դրոշը։ Ռազմավարական նշանակության գրեթե բոլոր կարևոր օբյեկտները գտնվում էին նրանց հսկողության ներքո։

«Երբ պաշարումը հասավ իր ծայրաստիճան, դաժան տարբերակին՝ սկսեցին ձեռնարկել հոգեբանական, տեղեկատվական գրոհներ։ Ի դեպ, այս առումով հակառակորդ կողմը բավականին հնարքներ է կիրառել, հավանաբար փոխառել են, տարբեր զարգացած երկրների մարտեր վարելու կանոններից և խուճապ տարածելու, հուսահատության, անորոշության առաջացնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ էր կատարում։

Կարդացեք նաև

Պաշարումը շատ դաժան էր, չկար լույս, գազ, արտաքին աշխարհի հետ կար միայն մեկ կապի միջոց՝ սոցիալական ցանցերը, որոնց միջոցով հակառակորդը կարողանում էր իր նարատիվները, մտքերը, ապակառուցողական ու քայքայիչ գաղափարները տարածել։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին այնքան արագ էին ասեկոսեները տարածվում արժանահավատի տակ, որ ժողովուրդը պարազապես չէր կողմնորոշվում, թե ինչ պետք է անի հաջորդ քայլին։ Հավանաբար հենց այդ ամենի հետևանքով էլ տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունը»,- նշեց նա։

Նրա բնորոշմամբ՝ դժվար է միանգամից ու արագ գտնել այն հարցի պատասխանը, թե որտե՞ղ ենք թերացել, որ կորցրեցինք Արցախը։ Հավանաբար պետք է ստեղծված հուզական ֆոնն անցնի, որից հետո հնարավոր կլինի իմաստավորել ու հասկանալ, թե «մենք»-ը ովքեր են, որ ինչ-որ տեղ թերացան։

«Մեկ բան կարող եմ վստահ ասել՝ Արցախի Հանրապետությունն արժանի չէր այս ճակատագրին, և արցախահայությունը, որը 30 և գումարած 3 հազար տարի պայքարում էր իր բնօրրանում ապրելու համար։

Մեկ բառով դժվար է ասել, թե այս պահին արցախահայությունը հոգեբանական ինչ վիճակում է, ակնհայտ է, որ ընկճվածություն, զանգվածային ֆրուստրացիա կա, այսինքն՝ մի իրավիճակ, երբ ֆրուստրացված է ոչ միայն անձը, նեղ շրջապատը, այլև ամբողջ հասարակությունը՝ իր բոլոր շերտերով։ Այս իրավիճակում հակազդեցությունները երբեմն հուզական են, երբեմն անբնական են, երբ մարդիկ շարունակում են գտնվել այդ դեպքերի տպավորության տակ, կարոտի զգացումն է  տանջում, հետվերադարձի հույսերն են աստիճանաբար մարում։ Հետագայում հետազոտելու մեծ դաշտ կա և մասնագիտական վերլուծություններ կատարելու և հասկանալու, թե ինչ քայլեր կարելի ձեռնարկել կամ ինչ է տեղի ունեցել իրականում»,- հավելեց նա։

Նրա բնորոշմամբ՝ կա հոգեբանական այնպիսի երևույթ, որն անվանում են իրականության ժխտում, քանի որ մարդու հսկողությունից դուրս է այն ամենը, ինչ տեղի է ունենում, հետևաբար՝ ինքնապաշտպանական մեխանիզմով անձն առանձնանում է, իրավիճակը չի կարողանում վերահսկել, մերժում է իրավիճակը, ինչն էլ բերում է անտարբերության։

«Կարելի է բացատրել, թե ինչու այլևս մարդիկ չեն ուզում լսել, մասնակիցը լինել, ներգրավվել այն գործընթացներին, որոնց վրա ազդեցություն թողնելու հնարավորություններ քիչ ունեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Վիտյա Յարամիշյանը չգիտի՝ պատահականությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն, որ իր թեկնածուական ատենախոսության թեման եղել է նոր պայմաններում հարմարվելու խնդիրը։ Հետևաբար՝ լավ ծանոթ է եղել այն երևույթները, որոնք ուղեկցում են հարմարման գործընթացին, որոնք նաև պայմանավորված են իրավիճակի փոփոխությամբ։

«Հիմա շփվելով ուսանողների հետ, իսկապես տեսնում ենք, որ Արցախի ուսանողները նոր պայմաններին հարմարվելու խնդիրներ ունեն։

Արցախի պետական համալսարանը կես դարից ավելի պատմություն ունի, սկզբնական շրջանում ձևավորվել է՝ որպես Ստեփանակերտի ինստիտուտ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մոտավորապես այսպիսի իրավիճակ էր, երբ համալսարանը պետք է դադարեցներ իր գոյությունը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտը ձեռք մեկնեց՝ սկզբում Վանաձորում, հետո Ստեփանակերտում բացվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը, որը դարձավ այդ փրկության օղակը և հնարավորություն տվեց, որ համալսարանը ՀՀ կառավարության որոշմամբ վերանվանվի ու կոչվի Արցախի պետական համալսարան»,- նշեց Վ. Յարամիշյանը։

Թե ինչո՞ւ հիմա նույն փրկօղակը չստեղծվեց, որպեսզի Արցախի պետական համալսարանը կրկին չփակվեր՝ հարցին, Վիտյա Յարամիշյանը պատասխանեց, որ երբ մի պետություն՝ ժողովրդավար, ժամանակակից, զարգացող, 150 հազար իր բնակիչներով դադարել է այս իրավիճակում գոյություն ունենալ, նույն այդ տրամաբանության մեջ էլ նպատակահարմար են գտել, որ համալսարանի ուսանողները պետք է ներգրավվեն ՀՀ տարբեր բուհերում։

Նա ցավ է ապրում, որ իր հարազատ համալսարանը չկա, թեպետ լավատես է, որ հետագայում կլինեն հնարավորություններ, և  կրկին Ստեփանակերտում կգործի համալսարանը։

«Այստեղ խնդիրներ կան նաև Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ կապված։ Պատերազմական գործողություններն Արցախում տեղի ունեցան սեպտեմբերի կեսին, սա այն ժամանակահատվածն է, երբ ուսումնական ծանրաբեռնվածությունն ամբողջությամբ բաշխված է, և դասախոսները նոր բուհերում ժամաքանակի հնարավորություններ չունեն, գրեթե չունեն։ Դրա համար այժմ լուրջ խնդիրներ ունենք դասախոսական անձնակազմին աշխատանքի տեղավորելու հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով Ադրբեջանի հայտարարած ինտեգրացիայի մասին, Վիտյա Յարամիշյանը նկատեց՝ 10 ամիս տևած ադրբեջանական պաշարման ընթացքում դժվար էր գտնել նույնիսկ մեկ արցախցի, ով կխոսեր ինտեգրացիայի մասին կամ հնարավոր կհամարեր այդ ամենը։ Արցախում մեծանում էր նոր սերունդ՝ տոգորված գաղափարներով, երազանքներով, որոնց մեջ, բնականաբար, Ադրբեջանը չկա։

«Ադրբեջանի հետ ինտեգրացիան Արցախի ժողովրդի համար նոնսենս էր, հիմա էլ այդ մտայնությունը շարունակվում է։ Կարծում եմ՝ երբ արցախահայությունը դուրս եկավ Արցախից, դա արժանապատվության ցուցադրություն էր, շեշտադրումն էր այն բանի, որ մեր հայրենիքը, որ այդքան թանկ է մեզ համար, նույնիսկ դրանից կարող ենք հրաժարվել, բայց չենք ընդունի ադրբեջանական անձնագիրը։ Հայ ազգը դեռ կորստի ցավի մեջ է»,- եզրափակեց Վիտյա Յարամիշյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս