Հայաստանում ինն ամսում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 482-ով:
Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Հայաստանի Հանրապետությունում 2023թ 9 ամիսների ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի դիմաց: Այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք կամ 79.5 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի դիմաց: Այսինքն՝ վարույթում եղած գործերն ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
«Իրավական վիճակագրության հանրահայտ կանոնն է, որ հանցավորության վիճակը գնահատելիս կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երևույթ: Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճ, այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման աճ»,-ասաց Խաչատրյանը՝ սա համարելով Հակակառուպցիոն կոմիտեի գործունեության ցուցանիշ:
9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի դիմաց: Այսինքն՝ այս տարվա 9 ամսում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելացել է 66-ով կամ 97 տոկոս, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 120-ով կամ 72 տոկոսով: Ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով կարճվել է 25 վարույթ՝ 122 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 11 վարույթ՝ 45 անձի դիմաց:
«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ: 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար»,-ասաց Խաչատրյանն՝ այս ցուցանիշները համարելով աննախադեպ: