Հայրենասպանը    

Հայրենիքը պետությունն է, պետությունը՝ հայրենիքը, ասում է Նիկոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով՝ որպես սեփական հերթական հայեցակարգային հայտնագործություն: Գիտակցաբար թե ոչ, բայց այդ հայտարարությամբ նա հաղորդում է ներկայացնում ծանրագույն հանցագործության մասին՝ հաղորդում սեփական անձի դեմ:

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կարողացավ ոչ թե պետությունը նույնացնել երկու հայկական հանրապետություններն ընդգրկող հայրենիքի հետ, այլ հակառակը՝ Արցախը որպես անբաժանելի մաս ունեցող հայրենիքը փոքրացնել՝ մինչև Հայաստանի աշխարհագրական տարածք, ընդ որում, ոչ ամբողջական: Եվ դա ոչ միայն զուտ աշխարհագրական, տարածքային կորուստ էր, այլ նաև սոցիալ-հոգեբանական, քաղաքական, քաղաքակրթական ու արժեքային: Նա մի ողջ  ժողովրդի զրկել է հայրենիքի սրբազան հատվածից և այսօր մուրում է, որպեսզի իր ընծայատերը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այսինքն՝ ինքն իր գործողություններով ու անգործությամբ, թուլամորթությամբ ու արկածախնդրությամբ անվերադարձ ոտնահարել է հայրենիքի ամբողջականությունը՝ միևնույն ժամանակ դրանից մնացած պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը ներկայացնելով՝ որպես հերոսականություն:

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, նրա թիմը՝ հավաքականորեն, չունեն հայրենիքի զգացում, այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն պետության, հայրենիքը վարչապետի, նախարարների ու այլ չինովնիկների պաշտոններ չի նախատեսում: Ավելին՝ հայրենիքը տուրք է պահանջում, իսկ պետությունը՝ հակառակը. ապահովում է թիկնազոր, թանկարժեք մեքենաներ ու ամառանոցներ, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ, բիզնեսներ, թանկարժեք վոյաժներ ու հազարավոր քծնողներ: Նիկոլ Փաշինյանը սիրում է ոչ թե պետությունը, ինչպես փորձում է ներկայացնել, այլ այն, ինչը նրա համար ապահովում է պետությունը: Դրա համար էլ ասում է՝ հայրենիքը պետություն է, պետությունը՝ հայրենիք: Այսինքն՝ հայրենիք կարող է համարվել միայն այն, ինչն իրեն ու իր քաղաքական թիմին ապահովում է իշխանություն, ինչը և անհրաժեշտ է պաշտպանել:

Կարդացեք նաև

Դրանից ավելին, այդ թվում՝ հայրենիքի այնպիսի ընկալումը, որը կարող է ունենալ չնյութականացված դրսևորում, ոչ շոշափելի սահմաններ, նրա համար մերժելի է: Եվ դա քաղաքական իրապաշտություն չէ այն իմաստով, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչությունը: Նիկոլ Փաշինյանի պարագայում դա իրապաշտություն է բառի ամենանեղ ու ուղիղ իմաստով, որը նույնական է նյութապաշտության հետ:

Նա սպանել է հայերի հայրենիքը և հիմա ամեն ինչ անում է դա «թղթերով» ամրագրելու համար: Այսինքն՝ նա հիմա զբաղված է հայրենիքի կլինիկական մահը կենսաբանական մահվան վերածելու սրբապիղծ գործով և անասելի շտապում է: Շտապում է՝ տեղեկացված լինելով, որ բնությանը հայտնի են կլինիկական մահվանից հետո կենդանացման հազարավոր օրինակներ, ինչը վերաբերելի է նաև պետություններին ու հասարակություններին: Հայրենիքի նաև կենսաբանական մահը կանխելու հնարավորությունն ունի միայն հայ հասարակությունը, արդեն նաև՝ արցախահայության ընդգրկմամբ:

Այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում այդ հնարավորությունը թվում է այնքան տեսական, որքան բժշկական հաստատություններում՝ կլինիկական մահ արձանագրած հիվանդների դեպքում: Բայց անգամ այդ պարագայում հասարակությունն ունի հնարավորություն պայմանական արհեստական շնչառության միջոցով կանխելու հայրենիքի կենսաբանական մահը, որի փաստաթղթավորմամբ ակտիվորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս