«Բեսեդկա» դարձած ՍԴ-ն, Երվանդ Խունդկարյանը, նրա անմիջական շեֆն ու արդարադատության բռնաբարության խմբակային ակտը
Դեռևս այս տարվա հունիսի 26-ին 168.am-ը հանրությանը տեղեկացրել էր, որ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Գրել էինք, որ նախագիծը թեև ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից, սակայն մշակել է ՀՀ քննչական կոմիտեն, և, որ «Գործուն զղջալու» օրենքի փոփոխության ու նախագծի՝ այս խայտառակ լրացումներով ընդունումը, պարզվում է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջնահերթություններից է, իսկ նախագիծը իրականություն դարձնելու ջատագովը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ նախ հավես չունի արդեն իսկ հարուցված ու քննության փուլում գտնվող դասալքության վարույթները քննելու, և բացի այդ, խոստումներ ունի տված կոնկրետ շրջանակի կոնկրետ մարդկանց, որ օրենքը հենց այս փոփոխություններով էլ կընդունվի։
Տեղեկացրել էինք նաև, որ այս նախագծին դեմ են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Շուրջ մեկ ամիս անց օրենքի փոփոխությունն ընդունվեց: Գրիգոր Մինասյանը կատարեց Արգիշտի Քյարամյանի և Մհեր Գրիգորյանի հանձնարարությունը: Եվ այդ պահից պարզ էր արդեն, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պետք է հետևողական լինեն ու նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմեն Սահմանադրական դատարան (ՍԴ):
Եղան և դիմեցին, սակայն ՍԴ-ն այն վարույթ չընդունեց: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն այդ առիթով հանդես եկան հայտարարությամբ՝ սուր քննադատության ենթարկելով ՍԴ որոշումը:
«Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին՝ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իրացնելով Սահմանադրությամբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն, ինչ արեց վերջինս, վեր է ողջամտության սահմաններից»,- գրված էր խորհրդարանական ընդդիմության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ:
Այդ դիմումը մակագրվել էր ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանին։ Խունդկարյանը սկզբում բոլոր ժամկետների խախտմամբ պահանջել էր Դիմումի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ՝ նաև կասկածի տակ դնելով Դիմումի՝ ԱԺ պատգամավորների կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Այնուամենայնիվ, Երվանդ Խունդկարյանը սկզբում կայացրել էր Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, սակայն հետո, 168.am-ի տեղեկություններով, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանի ճնշմամբ մի գիշերում փոխել է որոշումը՝ կայացնելով Դիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում։
Հետաքրքիրն այն է, որ Երվանդ Խունդկարյանն աշխատակարգային որոշմամբ քննարկել է վիճարկվող նորմի սահմանադրականության հարցը, ինչը հակաիրավական է։
Ըստ համառորեն տարածվող տեղեկությունների՝ ՍԴ նախագահ, այնուհետև ՍԴ փոխնախագահ ընտրվելու բուռն ցանկություն ունեցող Խունդկարյանը չի կարողանում մերժել իշխանությունների պահանջները։ Ստացվում է՝ Վահե Գրիգորյանն է որոշում՝ Խունդկարյանն ինչ որոշումներ պիտի կայացնի, իսկ Խունդկարյանն էլ խելոք կատարում է։
ՍԴ-ի կողմից նման պահվածքը նորություն չէ։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը կամայականորեն է բաշխում ՍԴ մուտքագրված դիմումները։ Իշխանության համար խնդրահարույց դիմումները, որպես կանոն, մակագրվում են իշխանահպատակ դատավորներին, օրինակ՝ Վահե Գրիգորյանին, Խունդկարյանին և այլոց։ Հատկանշական է, որ ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դիմումներ չեն մակագրվում։