Արգիշտի Քյարամյանը և Մհեր Գրիգորյանը հաղթեցին. արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կատարեց նրանց հանձնարարությունը

Կառավարության վերջին նիստում հրատապ կարգով չզեկուցվող հարցերի թվում ափալ-թափալ քննարկված ու Ազգային ժողով (ԱԺ) ուղարկված, այսպես կոչված, «գործուն զղջալու» օրենքն այսօր Խորհրդարանում ներկայացնում էր Քրեական օրենսգրքի համապատասխանը հոդվածը ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց վրա տարածելու օրինագծի դե յուրե հեղինակ արդարադատության նախարարը, սակայն 168.amարդեն գրել է https://168.am/2023/06/26/1892553.html , որ այս օրինագծի ջատագովներն իրականում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն են:

Խոսքը Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնելու մասին է:

«Կարող ենք փաստել, որ գործուն զղջալու դեպքում կարևորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը և պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը: Նկատենք, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը»,- օրինագիծը ներկայացնելիս «հիմնավորում էր» Գրիգոր Մինասյանը՝ հավելելով՝ «հետևապես ինչո՞ւ այդ կարգավորումը չտարածել նաև ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց վրա»:

Հաջորդիվ արդարադատության նախարարը թվարկեց այն հանցատեսակները, որոնց վրա «գործուն զղջալու» օրենքը չի տարածվում՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, մարդու թրաֆիքինգը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը, խոշտանգումը, ինչպես նաև բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում:

Կարդացեք նաև

«Այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե տուժողը 14 տարեկանից ցածր անձ է, կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից»,- իր պարտքը կատարած համարեց Գրիգոր Մինասյանն ու խնդրեց կողմ քվեարկել նախագծի ընդունմանը:

Հատկանշական է, որ այս նախագծին, մեր տեղեկություններով, դեմ են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը։

Իբր թե «մարդասիրական» այս լրացումների դեմ հայտարարություններ են տարածել նաև ՀՀ Փաստաբանների պալատն ու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը, սրա դեմ հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր իրավաբաններ:

Փաստորեն, կողմ է միայն Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, իսկ նախագիծն առաջ է մղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եթե մինչ այդ ոմանց կարծիքով՝ Փաշինյանը տեղյակ չի եղել, հիմա արդեն ակնհայտ է, որ այդ ամենը կատարվել է հենց Նիկոլ Փաշինյանի ցուցումով:

Պնդում ենք՝այս նախագիծն իրականություն դարձնելու ջատագովը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ նախ, քաղաքական պատճառներ ունի. բացի այն, որ հավես չունի արդեն իսկ հարուցված ու քննության փուլում գտնվող դասալքության վարույթները քննելու և այդ մարդկանց տրամադրելու ՔՊ-ի դեմ (հետագայում այդ մարդկանց քվեները պետք են գալու՝ որպես լավություն «կծախեն» նրանց վրա), և ամենակարևորը, խոստումներ ունի տված կոնկրետ շրջանակի կոնկրետ մարդկանց, որ օրենքը հենց այս փոփոխություններով էլ կընդունվի։

Այսինքն՝ նախապես Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և Իլհամ Ալիև կողմից ադրբեջանական քաղաքական շահը սպասարկող դասալիքների 11.000 թիվ հնչեցնելուց, սակայն մասնավորապես, լրատվամիջոցների հետևողական ջանքերի միջոցով պարզված, իրականում այս պահին նախաքննության փուլում գտնվող մոտ 200-ից ավելի քրեական վարույթներից է նախ և առաջ ՔԿ նախագահ Քյարամյանն ուզում գլուխն ազատել:

Փաստորեն, ստացվում է, որ Արգիշտի Քյարամյանը չի ցանկանում ավարտին հասցնել նախաքննության փուլում գտնվող դեպքերը, որոնցից շատերը, գուցե պարզվեն, որ ամենևին էլ դասալիք չեն, և, ընդհակառակը, լինեն բարձրաստիճան, որոշիչ ձայն ունեցող դասալիքներ, որոնց գործողությունների կամ անգործության պատճառով տասնյակ, հարյուրավոր զինծառայողներ են զոհվել, բայց նրանք գործուն զղջալու հիմքով կազատվեն պատասխանատվությունից:

Կասկած չկա, որ օրինագիծն այս խայտառակ լրացումներով, իհարկե, վաղը կընդունվի: Հիմա խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պետք է հետևողական լինեն ու նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմեն Սահմանադրական դատարան (ՍԴ):

Դժվար է հավատալ, որ պետությունն իր սահմանադրական պարտականությունները, հատկապես՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով, պետք է հենց այնպես չկատարի՝ օրենքի մեջ արհեստական դրույթներ նախատեսելով: Սա նշանակում է հրաժարում սահմանադրական պետության՝ իր պարտականությունները կատարելուց, ինչն անթույլատրելի է: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Պետություն ստեղծելու Հոբսյան գաղափարը հենց դրանում է, որ պետությունը ստեղծվել է հասարակական կյանքում անվտանգություն ապահովելու համար, և հիմա, երբ պետությունը պատրաստվում է ծանր ու առանձնապես ծանր հանցանք կատարած անձին գործուն ղզջալու հիմքով ազատել պատասխանատվություն կրելուց, դրանով նա հրաժարվում է հասարակական կյանքում անվտանգություն ապահովելու երաշխավորի իր պարտականությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս