Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Արգիշտի Քյարամյանը ոնց կուզի, Մհեր Գրիգորյանը այդպես էլ կհանձնարարի, Գրիգոր Մինասյանն էլ խելոք կանի
Այս տարվա փետրվարի 27-ից ընդամենը երկշաբաթյա քննարկման ժամկետում իրավական նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակում տեղադրվեց «ՀՀ Քրեական օրենսգրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Ուշադրություն՝ նախագիծը թեև ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից, սակայն մշակել է ՀՀ քննչական կոմիտեն: Սա ուղղակի դեռ հիշենք:
Այսինքն՝ նախագծի հեղինակներն ու այն մշակողներն ակնկալում են, որ «օրենսդրական նման փոփոխության դեպքում քրեական հետապնդման մարմինները, մարդասիրության սկզբունքից ելնելով, հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, հնարավորություն կունենան խիստ բացառիկ դեպքերում կիրառել այդ խրախուսական նորմը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ բեռնաթափելով ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը»:
«Գործուն զղջալու» օրենքի փոփոխության ու նախագծի՝ այս խայտառակ լրացումներով ընդունումը, պարզվում է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջնահերթություններից է։ Անհասկանալի է վերջինիս մղումը՝ ամեն կերպ օրենքի նախագիծը Կառավարության նիստի օրակարգ մտցնելը, հաստատելն ու Ազգային ժողով (ԱԺ) ուղարկելը։
Օրերս «Հրապարակը» նույնպես գրել էր, որ Մհեր Գրիգորյանը ձեռք չի քաշում այս խայտառակ օրինագիծը կյանքի կոչելուց։
Այս նախագիծը իրականություն դարձնելու ջատագովը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ նախ հավես չունի արդեն իսկ հարուցված ու քննության փուլում գտնվող դասալքության վարույթները քննելու, և բացի այդ, խոստումներ ունի տված կոնկրետ շրջանակի կոնկրետ մարդկանց, որ օրենքը հենց այս փոփոխություններով էլ կընդունվի։
Այսինքն՝ նախապես Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և Իլհամ Ալիև կողմից ադրբեջանական քաղաքական շահը սպասարկող դասալիքների 11.000 թիվ հնչեցնելուց, սակայն մասնավորապես, լրատվամիջոցների հետևողական ջանքերի միջոցով պարզված, իրականում այս պահին նախաքննության փուլում գտնվող մոտ 200-ից ավելի քրեական վարույթներից է նախ և առաջ ՔԿ նախագահ Քյարամյանն ուզում գլուխն ազատել:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն ու ստացել պատասխան, որը ոչ մի կերպ չէր համադրվում Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թվերի հետ:
Ընդհանուր առմամբ հավաքական ենթադրյալ դասալիքների թիվնիրականում 756 է:
«Այսինքն՝ սկզբից զանգվածաբար ում տեսել, դասալքության մեղադրանք են առաջադրել, միայն թե իրենցից հեռացնեն վտանգը, հետո, բնականաբար, քննության ընթացքում թիվը մաղվել է ու մնացել ընդամենը 756:Աննա Հակոբյանին պետք էր հնչեցնել զարհուրելի թիվ հայ ժողովրդին դավաճան ու դասալիք դուրս բերելու համար, ու ինքը դա արել է:Նախնական հարուցված 1786 քրեական վարույթից՝ 10687 անձի վերաբերյալ, հիմա մնացել է 226 վարույթ ու 756 ենթադրյալ դասալիք, այլ այն, ինչ դատախազության պատասխանում հաջորդիվ է գրված»,-նշել էինք այդ առիթով գրված մերհրապարակման մեջ:
Այսինքն՝ ստացվում է, որ Արգիշտի Քյարամյանը չի ցանկանում ավարտին հասցնել նախաքննության փուլում գտնվող դեպքերը, որոնցից շատերը գուցե պարզվեն, որ ամենևին էլ դասալիք չեն, և, ընդհակառակը, լինեն բարձրաստիճան, որոշիչ ձայն ունեցող դասալիքներ, որոնց գործողությունների կամ անգործության պատճառով տասնյակ, հարյուրավոր զինծառայողներ են զոհվել, բայց նրանք գործուն զղջալու հիմքով կազատվեն պատասխանատվությունից:
Գիտակցո՞ւմ է արդյոք Արգիշտի Քյարամյանը՝ ինչի տակ է ինքը մտնում, վստահաբար, այո՛. վաղուց գաղտնիք չէ, որ պատերազմի հազարավոր զոհերն առանձնապես չեն գալիս Շուշիի անկումից 5 րոպե առաջ կասկածելի պայմաններում քաղաքը լքած նույն այդ Քյարամյանի անուշ երազներում, այլապես քրեաիրավական գնահատական կտար Եռաբլուրի ասֆալտներով որդեկորույս մայրերին քարշ տված՝ ոստիկանության տարբեր գույների բերետավորների առերևույթ հանցավոր արարքներին:
Արդարադատության նախարարությունը տարօրինակ կերպով անտարբեր վերաբերմունք ունի այս խայտառակ նախագծի վերաբերյալ, թեպետ ֆորմալ առումով հեղինակն իրենք են։ Անգամ նախագծի հիմնավորման մեջ են նշել, որ այն մշակվել է Քննչական կոմիտեի կողմից։
Իսկ լուրերը, որ նախագիծը Կառավարություն են ուղարկել ստիպված՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարությամբ, չեն դադարում շրջանառվել։ Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, պնդում են, որ Մհեր Գրիգորյանը «գործուն զղջալու» օրենքի այս նախագծի փոխարեն՝ ակնկալել է այլ լուծում, որը չստանալով՝ Գրիգոր Մինասյանին հանձնարարել է e-draft-ում տեղադրված նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը։
Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանն այդքան շահագրգռված, որ այս նախագիծը, որն ըստ էության համաներում է, անպայման ընդունվի, մնում է կռահել։
Մենք փորձեցինք հենց Մհեր Գրիգորյանից ստանալ մեր հարցերի պատասխանները, սակայն նա մեր հաղորդագրությանը չպատասխանեց: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Մհեր Գրիգորյանի խոսնակը, իսկ նրա գրասենյակի ղեկավարը խոստացավ, որ մեզ հետ կապ կհաստատի խոսնակն ու կպատասխանի մեր հարցերին, բայց աշխատանքային օրվա մեկնարկին տված խոստումը մինչև աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ չկատարվեց:
168.am-ի տեղեկություններով՝ այս նախագծին դեմ են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը։
Փաստորեն կողմ է միայն Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, դե, իսկ Արդարադատության նախարարությունը, ինչպես միշտ, թքած ունի։ Ստացվում է, որ քրեաիրավական քաղաքականությունը մեր երկրում մշակում է Քննչական կոմիտեն։ Քյարամյանը որոշում է՝ ինչ անել, իսկ Արդարադատության նախարարությունն այն կատարում է։ Չի բացառվում, որ շուտով Քյարամյանը Գրիգոր Մինասյանին կհանձնարարի մշակել խոշտանգումը ապաքրեականացնելու վերաբերյալ նախագիծ։
Ի դեպ, այս նախագծի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների հետևանքով կրկին լարվել են Աննա Վարդապետյանի և Արգիշտի Քյարամյանի՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները:
Եվ վերջում, շատ կարևոր է հասկանալ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի դիրքորոշումը։ Ստացվում է, որ եթե «գործուն զղջալու» վերաբերյալ այս լրացումներով նախագիծը մշակվել է նախ և առաջ 44-օրյա պատերազմի դասալիքներին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով, այն բանակը բարոյալքելուն ուղղված հերթական, բավականին գործուն քայլն է։
Արդյոք այս նախագիծը բանակում անպատժելիության մթոլորտ չի՞ առաջացնի, չի՞ բարոյալքի զորքին, և արդյո՞ք ռազմական ընդհարման ժամանակ բոլորը մասսայաբար չեն լքի դիրքերը՝ իմանալով, որ հետո կզղջան և կազատվեն քրեական պատասխանատվությունից։
Հիշեցնենք՝ նկարագրված արարքները պատկանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվին:
168.am-ը կապ է հաստատել նաև Պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների պատասխանատուների հետ. կփորձենք ներկայացնել նաև նրանց տեսակետը:
Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չկան. նրան, մեղմ ասած, քիչ է հետաքրքրում բանակի բարոյալքման թեման, իսկ ի՞նչ է մտածում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դժվար է ասել։