«Ասել, որ ունես դիաբետ, ու իմ երեխան քեզ հետ երջանիկ չի լինելու, դաժան է, չի կարելի այդպես անել». Էնդոկրինոլոգ
Շաքարային դիաբետը համարվում է աշխարհում տարածված հիվանդություններից մեկը: Ո՞րն է հիվանդության առաջացման պատճառը, արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանից։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էնդոկրին ծառայության ղեկավար Հերմինե Դանիելյանի հետ:
– Բժշկուհի, շաքարային դիաբետը տարածված է, պաշտոնական տվյալներով՝ աշխարհում մոտ 425 միլիոն մարդ տառապում է այդ հիվանդությամբ, և ըստ կանխատեսումների՝ 2040 թվականին այս թիվը հասնելու է 600 միլիոնի: Բժիշկներն առանձնացնում են շաքարային դիաբետի երեք տիպ՝ առաջին, երկրորդ և հղիության ընթացքում զարգացող: Սկսենք տիպ 1-ից. ե՞րբ է այն զարգանում:
– Իրականում դիաբետը մի քանի հիվանդությունների խումբ է, որոնք ընթանում են արյան գլյուկոզայի բարձրացմամբ: Այո, երկրաչափական պրոգրեսիայով շաքարային դիաբետով պացիենտների թիվն աճում է: Թվարկվածից բացի, լինում է նաև էկզոգեն պատճառներից առաջացած դիաբետ: Այն կարող է լինել դեղորայքային բուժման հետևանք, երբ պացիենտները ստանում են բուժում՝ ստերոիդ պրեպարատներով: Կարող է լինել ենթաստամոքսային գեղձի ուղղակիորեն վնասման, դրա հեռացման հետևանք: Կապ ունեն նաև մի խումբ հիվանդություններ, որոնք ընթանում են հիպերգլիկեմիայով:
Բոլոր հիվանդություններն ունեն ընդհանրություն, և առաջինը հիպերգլիկեմիան է՝ գլյուկոզայի բարձրացումը, և երկրորդը ինսուլինային բացարձակ կամ հարաբերական անբավարարությունն է:
Ինչ վերաբերում է տիպ 1 դիաբետին, ապա դա կազմում է ընդհանուր դիաբետի դեպքերի մոտ 5-10 տոկոսը: Աուտոիմուն հիվանդություն է, որն ընթանում է ինսուլինային բացարձակ անբավարարությամբ: Հանդիպում է մանկական տարիքում, մինչև 30 տարեկանների մոտ, իհարկե՝ նաև չափահաս տարիքում:
– Տիպ 1-ին բնորոշ է գիշերամիզությունը, հաճախամիզությունը: Շատ փոքրիկների է սա բնորոշ: Բոլոր դեպքերում պետք է ծնողներն անհանգստանա՞ն:
– Եթե դա պաթոլոգիական է, այսինքն՝ ծնողը զգում է, որ դա շատ ավելին է, քան իրականում պետք է լիներ, պետք է դիմի բժշկի: Տիպ 1-ն ունի առանձնահատկություն. Այն շատ արագ է զարգանում, երեխայի մոտ նկատվում է քաշի կորուստ և, այո՛, պետք է անհանգստանան, եթե զգում են, որ կա քաշի կորուստ:
– Տիպ 2 շաքարային դիաբետի հիմքում միշտ ժառանգականությո՞ւնն է ընկած, թե՞ կարող է կյանքի ընթացքում զարգանալ:
– Իհարկե, ժառանգականությունը մեծ դեր է խաղում, բայց կան որոշակի ֆակտորներ, որոնք կարող են առաջացնել դիաբետ: Այստեղ մեծ դեր է խաղում նաև ճարպակալումը:
Եթե կա գենետիկական նախատրամադրվածություն, եթե տեսնում եք, որ որովայնային տիպի ճարպակալման խնդիր ունեք, ապա ցանկալի է վաղ հետազոտվել, որի ժամանակ կհայտնաբեվի նախադիաբետի փուլը:
– Մոտ երկու տարի առաջ, երբ աղջկա ծնողներն իմացել էին, որ տղան դիաբետ ունի, հրաժարվել էին ամուսնացնել զույգին: Նման դեպքերի հանդիպո՞ւմ եք, և արդյո՞ք շաքարային դիաբետն այն հիվանդությունն է, որից պետք է խուսափել:
– Ցավոք, շատ եմ հանդիպում նման դեպքերի: Տեսել եմ նաև ուրիշ դեպքեր, երբ զույգը պայքարել է միանալու համար: Ի վերջո, այնպես ստացվեց, որ աղջիկը, ով առողջ էր, բացարձակ այլ հիվանդությամբ հիվանդացավ, և շաքարային դիաբետով տղան տանում էր ամբողջ այդ հոգսը: Դիաբետը չպետք է դիտվի՝ որպես դատավճիռ: Այն տալիս է նաև հնարավորություն՝ գնահատել այս կյանքը և ապրել ճիշտ: Ունեմ պացիենտներ, ովքեր հասել են ամեն ինչի՝ ունենալով այս խնդիրը: Գուցե, եթե չունենային հիվանդությունը, ձգտումն այդպիսին չլիներ: Եվ ասել, որ ունես դիաբետ, ու իմ երեխան քեզ հետ երջանիկ չի լինելու, դաժան է, չի կարելի այդպես անել:
– Շաքարային դիաբետի դեպքում կարևոր է ճիշտ սննդակարգը, ի՞նչ ուտել:
– Թույլատրում ենք ուտել հաճախակի, հատկապես, եթե ստանում է դեղորայք: Ցանկալի է օրվա մեջ ուտել 4-5 անգամ: Եթե պացիենտն ունի ճարպակալման հակում, բացարձակապես այլ մոտեցում է, որովհետև բուժման ընթացքում թե՛ սննդակարգը, թե՛ դեղորայքը, թե՛ ապրելակերպն այնպես են ընտրվում, որ պացիենտը կարողանա իր քաշը նվազեցնել: Բնականաբար, սահմանափակվում են դյուրամարս ածխաջրատները՝ հյութերը, քաղցր մրգերը, շաքարավազն ու դրանով պատրաստված ամեն ինչ:
Եթե մարդն ապրում է ակտիվ կյանքով՝ ամբողջությամբ սահմանափակում չենք դնում, որպեսզի էներգիայի այդ աղբյուրը մարդն առավոտյան ժամերին կարողանա իրացնել:
– Պոլիկլինիկայում պացիենտներին մի թերթիկ էին տվել, որտեղ գրված էր, թե ինչ պետք է չուտի՝ բրինձ, սոխ և այլն: Ստացվում է՝ միայն հնդկաձավարն էր մնում նրա սննդակարգում:
– Չգիտեմ, թե ինչո՞ւ է նման թերթիկ ստեղծվել: Հնդկաձավարը սովորական ուտելիք է, ածխաջրատ, նաև վիտամին B կոմպլեքսի աղբյուր է: Սակայն սա չի նշանակում, որ դիաբետով հիվանդը պետք է միայն հնդկաձավար ուտի: Ու երբ սկսում ես ուտելուց խոսել՝ մարդը միանգամից ասում է՝ ես հնդկաձավար չեմ ուտելու: Բրինձը նույնպես դյուրամարս ածխաջրատ է: Խնդիրը ճիշտ պատրաստելն է: Եթե զատիկի բրնձով փլավն է՝ չամիչով և այլն, ապա այն հավասար է տորթ ուտելուն: Իսկ եթե նույն կարտոֆիլը, մակարոնեղենն ուտում ես ճիշտ՝ բանջարեղենով, սալաթներով, նորմալ է: Պարզապես քանակ կա, որը պետք է պահպանել: Մարդուն զրկել ածխաջրատներից՝ ճիշտ չէ:
– Գազավորված ըմպելիքներն ու երշիկեղենը կվնասե՞ն շաքարային դիաբետով տառապող մարդուն:
– Եթե նկատի ունեք Կոկա-կոլան, ապա, բնականաբար, կվնասի: Ամբողջությամբ գլյուկոզա է: Երբ փորձել են հաշվարկել՝ Կոկալ-կոլայի կալորիականությունն ամեն ուտելիքի հետ այլ կերպ է ստացվել: Ինչ վերաբերում է երշիկեղենին, ապա այն ինձ համար չկա՝ կապ չունի՝ ունե՞ս դիաբետ, թե՞ ոչ: Որպես սննդային արժեք ունեցող ուտելիք՝ ընդունել չի կարելի: Հատկապես անյուղ երշիկը, իհարկե, հակացուցված չէ: Նույն երշիկի փոխարեն կարելի է միս ուտել՝ որպես սպիտակուցի, էներգիայի աղբյուր: Միսը կարող է լինել տավարի, հավի, հնդկահավի, նապաստակի: Ցանկալի է ձկնամթերք օգտագործել:
– Նկատել եմ, որ դիաբետով տառապող տղամարդիկ ծխում են, օգտագործում ալկոհոլ։ Ի՞նչ վնաս են հասցնում այս երկուսը:
– Շաքարային դիաբետը բերում է լյարդի ճարպային հիվանդության, որը հանդիսանում է լյարդի ֆիբրոզի ինչ-որ մի նախնական փուլ: Իսկ ծխելը միանշանակ բացառվում է: Այն պետք է թողնել, քանի որ դիաբետն անոթային հիվանդություն է, ախտահարում է մեծ ու փոքր անոթները, իսկ ծխելն ազդեցություն է ունենում նաև անոթների վրա, նեղացնում է: Եթե դու ունես շաքարային դիաբետ, արդեն ունես ռիսկի մեկ գործոն, որպեսզի անոթներդ ախտահարվեն, ու կամավոր ավելացնում ես ռիսկի երկրորդ գործոնը:
– Վիտամին D-ի անբավարարությունը կարո՞ղ է հանգեցնել շաքարային դիաբետի, և որքանո՞վ է կարևոր այս ու վիտամին B12-ի, C-ի կիրառումը:
– Վիտամին D-ն շատ է հետազոտվում ու անբավարարությունները հայտնաբերվում են, որոնք խորացնում են հիվանդությունների կլինիկական պատկերը: Մետֆորմին կամ Մետֆորմին պարունակող դեղորայքը կարող է ազդեցություն ունենալ վիտամին B12-ի վրա, դրա համար ժամանակ առ ժամանակ պետք է ստուգել:
– Հայերը միշտ պահածոներ են պատրաստում՝ մուրաբա, հյութեր: Դրանց օգտագործումից հետագայում կարո՞ղ է շաքարային դիաբետ առաջանալ:
– Եթե չկա նյութափոխանակության խնդիր, ավելորդ քաշ, չի կարող, բայց արդեն եղած դիաբետի դեպքում լավ չէ: Ստացիոնար բուժում ստացող պացիենտների շուրջը նայում ես՝ ամբողջը հյութեր են: Հարազատները հերթով գալիս են՝ մեկը տնական կոմպոտ է բերում, մյուսը՝ բնական հյութեր: Առաջին բանը, որ ասում եմ պացիենտին՝ հավաքե՛ք այս ամբողջ հյութերն ու ուղարկեք տուն: Դրանք ոչ վիտամինի աղբյուր կարող են լինել հիվանդի համար, ոչ էլ ծարավն են հագեցնելու:
Մանրամասները՝ տեսանյութում