Շահրամանյանի ստորագրած Արցախի լուծարման հրամանագրի շահառուն բացառապես Փաշինյանն է․ Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք ընդամենը մի ամիս առաջ ունեցանք հերթական ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ՝ տոտոալ շրջափակում, հետո էլ՝ Արցախի լիակատար հայաթափում։ Սրանից հետո մենք ի՞նչ խնդիր ունենք՝ միանալ սա մարսելու ադրբեջանական ջանքերի՞ն։ Այս պայմաններում դու խոսում ես «Խաղաղության խաչմերուկի» մասի՞ն։
  • Շահարկման առաջին հասցեն սեփական հանրությունն է, ում ասում են՝ «Ես չեմ հասկանում, դուք չե՞ք ուզում երկարաժամկետ խաղաղություն»։ Իսկ ո՞վ չի դա ուզում, բայց ինչպե՞ս ու ինչի՞ դիմաց։ Այսինքն՝ այդ խաղաղություն ասվածն ամեն գնո՞վ է։ Իսկ ո՞վ ասաց, որ քո վճարած գինը քո թշնամու համար բավարար է։

  • Խաղաղության դարաշրջան հռչակած իշխանությունն այս տարածաշրջանում բերել է ամենամեծ ավերը, աղետը։ Ո՞նց մեր ազգը չի հասկանում, որ ամենագեղեցիկ փաթեթավորումներով մեզ տանում են դեպի կործանում։
  • Եթե մենք հասել ենք բնականոն վիճակին, եթե դա պարտադրված կապիտուլյացիա չէ, այլ իրական խաղաղություն, ապա, իհարկե, բոլորի ճանապարհները բոլորի համար պետք է բացվեն։ Բայց դու էսօր հասե՞լ ես քաղաքական այդ գծին։ Դու առ այսօր գերիներ ունես ու նոր վերցված գերիներ ու պատանդներ։ Դու ի՞նչ հարց ես լուծել մինչև հիմա։ Դու այսօր թուրք–ադրբեջանական բացահայտ հարկադրանքի ներքո ես։
  • Փախստականների վերաբերյալ Ադրբեջանն ուներ մեզնից տարբերվող կեղծ թիվ, և տարիներ ի վեր Ադրբեջանը փորձում էր այդ թեման շահարկել։ 44–օրյա պատերազմից հետո մենք այդ հարցում ունենք էական տարբերություններ։ Իր կողմից գրավված տարածքներից՝ 7 շրջաններից նախկինում տեղահանված մարդիկ դադարում են լինել բռնի տեղահանված։ Այս իրավիճակում մեր փախստականների թիվը դառնում է շատ ավելի մեծ, քան իրենցն էր։ Ադրբեջանը, հասկանալով, որ սա իր համար խնդիր է, հարցը չէր բարձրացնի մինչև միջազգային հարթակներ։ Դա արել է միայն մեկ պատճառով, քանի որ ունեցել է լիակատար վստահություն, որ դիմացինը, այսինքն՝ հայկական կողմը չի հակադրվելու, չի ասելու՝ բա Ադրբեջանից բռնի տեղահանված մեր փախստականների՞ վերադարձը։ Այս պայմաններում Ադրբեջանը ստեղծում է լիակատար նոր փաթեթ՝ փախստականների վերադարձ Հայաստան, իրենց ասած՝ Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանն անգամ իր երազանքներում չի ունեցել այն, ինչին հասել է։ 
  • Թուրք-ադրբեջանական յուրաքանչյուր զորավարժությունից հետո ոչ բոլոր զորքերն ու զինտեխնիկան են վերադառնում իրենց մշտական տեղակայման վայր։ 
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը շատ յուրահատկություններ ունի։ Այնտեղ խոսվում է բոլոր կոմունիկացիաների մասին, բայց չգիտես ինչու, մեկ այլ ենթակետով հատուկ առանձնացրել են Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապը, որը պետք է վերահսկվի ռուսների կողմից։ Այդ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները։ Փաստաթղթի այդ կետը խեղաթյուրվում է բոլոր հնարավոր կողմերից, ու այդ ֆոնին վրա է հասնում Շուշիի հռչակագիրը։ Արձանագրենք, որ այդ փաստաթուղթը ստորագրող Հայաստանի ղեկավարը հետո սկսում է անկանոն շարժումներ անել իր իսկ ստորագրությունից։
  • Ալիևը դեմարշ է անում արևմտյան բանակցային հարթակը նախ՝ Գրանադայում, ապա՝ Բրյուսելում։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական շանտաժն աշխատում է։
  • Ալիևը հողի վրա ֆիքսել է, որ պետք չի հակադրվել ռուսական միջնորդությանը, համենայն դեպս, այս պահին։ Հիմա Ալիևը փորձում է մի կողմից՝ խուսանավել, մյուս կողմից՝ շանտաժով գին բարձրացնել։ Երբ այս շանտաժն աշխատում է, Եվրոպայում հայտնվում են տարբեր պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանին սիրաշահելու համար գնում են ու հանդիպում, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։
  • Անգամ ՍՊԸ-ն չի լուծարվում այնպես, ինչպես լուծարվեց Արցախի Հանրապետությունը։ Ադրբեջանն ուժի սպառնալիքով հասնում է այդ Շահրամանյանի հրամանագրին։ Այսինքն՝ Ադրբեջանն ընդունում է, որ այդ պետությունը կա։ Ադրբեջանը չի կարող հենվել այդ թղթի վրա, չի կարող հենվել նաև միջազգային հանրությունը։ Հետևաբար՝ ո՞վ է այդ թղթի հասցեատերը, որի համար Ադրբեջանն այդքան ջանք գործադրեց։ Այդ թղթի հասցեատերը միայն Հայաստանի գործող իշխանությունն է, ուրիշ ոչ մեկի այդ թուղթը պետք չէր։ Այդ թուղթը պետք էր Նիկոլ Փաշինյանին՝ արցախահայության ճակատագրի վերաբերյալ պատասխանատվությունն Արցախի գործող իշխանության վրա նետելու համար։ Եվ այս շահառուն՝ Նիկոլ Փաշինյանը, այդ թղթին հասել է Ադրբեջանի միջոցով։ Ադրբեջանը հարկադրանք է կիրառել Հայաստանի իշխանության համար։ 
  • Հիմա եթե Արցախի պետական ինստիտուտները չգործեն, դա միայն ծառայելու է Արցախի հարցը մեջտեղից իսպառ հանելու թուրք-ադրբեջանական նպատակներին։ 
  • Արևմուտքի համար շատ կարևոր է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի էջը փակվի, որ Ռուսաստանն այլևս առնչություն չունենա դրա հետ։ Արևմուտքի նպատակը խաղաղության պայմանագրում պետք է արտացոլի վիճակ, որտեղ ռուսական ներկայության քոքը կտրված է։ Սրանից հետո էջն այնպես պետք է փակել, որ որևէ մեկը կարգավիճակի, արցախցիների վերադարձի վերաբերյալ որևէ խոսք չբացի։ Սա Արևմուտքի նպատակն է։ Ռուսականի դեպքում աշխատում է հակառակ սկզբունքը՝ դուրս չգալ տարածաշրջանից, ամրապնդվել այստեղ։ Որ ռուս պաշտոնյային լսես, ասում են՝ Խաղաղության պայմանագրին պետք է հասնել՝ հիմքում ունենալով 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո եղած բոլոր եռակողմ պայմանավորվածությունները։ Սա է ռուսական մոտեցումները։ Այնպես որ, շատ մեծ կապ ունի՝ որ հարթակի ներքո են ընթանալու բանակցությունները։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանը չբավարարվեց դիվանագիտական բառակազմով, հարցը լուծեց հողի վրա։ Դրա արդյունքում ունենք իրավիճակ, որ արցախցին հազարամյակների կտրվածքով հեռացել է իր հողից։ Ադրբեջանը հասկանում է, որ վաղը չեն կարող գտնել Նիկոլ Փաշինյանի նման երկրորդին։ Դրա համար ժամ առաջ ուզում են ստանալ ամեն ինչ։
  • ՀՀ Սահմանադրության փոփոխությանը ձգտում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Երբ Փաշինյանի թիմը՝ գործող իշխանությունները՝ մերձիշխանական շրջանակների հետ միասին, կառավարման համակարգի մոդելի փաթեթավորմամբ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց, մենք մարդկանց բացատրում էինք, որ խնդիրը թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան Սահմանադրություն ունենալն է։
  • Մենք շատ խոցելի ենք՝ ստեղծված քաոսին չհակադրվելուց, սեփական կարմիր գծեր չունենալուց, աշխարհաքաղաքական վայրիվերումներից, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս