Հայաստանը կանգնած է ընտրության առջև. այդ հարցը գնալով ավելի սուր է դրվելու. քաղաքագետ

Թեհրանում այսօր մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել էր դեռևս 44-օրյա պատերազմից հետո։

Հանդիպմանը քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման և էներգետիկ ոլորտներում։

Ձևաչափի օրակարգային հարցերից է նաև տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայության ու միջամտության բացառման ուղղությամբ գործնական հարցերի քննարկումը:

Կարդացեք նաև

Նախատեսված է եղել, որ Թեհրանում կայացող հանդիպմանը պետք է ներկա լիներ նաև Վրաստանի արտգործնախարարը, սակայն, այդ երկրի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ նախարարը չի մեկնելու Թեհրան, քանի որ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել էր անցյալ տարի՝ Մոսկվայում, որին վրացական կողմը ևս չի մասնակցել:

Քաղաքագետ Արա Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այնպես էլ հիմա «3+3» ձևաչափով անցկացվող հանդիպումից ոչ միայն մեծ սպասելիքներ չունի, այլև հոռետես է:

Նրա խոսքով՝ թշնամու ուզածը շատ ավելին է, քան այժմ հնչում է մեր երկրի քաղաքական ու հանրային խոսույթում:

Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ նախատեսվող «խաղաղության պայմանագրի» կնքման մասին խոսակցություններին՝ Պողոսյանն այն համարեց անիրատեսական:

«Սա ակնհայտ է հատկապես այն ֆոնին, որ թշնամին, ի հավելում նախորդ պահանջներին, այս անգամ ևս ունի շատ հստակ պահանջներ. Արցախը մարսելուց հետո թշնամու պահանջներն այլևս շարունակվում են դեպի ՀՀ-ի 8 գյուղեր, և, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք»»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով Գրանադա չմեկնելուց հետո հանդիպումների նոր ձևաչափերին մասնակցելու ադրբեջանական կողմի ձգտմանը՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը ցանկանում է նոր հարթակներ ներմուծել դեպի քաղաքական ասպարեզ, մանևրել այդ հարթակների միջև ու ստանալ ավելին, քան ստացել է մինչև հիմա գործող հարթակներից:

Սա, Պողոսյանի խոսքով, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև արևմտյան հարթակներում տեղի ունենան նոր տրանսֆորմացիաներ:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, ֆրանսիական կողմի և ՀՀ ՊՆ-ի հետ, ռազմական մատակարարումների վերաբերյալ համաձայնագիր կնքելու երեկվա հայտարարությունից հետո, ադրբեջանական կողմը բավականին ծանր է տանում այդ լուրը, ինչն ակնհայտ երևում է թե՛ թշնամու տեղեկատվական-քարոզչական միջոցներում, թե՛ պաշտոնական հայտարարություններում:

Այս ֆոնին, ըստ Պողոսյանի, պատահական չէ նաև, որ Վրաստանի կողմից մերժված ու «3+3»-ից «3+2»-ի վերածված տարածաշրջանային հարթակում ներգրավված է նաև Թուրքիան: Սա, ըստ էության, այդ երկրին ևս հնարավորություն է տալիս ներգրավվելու տարածաշրջանային հարցերի մեջ, ինչն իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանը երկար ժամանակ մեծ ջանքեր էր գործադրում:

«Այս ձևաչափում արդեն իր մոտ ստացվում է Թուրքիային ևս բերել դեպի բանակցային գործընթաց ու է՛լ ավելի ամրացնել իր դիրքերը՝ բանակցային ձևաչափում: Այսպիսով, պարզ է, որ Ադրբեջանը փորձում է նոր հարթակի միջոցով ձևակերպել կամ վերաձևակերպել իր տեսլականը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ ու այս հարթակը ծառայեցնել իր նպատակներին՝ այնքան ժամանակ, որքան կարող է»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում է նաև Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ քննարկելու իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում գործակցության խթանման հարցեր:

Նաև այս ֆոնին, քաղաքագետ Արա Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ «3+3» ձևաչափում Թեհրանը փորձելու է վերաֆորմատավորել թուրք-ադրբեջանական պատկերացմամբ «միջանցքն» ու ստանալ պետությունների ինքնիշխանության ներքո գործող տրանսպորտային հանգույց, որը ձեռնտու է նաև Իրանին:

«Ենթադրելի է, որ Իրանն այս ժամանակահատվածում փորձելու է իր համար կառուցել Հայաստանի միջոցով դեպի Սև ծով գնացող է՛լ ավելի մոդեռնիզացված ու իր համար, կարծեք թե, կենսական նշանակություն ունեցող կապուղիներ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքն այս պահի դրությամբ «վառվող օջախ» է և տրանսպորտային հանգույցների, այս պահի դրությամբ, ամենաապահով երթուղին Հարավային Կովկասից Սև ծովով դեպի Եվրոպա ճանապարհն է»,- պարզաբանեց քաղաքագետը:

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «3+3»-ը՝ տարածաշրջանում հնարավոր լարումները զսպելու կամ հետաձգելու գործընթացի վրա՝ հարցին, նա պատասխանեց, որ առնվազն առաջիկայում այս հարցում հարթակը կենսունակ լինել չի կարող՝ մի քանի պատճառով:

«Այստեղ կան հակադիր շահեր: Թեպետ ցույց է տրվում, որ պարբերաբար հանդիպումներ ու բանակցություններ են տեղի ունենում նաև Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, բայց այս հարցում լիակատար կոնսենսուս լինել չի կարող: Ճիշտ այնպես, ինչպես կոնսենսուս չկար Արցախի հարցում՝ գերտերությունների միջև:

Նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան ակտիվանում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի տեսքով, ու դա գնում է այնքան հեռու, որ կնքվում են ռազմատեխնիկական գործակցության, զենքի առքուվաճառքի մասին պայմանագրեր, նշանակում է, որ սրանով տեղի են ունենում նաև գեոպոլիտիկ որոշակի փոփոխություններ՝ Հարավային Կովկասում՝ չնայած Իրանի կողմից դրա անթույլատրելիության մասին հայտարարություններին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այս համատեքստում Թեհրանյան հանդիպումն առավելապես ունի կողմերի դիրքորոշումների ու հնարավոր հետագա գործակցության ճշտման բնույթ և որևէ էական փոփոխություն ակնկալել պետք չէ:

Իսկ տարածաշրջանում Արևմտյան ուժերի ներկայության պարագայում առաջացող գեոպոլիտիկ փոփոխությունների ֆոնին, ըստ քաղաքագետի, Հայաստանը, ի վերջո, ստիպված կլինի հստակ որոշում կայացնելու Արևմուտքի ու Իրանի հետ հարաբերությունների գերադասման հարցում: Այս առումով, Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ այս պահի դրությամբ, ՀՀ իշխանությունների դիվանագիտական ու քաղաքական վարքագիծը միաժամանակ անընդունելի է բոլոր կողմերի համար:

«ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն այն աստիճան տարերային, էպիզոդիկ ու ռեակտիվ է, որ դժվար է անգամ հասկանալ, թե ՀՀ այսօրվա իշխանություններն ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան: Ե՛վ Իրանը, և՛ Արևմուտքը պարբերաբար զգուշացնում են Հայաստանին, որ պետք է, ի վերջո, կատարի իր ընտրությունը: Ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ Հայաստանը, ուզի թե չուզի, ընտրության առջև է կանգնած: Ընդ որում, այդ հարցը գնալով ավելի սուր է դրվելու:

Մի բան է, երբ խաղաղության պայմաններում են փորձում իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մեկ այլ բան է, երբ դու գտնվում ես եռացող կաթսայի էպիկենտրոնում և փորձում ես ինչ-որ խաղեր խաղալ տարբեր կենտրոնների հետ: Ցանկացած արտաքին դերակատար պահանջելու է հստակեցում, հակառակ պարագայում պարզապես անիմաստ կլինի խոսել որևէ օգնության ու աջակցության մասին»,- վստահեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս