Հարց բժշկին. պարբերաբար հետազոտվելը և սքրինինգային ծրագրերին մասնակցելը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարն է

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում կրծքագեղձի վիրաբույժ Ներսես Բերբերյանի հետ անդրադարձել ենք կրծքագեղձի քաղցկեղին, հիվանդության կլինիկական նշաններին, առաջացման հիմնական պատճառներին և հիվանդության կանխարգելման աշխատանքներին:

Ըստ բժիշկ Բերբերյանի՝ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ընդհանուր չարորակ նորագոյացությունների շարքում ամենաշատ հանդիպող տեսակն է և ժամանակին չբուժվելու դեպքում կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:

«Ցավոք սրտի, Հայաստանում շատերը կրծքագեղձի նորագոյացությունը հայտնաբերում են այն փուլում, երբ այն տեսանելի կամ շոշափելի է դառնում: Եվ եթե այն նույնիսկ շատ փոքրիկ է, արդեն կարելի է ենթադրել, որ այն կարելի էր հայտնաբերել ավելի վաղ, պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների արդյունքում»,-ասաց ուռուցքաբանը:

Բժիշկների պնդմամբ՝ մինչև 40 տարեկանը կանայք տարին մեկ կամ երկու անգամ պետք է անցնեն կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն՝ անկախ գանգատներից։ 40 տարեկանից հետո ամեն տարի անհրաժեշտ է անցնել մամոգրաֆիական պրոֆիլակտիկ հետազոտություն։

«Միայն այդպես կարելի է կանխել հնարավոր լուրջ խնդիրների զարգացումը։ Քաղցկեղը հաղթահարելի է, ընդամենը պետք է չվախենալ և պարբերաբար հետազոտվել։ Առաջին փուլում հայտնաբերված քաղցկեղը ենթակա է լիարժեք բուժման՝ հաճախ խուսափելով քիմիոթերապիայից։ Պարբերաբար անցկացվող պրոֆիլակտիկ մամոգրաֆիաները մեզ հնարավորություն են տալիս հայտնաբերելու ուռուցքը հենց առաջին փուլում»,- ասաց Ներսես Բերբերյանը:

Անդրադառնալով Breast Care նախագծին՝ մասնագետը նշեց, որ այն զբաղվում է կրծքագեղձի հետ կապված բոլոր խնդիրներով, իր շուրջ համախմբելով տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին։

«Նախագիծը ղեկավարում եմ ես, և այն ստեղծել ենք նպատակով, որ կինը նախագծի շրջանակներում կարողանա կրծքագեղձի հետ կապված ցանկացած խնդրի շուրջ աջակցություն ստանալ՝ սկսած պրոֆիլակտիկ սքրինինգ զննումներից վերջացրած բարդ օնկոպլաստիկ վիրահատություններից, ինչպես նաև քաղցկեղի հայտնաբերման դեպքում ճիշտ ախտորոշում և բուժման պլանավորում»,-ասաց նա:

Ըստ մասնագետի՝ Breast Care սքրինինգային ծրագրին մասնակցելով՝ քաղաքացիները ապահովագրվում են ուշացած փուլերում քաղցկեղ հայտնաբերելուց։

Ո՞ր կլինիկական նշանները կարող են հուշել կրծքագեղձի քաղցկեղ ունենալու մասին, եթե կրծքում առկա է կիստա, որքանո՞վ է ռիսկը մեծ, որ այն կարող է վերափոխվել ուռուցքի: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Տեսանյութեր

Լրահոս