«Հայաստանի ու Արցախի իշխանությունների կարծիքները տարբեր են. խնդիրներին պետական մոտեցում չկա». Արցախից բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերից շատ քիչ տոկոսն է կարողացել լուծել բնակարանի խնդիրները, մեծ մասը շարունակում է մնալ հյուրանոցներում, ծանոթ-բարեկամի տանը, գյուղերում՝ ժամանակավոր կացարաններում։ Շատերի առօրյա հոգսերը լուծում են կազմակերպություններն ու անհատները։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ, Արցախից բռնի տեղահանված Մարտին Եսայանի կարծիքով՝ անհատները, իհարկե, կարող են մի քանի ամիս օգնել բռնի տեղահանված արցախահայությանը, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ է սպասվում այդ մարդկանց մի քանի ամիս հետո։
«Տեսնում ենք, որ խնդիրներին պետական ու համակարգային մոտեցում չկա։ Հայաստանի իշխանությունը թող դուրս գա ժողովրդի մեջ, խոսի, հասկանան՝ ինչ քայլ պետք է անի, այս մարդիկ ամեն ինչ են կորցրել՝ հայրենիքից մինչև առօրյա հագուստ, ոչինչ չունեն։
Օրինակ, ես տեղ գիտեմ, որ մարդկանց օրը երկու անգամ սնունդ էին տալիս՝ բայց երեկ ծանոթներիցս մեկն ասաց, որ իրենց ասել են, որ նոյեմբերի 10-ից այլևս չեն կարողանալու սնունդ ապահովեն, քանի որ իրենց ռեսուրսներն արդեն ավարտվում են։ Հիմա այդ անհատն այլևս չի կարողանալու, երկու ամիս արել է, այլևս գումար չունի անելու, դա պետք է արդեն անի պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը։
Ըստ նրա, 100 հազար դրամով բռնի տեղահանված արցախցին չի կարողանում հարց կարգավորել, եթե Հայաստանում տան վարձերը սկսվում են, լավագույն դեպքում, 150 հազար դրամից, ապա մարդը, որ ստանում է 100 հազար դրամ, տան վա՞րձ տա, սնո՞ւնդ գնի, թե՞ այլ կարիքներ հոգա։
«Թող հավաքեն խելացի մարդկանց, իրենք լուծումներ կառաջարկեն, եթե իշխանությունը չգիտի խնդիրների լուծումը, ապա խելացի մարդիկ գիտեն, կառաջարկեն այդ լուծումները, իրենք էլ թող իրականացնեն։ Հավատացեք, եթե բռնի տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ չտան, արցախահայության ինքնությունն առհասարակ կվտանգվի։ Վստահ եմ, որ բռնի տեղահանված արցախահայության մեծ մասն այս պայմաններում չի մնալու Հայաստանում՝ կգնան այլ երկրներ։
Գիտեմ դեպք, որ Մարտակերտից մարդիկ դիմել են Ստավրոպոլի երկրամասի պատգամավորներին, որպեսզի իրենց համար տեղ հատկացնեն՝ կարողանան որոշ քանակի մարտակերտցիներով գնան ու այնտեղ ապրեն։ Կրկնում եմ, եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա Հայաստանում կարող է մնան 10 հազարից մի քիչ ավելի արցախցիներ»,- շեշտեց Մարտին Եսայանը։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ արցախցիներին ուղղորդում են գնալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որպեսզի այնտեղից պահանջեն իրենց հարցերի լուծումը, Մարտին Եսայանը նկատեց՝ Արցախը՝ Արցախի իշխանությունը չի հանձնել ու մարդկանց թողել անտուն, այլ ՀՀ իշխանությունը։
«Հայաստանի ու Արցախի իշխանությունների կարծիքները տարբեր են։ Կամ ենթադրենք՝ Արցախի իշխանությունն է մեղավոր, բայց չէ՞ որ մենք հայ ենք, ու հիմա գտնվում ենք մայր Հայաստանում, այստեղի իշխանությունն իր ժողովրդին պետք է թողնի անտե՞ր»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի պետական համակարգում աշխատող մարդկանց աշխատավարձերին, Մարտին Եսայանն ասաց, որ իր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձերը չեն տվել։
«Մի քանի հազար մարդ իրենց այդ աշխատավարձերին է սպասում, մինչև այս պահը կոնկրետ ես իմ աշխատավարձը չեմ ստացել, սպասենք՝ տեսնենք ինչ կլինի»,- եզրափակեց Մարտին Եսայանը։