Փաշինյանը չընդունե՞ց Պուտինի հրավերը․ ի՞նչ կորոշվի հոկտեմբերի վերջին Բրյուսելում

Մինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվում են պատերազմները, Ջո Բայդենը կոչ է անում սատարել Ուկրաինային և Իսրայելին, փորձագետներն արձանագրում՝ մեկնարկում է Երրորդ համաշխարհային պատերազմը, Հարավային Կովկասն ապրում է իր ավանդական խնդիրների ու Արևմուտք-ՌԴ առճակատման տրամաբանության շրջանակում։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ «Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հայտարարությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերոնշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Ըստ էության Փաշինյանի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հակամարտությունը կարգավորելու համար։ «Օրակարգը խաղաղության պայմանագիր նախապատրաստելն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը»,- ընդգծել էր Պուտինը՝ շարունակելով, որ ռուսական կողմը պատրաստ է գործընկերներին այս հարցում աջակցություն ցուցաբերել։ «Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով։ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների միջև բանակցություններ կսկսվեն»,- ասել էր Պուտինը։

Իր հերթին՝ Իլհամ Ալիևն այսօր վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հաղորդվում է, որ Ջոշուա Հեքն այս ամիս տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Թուրքիայում, Հայաստանում և Վրաստանում։ Ավելի վաղ Ալիևը Գրանադայում ծրագրված հանդիպումն անհասկանալի ձևաչափով հանդիպում էր որակել, նա նաև առաջարկել էր ընդունել միջնորդության Թբիլիսիի հրավերը։

Բանն այն է փաստորեն, որ ներկայումս, դատելով Փաշինյանի ու Ալիևի վերջին պաշտոնական հայտարարություններից, Փաշինյանը նախընտրում է բանակցային արևմտյան հարթակը, չընդունելով Պուտինի հրավերը։ Արևմուտքում, նրա խոսքով, արդեն իսկ կա հստակորեն ուրվագծված ճանապարհային քարտեզ, իսկ Իլհամ Ալիևը՝ ռուսական հարթակը, երախտագիտությամբ ընդունելով ռուսական միջնորդությունը։ Օրերս ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ միջնորդությունն իրենք երախտագիտությամբ են ընդունում, քանի որ Ռուսաստանն իրենց հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։

«Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», – ասել էր Ալիևը։

Հոկտեմբերի 6-ին Գրանադայում նախատեսվող հնգակողմ բանակցությունների տապալման ֆոնին ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ հավատում է դիվանագիտությանը, հավատում է քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ Փաշինյանին և Ալիևին, կհրավիրի մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսել՝ հանդիպման։ Օրերս ռեգիոնում էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով իր X-ի էջում գրել էր.

«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»։

Մեզ հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ աշխարհը գտնվում է նոր դրամատիկ զարգացումների շեմին, աշխարհաքաղաքական ընդհանուր լարումն ուժեղանում է, և կողմերը փորձում են օգտվել տարածաշրջանի վրա այդ իրավիճակի ազդեցությունից։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Արևմուտքը լուրջ պայքար է մղում Հարավային Կովկասում հաստատվելու, հակամարտությունները իբրև թե լուծելու և Ռուսաստանին դուրս մղելու համար։

«Պարզամիտ խաղադրույքն այն է, որ եթե չլինեն հակամարտություններ, ռեգիոնում չի լինի նաև Ռուսաստանը։ Սակայն, ինչպես ասացի, սա Ռուսաստանի ազդեցության ամենապարզ մեկնաբանությունն է, առավել ևս պատերազմների այս ժամանակաշրջանում բարդ է պատկերացնել, որ հակամարտությունները լուծվելու են այն արագությամբ, ինչ Արևմուտքում պատկերացնում են։ Ամեն դեպքում Ադրբեջանը, Ղարաբաղի համար մեծ պատերազմից հետո հագուրդ չտալով իր ախորժակին, անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշել ու քաշում, իսկ Արևմուտքն առաջարկում է արագ լուծումներ տալ այս նորանոր պահանջներին, ինչն ըստ էության մեծ ցանկության դեպքում նույնիսկ չի հաջողվում անել։

Կարծում եմ՝ Մոսկվայում թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանն արագորեն չեն ստորագրելու փաստաթուղթ, թեև Ռուսաստանում բանակցելը, ըստ իս, կողմերի համար ավելի ձեռնտու է։ Սակայն, ինչպես երևում է, Փաշինյանը Մոսկվա չի գնալու, իսկ Ալիևը՝ Արևմուտք»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա չի բացառում, որ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունենա, քանի որ Ալիևը չի կարող մերժել Արևմուտքի բոլոր նախաձեռնությունները, սակայն դրան կհաջորդի ռուսական հստակ հանդիպման առաջարկ։

«Ըստ իս, եթե ադրբեջանական կողմը հաստատակամություն ցուցաբերի բանակցային հարթակի հարցում, հայկական կողմը կհամաձայնի բանակցել Մոսկվայում, բայց սա ևս կախված է շատ հանգամանքներից։ Այսօր այլևս գործընթացի նկատմամբ ազդեցություն միայն Փաշինյանն ու Ալիևը չէ, որ ունեն, այն միջազգայնացել է հարակից բոլոր զարգացումների հետևանքով և այնքան արագ ու անկանխատեսելի է, որ այս պահին հնարավոր է թե իրավիճակի էսկալացիա, թե բանակցություններ և Մոսկվայում, և Բրյուսելում։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբ գործընթացները չունեն վեկտորներ, տարերային են և իրավիճակային»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս